Պատմություն

   Հայաստանի անվտանգության մարմինների պատմությունն անխզելիորեն կապված է հայ ժողովրդի՝ հազարամյակ­ների խորքից ձգվող պատմության հետ:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեռևս ուրարտական ժամանակա­շրջանում (Ք.ա. IX-VII դդ.) հետախուզական ու հակահետախուզական գործունեությունը դրված է եղել պետական հիմքերի վրա ու հանդիսացել է պետական գործունեության ուղղություններից մեկը: Հին և Միջնադարյան Հայաստանում անվտանգության հարցերով զբաղվել են ինչպես ամբողջական պետական մարմիններ (նախարարական տներ, գործակալություններ), այնպես էլ առանձին պետական պաշտոնյաներ: Ուշադ­րության կենտրոնում է գտնվել նաև ռազմական և այլ գաղտնիքների պահպանու­թյունը:

Արխիվային տվյալները թեև սուղ են, բայց հիմք են տալիս եզրակացնելու, որ Հայաստանի հատուկ ծառայությունները Առաջին Հանրապետության անվտանգության համակարգի անբաժանելի մասն են կազմել: 1918-20թթ. դժվարին պայմաններում այդ կարևոր կառույցը գործել է որպես ՀՀ ռազմական նախարարության գլխավոր շտաբի հետախուզության և հակահետախուզության բաժանմունք: Հատուկ ծառայությունների գործունեության առանցքը կազմել է պայքարը օտարերկրյա պետությունների թշնա­մական գործունեության դեմ: Փոքրաքանակ կադրային ռեսուրսներով և սուղ հնարա­վորու­թյուններով ձեռք են բերվել անհրաժեշտ տեղեկություններ Անդրկովկասում ուժերի դասավորության, զորքերի տեղաշարժի, թշնամաբար տրամադրված պետու­թյունների կողմից ձեռնարկ­վող քայքայիչ գործողությունների վերաբերյալ: Բացահայտ­վել են մի շարք լրտեսներ, այդ թվում վնասազերծվել և որպես անցանկալի անձ երկրից արտաքսվել է լրտեսական գործունեությամբ զբաղվող օտարերկրյա դիվանագետը:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից մի քանի օր անց՝ 1920թ. դեկտեմբերի 6-ին, Հայաստանի Հեղկոմի ընդունած առաջին դեկրետը վերաբերում էր Արտակարգ հանձնաժողովի (ԱՀ) ստեղծմանը:

ՀԽՍՀ ԱՀ-ի առաջին նախագահ է նշանակվել Նիկոլայ Այվազովը (Այվազյան): 1921թ. հունվարից կառույցը ղեկավարում էր ճանաչված բոլշևիկ Շավարշ Ամիրխանյանը, որի տեղակալն էր Սերգեյ Մելիք-Օսիպովը (1924-1929թթ. ղեկավարել է համակարգը): 1929թ. մարտից մինչև 1930թ. հոկտեմբեր ՀԽՍՀ պետքաղվարչու­թյունում մեկը մյուսին փոխարինեցին Սեդրակ Մարգարյանը, Հայկ Պետրոսյանը, Սեդրակ Օտյանը, ովքեր, այդ թվում նաև նրանց նախորդած Սերգեյ Մելիք-Օսիպովը, դարձան 1937-1938թթ. ստալինյան բռնաճնշումների զոհեր:

Հայրենական Մեծ պատերազմի և հետպատերազմյան տարիներին Հայաստանի պետանվտանգության մարմիններում ծառայել են պատերազմի ավելի քան 260 մասնակիցներ, որոնք քաջաբար մարտնչել են տարբեր ռազմաճակատներում:

1954թ. մարտի 13-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում ընդունեց Պետական անվտանգության կոմիտե (ՊԱԿ) կազմավորելու մասին:

1991թ.  սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով Հայաստանի անկախությունը դարձավ իրականություն, և օրակարգային դարձավ անվտանգության մարմինների վերակազմավորման հիմնախնդիրը:

1991թ. դեկտեմբերի 4-ին ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին ՀՀ օրենքով ՊԱԿ-ը վերանվանվեց Ազգային անվտանգության պետական վարչություն (ԱԱՊՎ):

Նորանկախ պետության ձևավորման առաջին տարիներին անվտանգության մարմին­ների աշխատակիցներն իրենց նվիրական մասնակցությունն են ունեցել նաև Հայաստանի սահմանների պաշտպանության և Արցախի համար մղված մարտերում:

1995թ. ԱԱՊՎ-ը վերանվանվեց ՀՀ Ազգային անվտանգության նախարարություն:

1996թ. նոյեմբերի 8-ին ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունների միավորման արդյունքում ձևավորվեց ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն (ՀՀ ՆԳ և ԱԱՆ), որը կրկին տարանջատվեց 1999թ. նոյեմբերի 13-ին:

ՀՀ նախագահի հրամանագրով 2002թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԱՆ-ը վերակազմավորվեց ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (ՀՀ ԿԱ ԱԱԾ):

2018 թվականի հունիսի 28-ին հաստատվեց ՀՀ վարչապետին ենթակա պետական մարմին հանդիսացող ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ՀՀ ԱԱԾ) նոր կանոնադրությունը և կառուցվածքը, ստեղծվեց առանձնացված ստորաբաժանում՝ տնտեսական անվտանգության ապահովման և կոռուպցիայի հակազդման գործա­ռույթներով:

ՀՀ և Արցախի ազգային անվտանգության ծառայությունների, այդ թվում՝ սահմանապահ զորքերի ծառայողներն անձնվիրաբար մասնակցել են 2020թ. արցախյան պատերազմին՝ տալով տասնյակ զոհեր և վիրավորներ, որոնց անուններն ու անձնա­զոհությունը, ինչպես հազարավոր մյուս հայորդիների դեպքում, հավերժ կմնան հայ ժողովրդի հիշողության մեջ և ոսկե տառերով կգրվեն հայոց պատմության էջերում:

 

 Հայաստանի հատուկ ծառայությունների ղեկավարները

 

Նիկոլայ Եմելյանի Այվազյան (1889-1937թթ.)
ԱՀ նախագահ (1920թ. դեկտեմբեր - 1921թ. հունվար)

Շավարշ Մեհրաբի Ամիրխանյան (1894-1959թթ.)
ԱՀ նախագահ (1921թ. - 1924թ.)

Սերգեյ Դմիտրիի Մելիք-Օսիպով (1882-1937թթ.)
ԱՀ նախագահ (1924թ. - 1929թ.)

Սեդրակ Նիկոլայի Մարգարյան (1898-1937թթ.)
ՊՔՎ նախագահ (1929թ. մարտ- նոյեմբեր)

Հայկ Գրիգորի Պետրոսյան (1897-1938թթ.)
ՊՔՎ նախագահ (1929թ. - 1930թ.)

Սեդրակ Գևորգի Օտյան (1898-1937թթ.)
ՊՔՎ նախագահ (1930թ. մայիս-հոկտեմբեր)

Արմենակ Գերասիմի Աբուլյան (1895-1935թթ.)
ՊՔՎ նախագահ (1930թ. - 1934թ.)

Խաչիկ Խլղաթի Մուղդուսի (1898-1938թթ.)

ՆԳԺԿ պետ (1934թ. - 1937թ.),ՊԱ մայոր

Վիկտոր Վասիլիի Խվորոստյան (1903-39թթ.)
ՆԳ ժողկոմ (1937թ. - 1939թ.) ՊԱ մայոր

Ալեքսեյ Վասիլիի Կորոտկով (1906-45թթ.)
ՆԳ ժողկոմ (1939թ. - 1941թ.), ՊԱ ժողկոմ (1941թ. փետրվար- հուլիս)

Գեորգի Իոսիֆի Մարտիրոսով (1906-77թթ.)
ՆԳ ժողկոմ (1941-1943թթ.), ՊԱ ժողկոմ (1952-1953թթ.), ՆԳ նախարար (1953-54թթ.) գեներալ-մայոր

Նիկիտա Արկադիի Քրիմյան (1913 -1955թթ.)
ՊԱ ժողկոմ-ՊԱ նախարար (1945-1947թթ.) գնդապետ

Սերգեյ Արկադիի Կորխմազյան (1912-1974թթ.)
ՊԱ նախարար (1947-1952թթ.) գնդապետ

Գեորգի Արտաշեսի Բադամյանց (1910-1988թթ.)
ՀԽՍՀ ՆԽ առընթեր ՊԱԿ նախագահ (1954-72թթ.) գեներալ-լեյտենանտ

Արկադի Պավելի Ռագոզին (1918-1998թթ.)
ՀԽՍՀ ՆԽ առընթեր ՊԱԿ նախագահ (1972-1977թթ.) գեներալ-լեյտենանտ

Հրայր Ավանեսի Միքայելյան (1920-1995թթ.)
ՀԽՍՀ ՆԽ առընթեր ՊԱԿ նախագահ (1977-1978թթ.) գեներալ-մայոր

Մարիուս Արամի Յուզբաշյան (1924-1993թթ.)
ՀԽՍՀ ՊԱԿ նախագահ (1978-1988թթ.) գեներալ-լեյտենանտ

Վալերի Գեորգիի Բադամյանց (ծնվ.1940թ.)
ՀԽՍՀ ՊԱԿ նախագահ (1988-1991) գեներալ-մայոր

Հուսիկ Սուրենի Հարությունյան (1945-2006)
ԱԱՊՎ պետ (1991-1992թթ.) գեներալ-մայոր

Վալերի Վաղարշակի Պողոսյան (ծնվ. 1944թ.)
ԱԱՊՎ պետ (1992-1993թթ.) գեներալ-մայոր

Էդուարդ Գրիգորի Սիմոնյանց (1937-2005թթ.)
ԱԱՊՎ պետ (1993-1994թթ.) գեներալ-մայոր

Դավիթ Գուրգենի Շահնազարյան (ծնվ. 1954թ.)
ԱԱՊՎ պետ (1994-1995թթ.)

Սերժ Ազատի Սարգսյան (ծնվ. 1954թ.)
ԱԱ նախարար (1995-1996թթ.), ՆԳ և ԱԱ նախարար (1996-99թթ.)

Կառլոս Խաչիկի Պետրոսյան (ծնվ. 1951թ.)
ԱԱ նախարար (1999-2002թթ.), ԱԱԾ տնօրեն (2002-2004թթ.) գեներալ-լեյտենանտ

Գորիկ Գուրգենի Հակոբյան (1946-2017թթ.)
ԱԱԾ տնօրեն (2004-2016թթ.) գեներալ-գնդապետ

Գեորգի Կարենի Կուտոյան (1981-2020թթ.)
ԱԱԾ տնօրեն (2016-2018թթ.) գեներալ-մայոր

Արթուր Գագիկի Վանեցյան (ծնվ. 1979թ.)
ԱԱԾ տնօրեն (2018-2019թթ.) գեներալ-մայոր

Էդուարդ Աշոտի Մարտիրոսյան (ծնվ. 1974թ.)
ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող (2019-2020 թթ.)
ԱԱԾ տնօրեն (2020թ. մարտ-հունիս) գնդապետ

Արգիշտի Էլբեկի Քյարամյան (ծնվ. 1991թ.)
ԱԱԾ տնօրեն (2020թ. հունիս-հոկտեմբեր) գնդապետ

Արմեն Վաղարշակի Աբազյան (ծնվ. 1971թ.)
ՀՀ ԱԱԾ տնօրեն (2020թ. նոյեմբերի 8-ից) գեներալ-մայոր

(ԱՀ - Արտակարգ հանձնաժողով,  ՊՔՎ - Պետական քաղաքական վարչություն, ՆԳԺԿ - Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ, ՊԱԺԿ - Պետական անվտանգության ժողովրդական կոմիսարիատ, ՊԱՆ – Պետական անվտանգության նախարարություն, ՆԳՆ – Ներքին գործերի նախարարություն, ՊԱԿ – Պետական անվտանգության կոմիտե, ԱԱՊՎ – Ազգային անվտանգության պետական վարչություն, ԱԱՆ- Ազգային անվտանգության նախարարություն, ՆԳ և ԱԱՆ- Ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարություն, ԱԱԾ- Ազգային անվտանգության ծառայություն):