ՀՔԾ-ն հասցրել է ոչ միայն կազմավորվել իբրև կառույց, այլև որոշակի հաջողություններ արձանագրել. Է. Մարտիրոսյան
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության կազմավորման 12-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
ՀՔԾ-ի կազմավորման 12-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն իր շնորհավորական ուղերձն է փոխանցել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանին, որում, մասնավորապես նշված է, որ անցած 12 տարիները Հայատանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության համար եղել են հիմնադրման և կայացման տարիներ: Այս ընթացքում ՀՔԾ-ն հասցրել է ոչ միայն կազմավորվել իբրև կառույց, այլև` որոշակի հաջողություններ արձանագրել:
«Մենք ապրում ենք դինամիկ փոփոխություններ գրանցող աշխարհում և արմատական, հեղափոխական բարեփոխումներ իրականացնող նոր Հայաստանում: Այս իրողությունը նոր, բարդ, բայց նաև պատվաբեր մարտահրավեր է մեր երկրի բոլոր պետական կառույցների, մանավանդ իրավապահ մարմինների համար: Ժամանակակից գլոբալացող և տեխնոլոգիական աշխարհն իր հերթին երբեմն փոխում է հանցագործությունների բնույթը, տեսակը և մեթոդները՝ բարդացնելով հանցագործությունների հետաքննությունն ու բացահայտումը: Նոր իրականությունը ենթադրում է, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմինները պետք է կարողանան հանձնել ժամանակի քննությունը: Համոզված եմ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այդ քննությունը կհանձնի պատվով: Հավաստիացնում եմ Ձեզ, որ այսուհետ ևս ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պատրաստ է Հատուկ քննչական ծառայության հետ համագործակցել ամենասերտ կերպով՝ ի շահ մեր երկրում օրինականության մակարդակի բարձրացման», - նշված է Էդուարդ Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձում:
Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար Էդուարդ Մարտիրոսյանի հրամանով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է «ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» կրծքանշանով, քննչական ծառայության երեք աշխատակից՝ «Անվտանգության մարմինների 100-ամյակ»-ի հոբելյանական մեդալով և մեկ պատվոգրով: