Խորանում է համագործակցությունը Մեծ Բրիտանիայի և Հայաստանի իրավապահ մարմինների միջև
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:
Ողջունելով դեսպանին՝ տնօրենը հույս հայտնեց, որ ճանչողական այցի շրջանակում ավելի կամրապնդվի համակարգի և դեսպանության հետ համագործակցությունը՝ ի նպաստ երկու երկրների:
Անդրադառնալով վերջին շրջանում Հայաստանում տիրող իրավիճակին և փոփոխություններին՝ Ա. Վանեցյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ տարվող պայքարը նոր կառավարությունում առաջնային տեղ է զբաղեցնում և տարվող աշխատանքների արդյունքում արդեն իսկ կան ձերբակալություններ:
Դեսպան Ֆարնուորթը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ Մեծ Բրիտանիայում հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և պատրաստ են սատարել Հայաստանին՝ ընթացիկ բարեփոխումների անցկացման, ժողովրդավարության և օրենքի գերակայության հաստատման հարցում: Դեսպանը ողջունեց նաև երկրում կատարվող բարեփոխումները և շեշտեց, որ ցանկացած երկրի համար կարևոր է դատական համակարգի արդար մոտեցումը:
Հանդիպման ավարտին երկու կողմերն էլ պատրաստակամություն հայտնեցին խորացնել համագործակցությունը երկու երկրների իրավապահ մարմինների միջև՝ ահաբեկչության, անօրինական միգրացիայի, թմրամիջոցների և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում: