Միջազգային համագործակցություն

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իր իրավասության շրջանակներում համագործակցում և փոխգործակցում է օտարերկրյա պետությունների մի շարք հատուկ ծառայությունների, անվտանգության ու իրավապահ մարմինների և այլ գերատեսչությունների հետ՝ ՀՀ-ում անվտանգության ավելի բարձր մակարդակ ապահովելու և նոր մարտահրավերներից ու վտանգներից պետությունը պաշտպանելու նպատակով՝ դրանով նպաստելով կայունության պահպանմանը և տարածաշրջանային անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Մասնագիտական գործունեության ոլորտում ՀՀ ԱԱԾ-ն համագործակցում է հետախուզության, հակահետախուզության, ռազմական հակահետախուզության, ահաբեկչության դեմ պայքարի, գիտատեխնիկական և այլ բնագավառներում: ՀՀ ԱԱԾ-ի մասնագիտացված ստորաբաժանումներն աշխատանքներ են իրականացնում միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի, «կեղտոտ» փողերի լվացման, զենքի ու ռազմամթերքի, միջուկային նյութերի ապօրինի շրջանառության, տնտեսական ու ֆինանսական հանցագործությունների և անօրինական գործունեության շատ այլ տեսակների կանխարգելման ուղղությամբ:

Միաժամանակ, ՀՀ ԱԱԾ-ն ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի անդամ է: Խորհրդի շրջանակներում, համապատասխան հանձնաժողովների կազմում, ՀՀ ԱԱԾ-ն  ներգրավված է և մասնակցում է տարաբնույթ քննարկումների, մասնավորապես՝ միջազգային ահաբեկչության և կազմակերպված հանցագորության դեմ պայքարի, գիտատեխնիկական համագործակցության, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի միջազգային ապօրինի շրջանառության, տեղեկատվական անվտանգության, միջազգային տրանսպորտային անվտանգության ապահովման ոլորտներում:

          ՀՀ ԱԱԾ-ն պարբերաբար մասնակցում է նաև այնպիսի միջազգային միջոցառումների, ինչպիսիք են՝

  • միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների խորհրդակցությանը,
  • ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցությանը,
  • գործընկեր հատուկ ծառայությունների հետ ՀՀ ԱԱԾ պատվիրակության երկկողմ խորհրդակցություններին:

Բացի այդ, ԱԱԾ-ն ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի և այլ միջազգային կազմակերպությունների գործընկերն է և այդ շրջանակներում պարբերաբար մասնակցում է նիստերին և խորհրդակցություններին, իր հերթին կազմակերպում ու անցկացնում է նմանատիպ միջոցառումներ և սերտ համագործակցում վերոնշյալ կազմակերպությունների հետ: