ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին ներկայացրեց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին։
«Պարոն Մարտիրոսյանն իր ողջ աշխատանքային գործունեությունը ծավալել է ԱԱԾ-ում: Եթե չեմ սխալվում որևէ այլ տեղ չի աշխատել: Սա շատ կարևոր արձանագրում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետն իր ելույթում նշեց, որ իր գնահատմամբ ԱԱԾ-ն կայացած ինստիտուտ է.«Մենք պայմանավորվել ենք, որ մեր ամբիցիաները գնալով ավելի մեծանալու են: Մեր հիմնական խնդիրը պետք է լինի նրա պրոֆեսիոնալ մակարդակի շարունակական բարձրացումը»:
Էդուարդ Մարտիրոսյանն իր ելույթում շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին՝ ասաց, որ իր համար մեծ պատիվ է ղեկավարել մի կառույց, որտեղ 20 տարուց ավելի ծառայում է. «Հավաստիացնում եմ, որ ԱԱԾ մարմիններն օժտված են բարձր պրոֆեսիոնալիզմով, փորձառու ծառայողներով և հայրենիքին նվիրված անձանցով: Ես Ձեզ կարող եմ հավաստիացնել, որ կլուծենք այն բոլոր խնդիրները, որպեսզի ապահովենք մեր երկրի կայունությունը, ժողովրդի բարօրությունը, ՀՀ և Արցախի անվտանգության ապահովումը և մեր ազգի միասնությունը»: