Արցախի Հանրապետության տարածքում կանխվել է ԻԻՀ-ից 4,2կգ ընդհանուր քաշով թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպք
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից կազմակերպված օպերատիվ միջոցառումների արդյունքում, հայ-իրանական սահմանի տեղամասում կանխվել է Արցախի Հանրապետության տարածքում ԻԻՀ-ից 4,2կգ ընդհանուր քաշով թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպք։
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ 2 քաղաքացի ավտոմեքենայով` առանց համապատասխան անցագրի, մուտք են գործել Արցախի Հանրապետության տարածքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության տակ գտնվող հայ-իրանական սահմանի տեղամաս, սակայն նկատելով ՍԶ սահմանապահներին` դիմել են փախուստի: Իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում վերջիններս հայտնաբերվել և պարզաբանումների նպատակով ուղեկցվել են մոտակա սահմանապահ ուղեկալի տարածք:
Արդյունքում, նշյալ ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթավորմամբ 0,6 կգ քաշով բյուրեղանման նյութ, իսկ ավտոմեքենայի շարժման հետագծին հարող տեղանքում` պոլիէթիլենային փաթեթավորմամբ 1,6 կգ քաշով նույնպիսի զանգված և 2 կգ քաշով մուգ շագանակագույն մածուցիկ նյութ: Վերոնշյալ անձինք հայտնել են, որ բյուրեղանման նյութը «մետամֆետամին», իսկ շագանակագույնը` «ափիոն» տեսակի թմրամիջոցներ են, որոնք պետք է տեղափոխեին Երևան քաղաք:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և այն օրենքով սահմանված կարգով փոխանցվել է Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին՝ նախաքննություն կատարելու նպատակով նշված անձանց առաջադրված է մեղադրանք և որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: