ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի նորակոչիկ զինծառայողները երդվեցին (տեսանյութ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի ունեցավ նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը, Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, Սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Արման Գասպարյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներ և այլք:
Հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյուններով։ Արարողության ընթացքում անցկացվեց հանդիսավոր շքերթ, և նորակոչիկները կատարեցին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրհներգը:
Զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի ունեցավ խորհրդանշական միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը՝ երդման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներն ընթերցեցին զինվորական երդման տեքստը, հրամանատարների և ծնողների առաջ երդվեցին անմնացորդ նվիրումով, հպարտությամբ և անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պատվով պաշտպանել երկրի սահմանները, անվերապահորեն կատարել վերադասի հրամանները` հավաստիացնելով, որ ամեն ինչ անելու են պետական սահմանի անվտանգությունն ապահովելու համար:
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, հիշարժան օրվա կապակցությամբ շնորհավորելով նորակոչիկ զինծառայողներին, նրանց մաղթեց խաղաղ և անվտանգ ծառայություն.
«Շնորհավորում եմ ձեզ այս առանձնահատուկ նշանակություն և խորհուրդ ունեցող օրվա կապակցությամբ, ցանկանում եմ առողջություն, ամուր կամք, անամպ երկինք, բարի ծառայություն և բարի վերադարձ ձեր օջախներ։ Միաժամանակ կոչ եմ անում կարգապահությամբ և զինվորական գիտելիքների ու հմտությունների ուսուցման մեջ գերազանցել միմյանց և պատվով կրել սահմանապահի վեհ անունը»։
Սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողները ցուցադրեցին մարտավարական հնարքներ, իսկ կինոլոգիական կենտրոնը՝ ծառայողական շներով վարժաձևեր։