14 հունիսի 2020

Բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների հասնող վնասի պատճառման դեպքեր    

Բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների հասնող վնասի պատճառման դեպքեր      

 ՀՀ ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են առանց հատուկ թույլտվության /լիցենզիայի/ լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում, ինչպես նաև խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքեր:

  Մասնավորապես՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում 2010 թ. դեկտեմբերի 29-ին գրանցված «Օնիրա Քլաբ» ՍՊ ընկերության իրավասու անձինք, գիտակցելով 2013 թվականի դեկտեմբերի 28-ին ընդունված «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության «ա», «բ», «գ» ենթակետերի ուժով 2014 թվականի հունվարի 1-ից հետո խաղատուն և /կամ/ շահումով մեքենայացված խաղ և /կամ/ անմիջականորեն /խաղասրահի միջոցով/ ինտերնետ շահումով խաղ բացառապես կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված հեռավորությամբ՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան, Սյունիքի մարզի Մեղրի համայնքների վարչական սահմաններում, Երևան քաղաքի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում կազմակերպելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված վայրերում և չափանիշներին համապատասխան գործունեություն իրականացնելու հնարավորության հանգամանքի մասին, արտոնյալ պայմաններով գործունեությունը նույն վայրում շարունակելու, շահումով խաղերի բնագավառում մենաշնորհային դիրք զբաղեցնելու և ՀՀ կառավարությանը խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, թաքցնելով իրական փաստերը, խաբեության եղանակով՝ մինչ այդ «Օնիրա Քլաբ» ՍՊ ընկերության և նրա հիմնադիրների ու մասնակիցների կողմից կառուցված և 2011թ. հունվարի 19-ին ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում պետական գրանցում ստացած ընդհանուր 13.377  հա մակերեսով ժամանցի վայրերը, ինչպես նաև արդեն իսկ գործող «Շանգրի Լա» խաղատունը, ներկայացնելով որպես վերը նշված ծրագրի շրջանակներում 61.146.139.340 ՀՀ դրամի ներդրման արդյունքում կառուցված շինություններ և 500 աշխատատեղով բացված ժամանցի վայրեր, մոլորության մեջ են գցել պատկան մարմիններին, ինչի արդյունքում ծրագիրն ստացել է ՀՀ կառավարության հավանությունը և 2013 թ. դեկտեմբերի 26-ի 1477-Ա որոշմամբ թույլատրվել է նույն վայրում շարունակել գործունեությունը, որի հետևանքով պետությունը զրկվել է փաստացի առանձնապես խոշոր չափերի՝ 40 միլիարդ ՀՀ դրամի չափով ներդրում ստանալու հնարավորությունից:

  Այնուհետև, «Օնիրա Քլաբ» ՍՊ ընկերության իրավասու անձինք, օգտվելով խաբեության արդյունքում ՀՀ կառավարության կողմից ընձեռնված հնարավորությունից, 2013 թ. դեկտեմբերի 27-ին ստացել են ՀՀ Կոտայքի մարզի գյուղ Վերին Պտղնի, Երևան-Աբովյան խճուղի թիվ 5 հասցեում գտնվող հանգստի և ժամանցի կենտրոնում, շահումով խաղերի, խաղատների գործունեություն իրականացնելու վերաբերյալ ԽՏ-001 լիցենզիան, որից հետո, անտեսելով շահումով խաղերի, խաղատների գործունեությունը խաղատան կամ շահումով խաղերի կազմակերպման գործունեությունը միայն լիցենզիայում նշված վայրում  /հասցեում/ կազմակերպելու մասին «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի պահանջները, խախտելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ կետի 14.3. ենթակետի, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի պահանջները, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դիտավորությամբ նույն տարածքի մեկ այլ վայրում, ստացված լիցենզիայի անվան տակ՝ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի), 2014 թվականից 2020 թվականներն ընկած ժամանակահատվածում իրականացրել են խաղատան և շահումով խաղերի կազմակերպման լիցենզավորման ենթակա գործունեություն, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս:

  Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թվականի հունիսի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, նրանց արարքին քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասը հատուցելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: