Պարգևներ

Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ

  

Հայրենիքի շքանշան

Հայրենիքի շքանշանը հանձնվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար: Հայրենիքի շքանշանով պարգևատրված անձը համարվում է Հայաստանի ազգային հերոս:

 

Փառքի շքանշան

Փառքի շքանշանը շնորհվում է միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, խաղաղության և միջազգային անվտանգության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, տնտեսական կապերի զարգացմանը նպաստող, հոգևոր-մշակութային արժեքների պահպանմանն ուղղված գործունեության համար:

Տիգրան Մեծ շքանշան

Տիգրան Մեծի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար:

«Մարտական խաչ» շքանշան

«Մարտական խաչ» շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:

Պատվո շքանշան

Պատվո շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը շնորհվում է պետական, հասարակական-քաղաքական գործունեության, տնտեսության, հայրենիքի պաշտպանության, ազգային անվտանգության, ինչպես նաև հումանիտար բնագավառներում նշանակալի նվաճումների և մատուցած այլ ակնառու ծառայությունների համար:

Արիության մեդալ

Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար:

Մարտական ծառայության մեդալ

Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը շնորհվում է իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանման կամ հանցավորության դեմ պայքարի գործում ցուցաբերած սխրագործության կամ անձնվիրության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ քաղաքացիական պարտքը կատարելիս խիզախություն ցուցաբերելու կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար:

ՀՀ ԱԱԾ գերատեսչական պարգևներ

 


«Անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից» կրծքանշան

ՀՀ ԱԱԾ բարձրագույն պարգևն է, որով պարգևատրվում են ՀՀ ազգային անվտանգության մարմիններում 15 տարի և ավելի անբասիր ծառայած սպաները`
- օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում ձեռք բերած կոնկրետ արդյունքների, օպերատիվ առաջադրանքների գերազանց կատարման և այդ ընթացքում ցուցաբերած նախաձեռնության ու համառության համար,
- կադրերի մարտական պատրաստականության, դաստիարակության և ուսուցման գործում ձեռք բերած հաջողությունների, զինվորական և ծառայողական կարգապահության ամրապնդման համար,
- ՀՀ ազգային անվտանգության մարմինների և գործընկեր երկրների անվտանգության մարմինների միջև համագործակցության ամրապնդման գործում ծառայությունների համար:

«ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար կրծքանշան»

- պարգևատրվում են ՀՀ ազգային անվտանգության մարմինների, ՀՀ զինված ուժերի և ոստիկանության սպաները և ենթասպաները, ՀՀ օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմինների ներկայացուցիչները` ՀՀ ազգային անվտանգության ապահովման և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության, ազգային անվտանգության մարմինների տեխնիկական վերազինման, անձնակազմի մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ներդրումների համար,
- ՀՀ և օտարերկրյա պետությունների քաղաքացիները` ՀՀ ազգային անվտանգության մարմիններին ազգային անվտանգության խնդիրների լուծման գործում ցուցաբերած աջակցության համար:


«Հետախուզությունում ծառայության համար կրծքանշան»

- պարգևատրվում են հետախուզությունում, որպես կանոն, 10 տարի ծառայած ՀՀ ազգային անվտանգության մարմինների սպաները` հետախուզական աշխատանքներում զգալի արդյունքների հասնելու, օպերատիվ աղբյուրների ցանցի ստեղծման, օպերատիվ-հետախուզական տեղեկատվության ձեռքբերման, երիտասարդ կադրերին արտերկրի պայմաններում հետախուզական աշխատանքների նախապատրաստելու գործում ունեցած ներդրումների համար,
- ՀՀ ազային անվտանության մարմինների սպաները` ՀՀ ԱԱԾ հետախուզության մարմնի կայացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի, ինչպես նաև ցուցաբերած աջակցության համար,
- օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչները` ՀՀ ազգային անվտանության մարմինների համար հետախուզության որակյալ կադրերի պատրաստման, հետախուզական նպատակով, ինչպես նաև միջազգային բնույթի հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ համատեղ միջոցառումների անցկացման գործում ունեցած ներդրումների համար:

«Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներ

«Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներով պարգևատրվում են զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարած, անբասիր զինվորական կարգապահություն ցուցաբերած ՀՀ ազգային անվտանգության մարմինների սպաները, ենթասպաները և պայմանագրային զինծառայողները: «Անբասիր ծառայության համար» մեդալն ունի երեք աստիճան, մեդալի բարձրագույն աստիճանը 1-ին աստիճանն է:

 


«Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ

- պարգևատրվում է այն զինծառայողը, ում զինվորական ծառայության ստաժն ազգային անվտանգության մարմիններում օրացուցային հաշվարկով կազմում է 20 տարի:


«Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալ

- պարգևատրվում է այն զինծառայողը, ում զինվորական ծառայության ստաժն ազգային անվտանգության մարմիններում օրացուցային հաշվարկով կազմում է 15 տարի (ՀՀ ԱԱԾ տնօրենի 2004թ․ նոյեմբերի 15-ի N 78-Ա հրամանով հիմնված «Անբասիր ծառայության համար» մեդալը համարժեք է «Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալին)։


«Անբասիր ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալ

- պարգևատրվում է այն զինծառայողը, ում զինվորական ծառայության ստաժն ազգային անվտանգության մարմիններում օրացուցային հաշվարկով կազմում է 10 տարի:


«Սահմանապահ զորքերում գերազանց ծառայության համար» Մեդալ

- պարգևատրվում են սահմանապահ զորքերի սպաները և ենթասպաները` ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած արիության, խիզախության, կազմակերպչական հմտության, մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում ներդրումների համար,
- ՀՀ ԱԱԾ և զինված ուժերի զինծառայողները` ծառայության ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախության համար,
- ՀՀ ազգային անվտանգության մարմինների սպաները` ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կայացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի համար,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և օտարերկրացիները` պետական սահմանի պահպանության կազմակերպման և ամրապնդման հարցերում սահմանապահ զորքերին աջակցություն ցուցաբերելու համար:


«Մարտական համագործակցության համար» Մեդալ

- պարգևատրվում են ՀՀ զինված ուժերի զինծառայողները և ոստիկանության աշխատակիցները` ՀՀ ազգային անվտանգությանն առնչվող խնդիրների լուծման գործում մատուցած ծառայությունների համար,
- օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչները` միջազգային բնույթի հանցագործությունների դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացման, ՀՀ ազգային անվտանգության մարմինների որակյալ կադրերի պատրաստման և վերապատրաստման, անվտանգության նպատակով հատուկ միջոցառումների համատեղ անցկացման գործում ունեցած ներդրումների համար:

«Անվանգության մարմինների վետերան» մեդալ

- պարգևատրվում են զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարած, անբասիր զինվորական կարգապահություն ցուցաբերած և ազգային անվտանգության մարմիններում օրացուցային հաշվարկով 25 տարի և ավելի զինվորական ծառայության ստաժ ունեցող ՀՀ ազգային անվտանգության մարմինների սպաները, ենթասպաները, պայմանագրային զինծառայողները և վետերանները:

«Պետական պահպանության ծառայության վետերան» մեդալ

- պարգևատրվում են պետական պահպանության ոլորտում զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած, մարտական պատրաստականության գերազանց ցուցանիշներ, ինչպես նաև անբասիր զինվորական կարգապահություն ցուցաբերած և անձնակազմի ծառայողական ու մարտական պատրաստականության գործում ներդրումներ ունեցած այն անձինք, ովքեր պետական պահպանության համակարգում ունեն օրացուցային հաշվարկով 25 տարի և ավելի զինվորական ծառայության ստաժ և մինչև պարգևատրման ներկայացվելը ծառայության ընթացքում նախկինում խրախուսվել են, ինչպես նաև բացառիկ դեպքերում կարող են պարգևատրվել նրանք, ովքեր օրենքով սահմանված կարգով համարվում են Ազգային անվտանգության մարմինների վետերաններ, որոնք նշանակալի ավանդ են ներդրել Պետական պահպանության ծառայության կազմավորման, կայացման և զարգացման գործում:
Մեդալով կարող են պարգևատրվել նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և պետական կառավարման համակարգի այլ մարմինների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների պետական մարմինների աշխատակիցները և վետերանները՝ Պետական պահպանության ծառայության կայացման ու ամրապնդման գործում ունեցած ավանդի և ցուցաբերած աջակցության համար:

Հոբելյանական մեդալ «Անվտանգության մարմինների 100-ամյակ»

– պարգևատրվում են ազգային անվտանգության մարմիններում բաժնի պետի և բարձր պաշտոններ, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոններ զբաղեցնող սպաները, ազգային անվտանգության մարմիններում օրացուցային հաշվարկով 10 և ավելի տարի զինվորական ծառայության ստաժ ունեցող ազգային անվտանգության մարմինների ծառայողների միջին և ավագ պաշտոններ զբաղեցնող սպաները, օրացուցային հաշվարկով 15 և ավելի տարի զինվորական ծառայության ստաժ ունեցող ազգային անվտանգության մարմինների ծառայողների կրտսեր պաշտոններ զբաղեցնող ենթասպաները, ազգային անվտանգության մարմինների վետերանները, ինչպես նաև նախկին աշխատակիցները` ծառայության կայացման ու ամրապնդման գործում ունեցած ներդրումների համար։ Ազգային անվտանգության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող անձինք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` ազգային անվտանգության խնդիրների լուծման գործում ցուցաբերած աջակցության համար, ազգային անվտանգության մարմիններում նախկինում ծառայած և պետական այլ մարմիններ տեղափոխված անձինք, ինչպես նաև այլ պետական մարմինների աշխատակիցները` ազգային անվտանգության ապահովման գործում ավանդ ներդնելու համար։ Օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, քաղաքացիները` արդյունավետ փոխգործակցության համար:

«Գերազանց ծառայության համար կրծքանշան»

- պարգևատրվում են ժամկետային զինվորական ծառայության ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության, հատուկ մարտական գործողությունների անցկացման ժամանակ արիություն և խիզախություն, մարտական պատրաստության մեջ գերազանց առաջադիմություն ցուցաբերած ՀՀ ԱԱԾ շարքային կազմի զինծառայողները: