Է. Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՀ ԱԱԾ մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր նիստին
Դեկտեմբերի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Այցի ընթացքում Է. Մարտիրոսյանին ընդունել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը: Քննարկվել են հայկական երկու պետությունների անվտանգությանն առնչվող, ինչպես նաև ՀՀ և ԱՀ ԱԱԾ կառույցների փոխհամագործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Է. Մարտիրոսյանը մասնակցել է նաև ԱՀ ազգային անվտանգության ծառայության մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր նիստին, որին ներկա է եղել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը:
Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով ԱՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին՝ Է. Մարտիրոսյանն իր ելույթում նշել է. «Արցախի պետականության հիմքերի, սահմանադրական կարգի և անվտանգության պահապանը մեր ողջ ժողովուրդն է, բայց առաջին հերթին և առաջին շարքերում դուք եք, հարգելի գործընկերներ: Համոզված եմ, որ ձեր մասնագիտական բարձր որակները, հմտություններն ու կարողություններն այսուհետև ևս ծառայեցնելու եք առկա վտանգները չեզոքացնելու գործին, ինչը հաջողությամբ արել եք տասնամյակներ շարունակ: ՀՀ և ԱՀ անվտանգային մարտահրավերներն անբաժանելի են միմյանցից, և մենք անելու ենք մեզանից կախված հնարավորն այդ անբաժանելի անվտանգությունն ամենաբարձր մակարդակով ապահովելու համար»:
Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների, ինչպես նաև մասնագիտական տոնի առթիվ Է. Մարտիրոսյանի հրամաններով ԱՀ ԱԱԾ ղեկավարը, տեղակալաները և մի շարք ծառայողներ պարգևատրվել են մեդալներով, կրծքանշանով և արժեքավոր նվերով: