20 դեկտեմբերի 2022

Ազգային անվտանգության մարմինների ծառայողները նշեցին իրենց մասնագիտական տոնը (տեսանյութ, լուսանկարներ)

Ազգային անվտանգության մարմինների ծառայողները նշեցին իրենց մասնագիտական տոնը (տեսանյութ, լուսանկարներ)

Դեկտեմբերի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ Հայաստանի անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բացման խոսքով հանդես եկավ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանը, ով շնորհավորեց ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ և ներկայացրեց 2022 թվականի ընթացքում կատարած աշխատանքի առավել նշանակալի արդյունքները։

«Աշխարհաքաղաքական ներկայիս դիմակայության և մեր տարածաշրջանում ծավալվող զարգացումների ընդհանուր խորապատկերում Ազգային անվտանգության ծառայության կողմից իր առջև դրված խնդիրների իրագործման շրջանակներում արձանագրվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության արտաքին սպառնալիքների տիրույթում նոր զարգացումներ, վտանգներ և դրանց տարատեսակ դրսևորումներ, որոնց ժամանակին բացահայտման, գնահատման, հակազդման և չեզոքացման ուղղությամբ Ծառայության կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր», - ասաց Ա․ Աբազյանը:

ԱԱԾ տնօրենը իր ելույթում նշեց, որ հատուկ ուշադրության կենտրոնում են պահվում 2022 թվականի ընթացքում «Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով» միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների համակարգումը, որը փոխանցվել է Ազգային անվտանգության ծառայությանը, ինչի շրջանակներում ձևավորվել է նոր հանձնաժողով և դրան կից աշխատանքային խումբ:

«Հանձնաժողովն արդեն հրավիրել է նիստեր և ձեռնամուխ է եղել այս ոլորտում տարբեր գերատեսչությունների աշխատանքների համակարգմանը: Կազմակերպվել են մի շարք հանդիպումներ գերեվարված և անհայտ կորած անձանց ծնողների հետ, որի ընթացքում քննարկվել են վերջիններիս կողմից բարձրացված հարցերը և հանձնաժողովի անդամներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ», - ասաց Արմեն Աբազյանը:

Ամփոփելով 2022թ․ ընթացքում Ազգային անվտանգության մարմինների հիմնական ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները՝ Ա․ Աբազյանը փաստեց, որ դեռևս առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնց ուղղությամբ ԱԱԾ-ի կողմից իրականացվում են ամենօրյա հետևողական աշխատանքներ՝ դրանք վերացնելու ուղղությամբ:

«Հավաստիացնում եմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը տիրապետում է երկրում տիրող օպերատիվ իրավիճակին և հետևողական շարունակելու է ապահովել անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, ինչպես նաև չեզոքացնելու է պետության ներքին և արտաքին անվտանգության սպառնալիքները»,- ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենը:

Մասնագիտական տոնի կապակցությամբ անվտանգության մարմինների աշխատակիցներին շնորհավորեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով բարձր գնահատելով Ազգային անվտանգության ծառայության աշխատանքն ու նվիրվածությունը, նշեց․ «Ազգային անվտանգության ծառայությունն այն մարմինն է, որի աշխատանքի ծավալը և արդյունավետությունը ոչ բոլորին է տեսանելի և տեղեկատվությունը հասանելի, դա Ծառայության առանձնահատկություններից է և սա ես ընդգծում եմ նրա համար, որ գնահատում եմ ԱԱԾ-ի նվիրված աշխատանքը։ Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն հիմնասյուներից է՝ մի մարմին, պետական կառավարման մի համակարգ, որը պարտավոր է լինել ամենապետականամետը և մյուս կողմից, մի մարմին, որը տիրապետում է երկրում և նրա շուրջ առկա բոլոր խնդիրների մասին ամբողջական տեղեկատվությանը։ Քանի դեռ մեր երկրի անվտանգության բոլոր մարտահրավերները հասցեագրված չեն՝ դա նշանակում է, որ մեր բոլորի աշխատանքը բավարար չափով արդյունավետ չեմ կարող համարել, որովհետև մենք առնչվում ենք ոչ սովորական մարտահրավերների»:

Մասնագիտական տոնի առթիվ ՀՀ վարչապետի կողմից ԱԱԾ մի շարք աշխատակիցներ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար արժանացան պետական պարգևների, շնորհակալագրերի և հուշամեդալների:

ԱԱԾ օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ, գնդապետ Կարեն Ղարիբյանին շնորհվեց գեներալ-մայորի զինվորական կոչում:

ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանին շնորհվեց գեներալ-մայորի զինվորական կոչում:

Իրավագիտության զարգացման, իրավակարգի եւ օրինականության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար ԱԱԾ տնօրենի խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանին շնորհվեց ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում։

Օրվա խորհրդին համահունչ՝ ՀՀ ԱԱԾ տնօրենը, տեղակալները, դեպարտամենտի ղեկավարները և ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարը հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելիս զոհված և հերոսացած սահմանապահների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթողներին: