21 հունիսի 2019

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 2001 թվականից միջազգային հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացին

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 2001 թվականից միջազգային հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հայտնաբերվել է դեռևս 2001 թվականից միջազգային հետախուզման մեջ գտնվող ՀՀ 56-ամյա քաղաքացին:

Դեռևս 2000 թվականի դեկտեմբերից մինչև 2001 թվականի հոկտեմբեր ամիսը ՀՀ տարածքում գործել է 9 անձից բաղկացած կայուն զինված խումբ՝ բանդա, որը պարբերաբար հարձակվելով տարադրամի փոխանակման կետերի, բենզալցակայանների և խանութների վրա, սպանության սպառնալիքով, ինչպես նաև սպանություն կատարելով՝ տարբեր չափի գումարներ է հափշտակել ու դիմել փախուստի: Իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում բանդան վնասազերծվել է, իսկ նույն քրեական գործով դատարանի կայացրած դատավճռով 5 անձ դատապարտվել է ազատազրկման, 4-ը՝ դիմել են փախուստի, նրանցից մեկը հայտնաբերվել է 2009 թվականին, իսկ երեքի մասով գործը կասեցվել է՝ հայտարարվել է միջազգային հետախուզում:

Օրեր առաջ, ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ վերոնշյալ 3 անձանցից 1-ը` նախկինում մի քանի անգամ դատապարտված Տ.Խ-ն օգտագործելով այլ` հոգեկան խնդիրներ ունեցող անձի կենսորոշիչ տվյալները, կեղծել է անձնագրի լուսանկարը, հետագայում կեղծված փաստաթղթի հիման վրա ստացել ուկրաինական անձնագիր, որով ազատ ելումուտ է արել Հայաստանի Հանրապետության տարածք:

2019 թվականի հունիսի 21-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում միջազգային հետախուզման մեջ գտնվող՝ վերը նշված բանդայի անդամը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ԱԱԾ վարչական շենք:

 

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համար­վում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատա­վարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: