01 փետրվարի 2019

«ԱԱԾ-ն միայն սև հագուստով ու դիմակներով տղաները չեն»

«ԱԱԾ-ն միայն սև հագուստով ու դիմակներով տղաները չեն»

 

 «Հրապարակ» թերթի 2019թ. հունվարի 31-ի և փետրվարի 1-ի համարներում հրապարակվել է հարցազրույց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ

- 2018 թվականի մայիսից պաշտոնավարում եք, 2000-ից՝ համակարգում․ նախ կուզենայի իմանալ՝ ԱԱԾ ղեկավարի պաշտոնում Ձեր նշանակմամբ աշխատանքային սկզբունքների, գործելաոճի առանցքային փոփոխություն իրականացրե՞լ եք։

- Առանցքային փոփոխությունն այն է, որ այսօր մենք զբաղվում ենք հիմնականում մեր գործառույթներով։ Հիմա հարց կառաջանա, թե նախկինում ի՞նչ են արել․ ես բազմիցս նշել եմ, որ նախկինի գործելաոճը չեմ մեկնաբանել եւ մնալու եմ այդ սկզբունքին հավատարիմ։ Իմ նշանակումից հետո բոլորի մոտ այն տպավորությունն է, որ ԱԱԾ-ն զբաղվում է բացառապես կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների բացահայտմամբ։ Իրականում այդպես չէ, պարզապես նշվածներն այն մասն են, որոնք մենք կարողանում ենք հրապարակել, հանրությանը ներկայացնել։

- Այդուհանդերձ, այսօր էլ ԱԱԾ-ն քննադատողներ կան, որ կառույցը դարձել է հեղափոխական իշխանության քաղաքական գործիքը՝ հեռացել է իր հիմնական գործառույթներից, փորձում է ազդել որոշակի շրջանակների վրա, դատավորների վրա եւ այլն։

- Ես, ճիշտն ասած, լուրջ շրջանակներից նման գնահատականներ ու քննադատություններ չեմ լսել։ Եթե լինի նման դեպք, որ մենք քաղաքական գործիք ենք դարձել նոր իշխանությունների ձեռքում, կհիմնավորվի, կպատասխանեմ… Հավատացեք, այսօրվա քաղաքական իշխանությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ուղղակի բացառում է նման գործելաոճը։ Ինձ առաջին օրը նշանակել է եւ ասել՝ գնա զբաղվիր քո գործով, քաղաքականության մեջ ԱԱԾ-ն գործ չունի․ ես փորձում եմ եւ կարծում եմ՝ ստացվում է՝ ԱԱԾ-ն զերծ պահել քաղաքական որեւէ պրոցեսի մեջ խառնվելուց։

Վերջին ընտրությունը դրա վառ օրինակն էր, երեւի թե ՀԿ-ների, քաղհասարակության ներկայացուցիչները, լրագրողական համայնքը կբարձրաձայնեին այդ մասին, եթե ԱԱԾ-ն մի բան աներ։ Մենք իրականացնում ենք միայն օրենքով մեզ վերապահված գործառույթներ, եւ Ձեր ասած քննադատություններն անհիմն ու անլուրջ են։ Ինչ վերաբերում է հիմնական գործառույթներից հեռանալուն, ապա ասեմ, որ քիչ առաջ նոր զեկույց եմ ներկայացրել, ամբողջը վերաբերում է արտաքին հետախուզությանը, ներքին հակահետախուզությանը։ Այսինքն՝ մեր հիմնական ու գլխավոր հակառակորդները, գաղտնիք չէ, Ադրբեջանն ու Թուրքիան են, մշտապես աշխատանքներ են կատարվում, շատ ծանր աշխատանքներ, որը պահանջում է մեծ նվիրում եւ պրոֆեսիոնալիզմ։ Ովքեր անում են այդ գործը՝ հետախույզներն ու հակահետախույզները, իրականում բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մարդիկ են, չեմ վախենա ասել՝ նվիրյալներ են, որոնք, սակայն, երբեք չեն երեւում, իրենց ոչ ոք չի տեսնում, չի ճանաչում։ Եթե ԱԱԾ-ի «երեւացող» աշխատողը կարող է մի տեղ իրեն լավ զգալ՝ հարաբերական իմաստով, այդ մարդիկ ընդհանրապես ոչ մի տեղ ո՛չ երեւում են, ո՛չ էլ իրենց արված գործերի մասին ինչ-որ մեկն իմանում է։ Շատ անգամներ նրանց աշխատանքը գուցե վերագրվի այլ գերատեսչություններին, դեսպանատներին եւ այլն։ Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչական բնույթի սպառնալիքներ են հնչում, որոնք, փառք Աստծո, կարողանում ենք կանխել, տիրապետում ենք իրավիճակին։

- Ահաբեկչության սպառնալիքներ դրսի՞ց, թե՞ ներսից։

- Այո, դրսից, մեր տարածաշրջանն այնպիսին է, որ ուզենք, թե ոչ, մենք դրա կենտրոնում ենք։ Ապօրինի սահմանահատումներ, տարբեր ձեւերով, այս ամենի ռադիկալ ներկայացուցիչները տարբեր երկրներում իրենց քնած բջիջներն են փորձում ստեղծել։ Գուցե իմ ասածները ձեզ զարմանալի թվան, բայց մենք կտրված չենք աշխարհում տեղի ունեցող այդ  գործընթացներից ու պետք է կարողանանք դիմագրավել այս սպառնալիքներին եւ մինչ օրս, փառք Աստծո, փառքով կատարում ենք։ Այնպես որ, ԱԱԾ-ն միայն սեւ հագուստով ու դիմակներով տղաները չեն, որոնք գնում են եւ ինչ-որ մարդկանց բռնում-տանում են, իրականում դա լուրջ վերլուծական, ինտելեկտուալ աշխատանք է, որը կատարվում է մեր ծառայության ողջ անձնակազմի կողմից։

- Հանրային դեմքերի, հատկապես ընդդիմադիրների, գաղտնալսումներ չե՞ն արվում, ինչպես նախկին իշխանության ժամանակ, դրանք քաղաքական նպատակներով չե՞ք օգտագործում։ 

- Ես չգիտեմ՝ նախկինում ինչ էր արվում, բայց ասեմ՝ այսօր ԱԱԾ-ն գաղտնալսում է բացառապես այն անձանց, որոնք կասկածվում են այս կամ այն հանցագործության կատարման կամ նախապատրաստման մեջ, որի վերաբերյալ կազմվում է հիմնավոր որոշում, տեղեկանք, ներկայացվում է դատարան, իրականացվում է դատարանի որոշում, եւ հաջորդում են մեր քայլերը՝ օրենքի շրջանակներում։

- Լավ, խոսենք քրեական գործերի մասին, քանի՞ գործ կա այժմ ԱԱԾ-ի վարույթում։

- 2018-ին ազգային անվտանգության քննչական դեպարտամենտում շուրջ 370 քրեական գործ է քննվել՝ 2017-ի համեմատությամբ շուրջ 100 գործով ավելի։ Բավականին արդյունավետ են եղել մեր քննած գործերը, որեւէ բողոք, որեւէ  փաստաբան մեր քննած գործերով չի ներկայացրել անհամաձայնություն, որ օրենք ենք խախտել եւ այլն։ Օբյեկտիվությունը 100 տոկոս պահել ենք։

- Տեղեկությունը, որ հեղափոխությունից հետո Ձեր ղեկավարած կառույցի գործերը շատացել են, աշխատակիցների թիվն եք ավելացրել, իրականությո՞ւն է։

- Նախ ես ասեմ, որ 3-4 ամիս առաջ ԱԱԾ-ում տեղի ունեցավ լրջագույն կառուցվածքային փոփոխություն, մանրամասները չեմ կարող հայտնել, որովհետեւ դա հույժ գաղտնի տեղեկատվություն է։ Բայց երկու բառով կարող եմ ուղղություններն ասել՝ հետախուզություն, հակահետախուզություն, տնտեսական  անվտանգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի նորաստեղծ դեպարտամենտ։ Տնտեսական անվտանգությունը պետք է ճիշտ հասկանալ, մենք չենք կրկնում ՊԵԿ օպերատիվ  հետախուզական վարչության գործառույթը կամ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության գործառույթները։ Տնտեսական անվտանգությունը մի մեծ բլոկ է, որն իր մեջ պարունակում է պարենային, գյուղատնտեսական, անասնաբուժական անվտանգություն եւ այլն, այսինքն՝ համաճարակներ, սպառնալիքներ, այդ մասով տեղեկատվությունը ստացվում է, վերլուծվում ու ներկայացվում քաղաքական ղեկավարությանը։
Նախկինում կար, փոքր բաժին էր, այսօր այն մեծացրել ենք։ Բայց ինչ վերաբերում է Ձեր բուն հարցին, հաստիքակազմի, թվաքանակի փոփոխություն չենք արել, հաստիքացուցակը ո՛չ կրճատել ենք, ո՛չ ավելացրել, այլ ճիշտ տեղաբաշխել ենք։ Մյուսը սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտն է, եւ եւս մեկ նոր կառույց, որը ստեղծվել է, կառավարական կապի եւ տեղեկատվական անվտանգության դեպարտամենտն է։ Կառավարական կապը մեր հայտնի դեղին հեռախոսներն են, դրանց սպասարկումը, պետական կայքերի սպասարկումը, այսինքն՝ մենք սպասարկում ենք ոչ թե որպես ադմին, այլ իրականացնում ենք պահպանությունը, որպեսզի դրսի հակերների հարձակումներից պահպանենք։ Անցյալ տարի մոտ 3 միլիոն հարձակման փորձ ենք կանխել։

- Դա շա՞տ է, թե՞ քիչ նախորդ տարիների համեմատ։

- Շատ է ու բացատրվում է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությամբ, տեղեկատվական անվտանգության հարցը 21-րդ դարի ամենակարեւորագույն սպառնալիքն է, որը կարող է լինել։ Թվայնացվում է ողջ համակարգը, եթե չունենանք տեղեկատվական անվտանգություն, ապա չենք կարող ապահովել մեր երկրի անվտանգությունը լիարժեք եւ ողջ ծավալով։ Մինչ այս փոփոխությունները, ընդհանուր մեկ բաժինն էր իրականացնում այս ողջ գործառույթները, հիմա հստակ ոլորտային տարանջատում է իրականացվել, դրվել են հստակ ուղղությունները։

- Պարոն Վանեցյան, թվարկում եք՝ սա ենք անում, նա ենք անում, բայց, ի վերջո, ինչպե՞ս ստացվեց, որ գաղտնալսեցին ԱԱԾ տնօրենին․ խոսքը ՀՔԾ պետի հետ Ձեր հեռախոսազրույցի մասին է։ Ասացիք, թե գիտեք՝ ովքեր են արել, բայց մեղադրելու հիմքեր չունեք։ Հիմա կարո՞ղ եք անուններ տալ, գոնե հայտնի՞ է, թե Հայաստանում քանի մարդ ունի համապատասխան գաղտնալսող տեխնիկա։

- Ես ոչ մի հարցից չեմ խուսափում, բայց ուզում եմ վերջնականապես փակել այս գաղտնալսման  թեման։ Քանի դեռ ընթանում է քննություն, դրա վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չեմ անելու, առանց այն էլ ինչ ասել եմ, դարձել է շահարկումների առարկա։ Ես էլի եմ կրկնում՝ ամաչելու ոչ մի բան չունեմ, ու կկրկնեմ ցանկացած տեղ, ինչի համար եւ այլն։ Պետք չէ շահարկել այս փաստը, որ եթե գաղտնալսվում է երկրի ԱԱԾ տնօրենը, ուրեմն էս ուր ենք հասել… Երկրի ԱԱԾ տնօրենն օգտվում է մի հեռախոսակապից, որից օգտվում են սովորական մարդիկ, չնայած հիմա արդեն այլ հեռախոսակապից ենք օգտվում, ներքին կապ է, մեր մշակած ծրագիրն է, ու բացառվում է գաղտնալսումը։ 21-րդ դարում ցանկացած մարդ կարող է գաղտնալսվել, մեզ էլ հիմա կարող են գաղտնալսել ինչ-որ մի լազերով, տեխնիկան այնքան զարգացած է, որ դա գրեթե անխուսափելի է… Իհարկե, դա չի արդարացնում ոչ մի բան, բայց ես ուզում եմ ասել, որ պետք չէ այդ հարցը սարքել ծայրահեղ վտանգավոր բան։ Շատ վատ է, ես խոստովանեմ, որ այդ խոսակցություններից ես շատ մեծ ցավ եմ ապրել, ամաչել եմ ոչ թե բովանդակությունից, այլ գաղտնալսման փաստից։ Բայց եղել է այն, ինչ եղել է, շարունակում ենք աշխատել ավելի զգոն, ավելի ուշադիր, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն։

- Իսկ անուններ չե՞ք ուզում տալ, ասում էիք՝ հայտնի դեմքեր են։

- Ոչ, չեմ ուզում, ինչ վերաբերում է գաղտնալսող տեխնիկային, մենք նման տեղեկություն չունենք, թե որեւէ մեկը նման տեխնիկա ունի, դրանք խոսակցություններ են, որոնց վերաբերյալ երբեք փաստացի հիմք որեւէ մեկը չի ներկայացրել, մենք նման տեղեկատվություն չունենք։

- Խոստացել էիք հրապարակել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հարստացման սխեմաները եւ ունեցվածքը։ Կա՞ քրեական գործ, ասենք՝ «Կոնգրես» հյուրանոցում Սեդրակ Քոչարյանի կողմից բաժնեմաս ձեռք բերելու հետ կապված, կամ այլ։

- Այո, պետք է ասեմ, որ քրեական գործ է հարուցվել, այդ շրջանակներում ստացվել են հիմնավոր փաստեր եւ առաջիկայում ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտի կողմից կհրապարակվեն։

- Սեդրակ Քոչարյանի՝ Ձեր դեմ ներկայացրած հայցի քննության ժամանակ Ձեր փաստաբանը պնդում էր, որ Քոչարյանի ընտանիք ասելով՝ Դուք նկատի չեք ունեցել անձամբ Սեդրակ Քոչարյանին։ Ո՞ւմ եք նկատի ունեցել։

- Անկեղծ ասած, չեմ հետեւում այդ գործին եւ այնքան էլ լուրջ չեմ վերաբերվում այդ ամենին, չեմ ուզում մեկնաբանել  փաստաբանին։ Կլինի դատարանի որոշումը, կենթարկվենք այդ որոշմանը, թող դատարանը քննի, որեւէ բան չեմ ուզում ասել, որ չասեն՝ ազդում ենք դատարանի վրա, ուղղորդում ենք, առանց այն էլ ով չի ալարում, ասում է՝ դատավորներին զանգում ենք, ասում ենք, էս ենք անում, էն ենք անում, ինչը, ես էլի կրկնում եմ՝ անհիմն  մեղադրանքներ են։

- Դուք պատերազմ էիք հայտարարել կոռուպցիայի դեմ, ասել էիք, որ մի 70 գործ բանակի կոռուպցիայի հետ է կապված, 250 մլրդ դրամի ֆինանսական գործարքներ եք ստուգել․ նորություն, արդյունքներ կա՞ն։ 

- Բանակի հետ կապված՝ էս պահին, եթե չեմ սխալվում, 11 մլրդ դրամ արդեն իսկ վերադարձված է, եւս 6-7 մլրդ առաջիկայում կվերադարձվի, բացի դա, բանակի հետ կապված շատ մեծ, ահռելի գումարներ կան, այսպես կոչված՝ արտաբյուջեն, որը նախկինում եղել է, ու ստուգվում է դրա ծախսման արդյունավետությունը, այսինքն՝ ինչի համար են ծախսել։ Եթե գրված է, որ գնել են զենք, բարի, մենք պետք է ստուգենք, եթե գրված է, որ տրվել է ինչ-որ հարց լուծելու համար, պետք է ստուգենք։ Սա շատ ծավալուն աշխատանք է, որն իրականացնում ենք ու երբ ավարտենք, արդյունքների մասին կներկայացնենք։

- Հանրային հետաքրքրություն առաջացրած եւս մի քանի քրեական գործերի մասին կուզեի խոսեիք, դրանք շատ են, բայց առանձնացրել եմ «Երեւան» հիմնադրամինը, որը հեղափոխությունից հետո առաջին հարուցված գործերից էր։ Ի՞նչ նորություններ կասեք այդ գործով։

- Քրեական գործով իրականացված լայնածավալ, օպերատիվ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ «Երեւան» հիմնադրամը վատնել է մի մասը, մի մասը՝ ոչ արդյունավետ կամ նպատակային է ծախսել այդ գումարների, ընդհանուր չափը գումարի 1 մլրդ 807 մլն դրամ է, որն ամբողջությամբ վերականգնվել է, պետական բյուջե է փոխանցվել։ Մենք ինչո՞ւ սկսեցինք գործողություններ, որովհետեւ հայտարարվեց, որ այս հիմնադրամը լուծարվում է, երբ մենք արեցինք գործողություն, դեռեւս 500 մլն կար հաշվի վրա, հետեւաբար, միասին ստացվում է՝ 2 մլրդ 307 մլն դրամ է բյուջե վերադարձվել։

- Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի դեմ հարուցված գործից նորություն կա՞, ապօրինի ձեռնարկատիրությանը մասնակցելու ու ապօրինի գումարներ օրինականացնելու մեղադրանքով իր դեմ հարուցված գործից հետո նա հայտարարեց  իր սեփականությունը հանդիսացող «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրելու մասին․ արդյոք այս գործը կարճվե՞լ է։

- Այո, ինքը ցանկություն է հայտնել նվիրաբերել այդ հյուրանոցը Հայաստանի Հանրապետությանը, բայց դա չի նշանակում, որ գործը կարճել ենք, իհարկե, չենք կարճել, գործով քննությունը շարունակվում է, հայտնի տեսանյութը տեսել եք, այն, ինչ որ ասված է, դա հիմնավորվում է եւ կհիմնավորվի քրեական գործի շրջանակներում, մեղադրանքները կառաջադրվեն, եւ կլինեն հետեւանքներ։
Բայց եկեք նաեւ մի բան հասկանանք, որ կոնկրետ այդ դեպքը եղել է 2005-06 թվականներին, այսինքն՝ կա վաղեմության ժամկետ, որը հիմք է քրեական հետապնդում չիրականացնել, բայց մենք պարտավոր ենք հիմնավորել այդ մարդու մեղքը կամ ապացուցել նրա անմեղությունը քրգործի շրջանակներում։ Այսինքն, մենք մեր գործն անում ենք, եւ այդ ընթացքում պարոն Ավետիսյանը ցանկություն է հայտնել նվիրաբերել «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը, ինչը ողջունելի է։

- Օրենքով գողերի, քրեական  հեղինակությունների դեմ պարբերաբար ռեյդեր են կազմակերպվում՝ Զապ, Օշականցի Գեւորիկ ու էլի ինչ-որ մարդիկ։ Նրանց տները խուզարկեցին, Կանեւսկոյին բռնեցին, բաց թողեցին եւ այլն․ առհասարակ, «գողականների» դեմ ռեյդերն ի՞նչ արդյունք տվեցին։

- Ես չեմ կազմակերպում, Օսիպյանի հացը ձեռից մի խլեք (կատակում է), ոստիկանությունն է իրականացնում այդ մասով։ Գիտեք, դա ուղիղ ոստիկանության գործառույթն է, այդ ուղղությամբ պատշաճ աշխատում է, եթե հարկ կլինի, անհրաժեշտություն կծագի, որ ԱԱԾ-ն զբաղվի այդ անձանցով, միանշանակ կզբաղվենք։

- Կարծում եք, որ Հայաստանում այս շերտի հետ կապված իրավիճակն այնքան հանգիստ է, որ ձեր միջամտության կարիքը չկա՞։

- Այո, այո։ Գիտեք, դա ուղիղ ոստիկանության գործառույթն է, այդ ուղղությամբ պատշաճ աշխատում են, եթե հարկ կլինի, անհրաժեշտություն կծագի, որ ԱԱԾ-ն զբաղվի այդ անձանցով, միանշանակ կզբաղվենք։

- Կարո՞ղ է Հայաստանում արդեն օրենքով գողեր ու հեղինակություններ էլ չկան։

- «Օրենքով գողեր» եզրույթը ես չեմ ընդունում, դա հորինված բան է, չկա նման պաշտոն։

- Իսկ նման մարդի՞կ։

- Կան մարդիկ, որոնք իրենց համարում են ինչ-որ մի բան։ Կան մարդիկ, որոնք իրենց համարում են օրենքով գող, մեկը՝ ուրիշ բան, բայց ՀՀ քաղաքացիները բոլորն են հավասար պետության օրենքների առջեւ, ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները։ Եվ անկախ իրենց զբաղեցրած դիրքից կամ ինչ-որ մի խմբին իրենց դասելուց, իրենք պետք է հավասար լինեն օրենքի առջեւ, կխախտեն օրենքը՝ պատասխանատվության կենթարկվեն, եթե մարդը գիծը չի անցնում, թող գնա ապրի ու ասի՝ ես Յուրի Գագարինն եմ։

- Նախկին իշխանության ժամանակ այդ մարդիկ բավականին արտոնյալ պայմաններում էին, խոսվում էր անգամ իշխանության հետ համագործակցելու մասին, հիմա չկա՞ նման բան։

- Գիտեք, մենք բոլորս, հանրությունը, կարծում եմ՝ ԱԱԾ-ի անելիքներն էլ են այստեղ մեծ, պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծենք երկրում, որ երիտասարդները ոչ թե ուզենան քրեական ուղղություն բռնեն, դա իրենց համար ընդունելի լինի, այլ բռնեն իրավապահ համակարգի կողմը։ Այդ առումով ես շատ դրական եմ համարում, որ ԱԱԾ վերջին 9 ամսվա գործունեությամբ պայմանավորված՝ հասարակության լայն շերտերի մոտ դրական էմոցիա է ստեղծվել, ինչի վկայությունը նա է, որ Երեւանում երիտասարդ աղջիկներն ու տղաները կրում են ԱԱԾ գրությամբ գլխարկներ, հագնում են շապիկներ, որոնց վրա գրված է՝ «սիրահարվԱԱԾ»։

- Կարծում եք դա Ձեր գործունեությա՞մբ, թե՞ պարզապես Ձեր անձով է պայմանավորված։

- Իհարկե, անձերը կապ ունեն, ես շնորհակալ եմ մեր լրագրողական համայնքին, որ ի սկզբանե ինձ փորձեցին ոչ թե սեւացնել, այլ ընդհակառակը՝ օբյեկտիվ լուսաբանեցին իմ գործունեությունը։ Եվ, այո, ես քանի որ հանդիսանում եմ ԱԱԾ տնօրեն, հիմնարկի դեմքը ես եմ, գնահատականը ես չէ, որ պետք է տամ, բայց դրականն ակնհայտ է։

Բայց վերջին ժամանակներս կարծես թե նոր աղմկոտ բացահայտումներ չեք անում, Ձեր ասած «դրական էմոցիաների» պակաս կա որոշ շրջանակների համար։ Ավարտվեցի՞ն բացահայտումները, կա՞նգ առավ այդ ալիքը։

- Ոչ, իհարկե, ոչ։ Հունվար ամսվա ընթացքում բռնել ենք մեծ քանակությամբ թմրանյութի ապօրինի շրջանառություն, սահմանախախտներ, Բագրատաշեն մաքսակետում կոռուպցիոն մի շղթա ենք բացահայտել, որտեղ ներգրավված էին մաքսայինի աշխատողները, ձերբակալել ենք ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի, որն էլի ներգրավված էր կոռուպցիոն շղթայի մեջ… Ես բազմաթիվ գործեր էլի կարող եմ թվարկել, բայց առանց մանրամասնելու, այսինքն՝ հունվարի առաջին 7 օրը, երբ մարդիկ չէին աշխատում, մենք արել ենք այս ամենը, բայց մյուս կողմից՝ չեմ ուզում, որ ԱԱԾ-ն լինի առաջնագծում, պարզապես չենք հրապարակում, հնչեղություն տալիս։

- Դու՞ք չեք ուզում, թե՞… եղան տեղեկություններ, որ կառավարությունում խանդում են, որ Ձեր վարկանիշն ավելանում է։

- Ոչ, ոչ, ե՛ս չեմ ուզում։ Ապրիլին տեղի ունեցած, այսպես կոչված, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո ԱԱԾ-ն ուներ մեծ անելիքներ, եւ հասարակության պահանջ նաեւ կար, բայց եթե հիշում եք, ես իմ ծառայության սկզբից էլ ասել եմ, որ ճիշտ չեմ գտնում ԱԱԾ-ի այդքան հրապարակային լինելը, եւ կամաց-կամաց ԱԱԾ-ն պետք է ստվեր գնա։ Իմ խոստումը ես իրականացրել եմ, բայց դա չի նշանակում, որ մենք հաշվետու չենք լինելու հասարակության առջեւ, ԶԼՄ-ների առջեւ։ Մենք որեւէ կաշկանդվածություն չունենք ինչ-որ մի հանցագործություն բացահայտելու՝ անկախ անձերից, անկախ դեպքերից, դրանց ներգրավված մարդկանցից, բայց եկեք «բռնել, փակել, արյուն», էս ամեն ինչը դնենք մի կողմ, մարդիկ թող համախմբվեն, սկսեն աշխատել, որ մեր երկիրը շենացնենք։
Վարչապետը հայտարարել է, որ ընտրություններից հետո անելու է տնտեսական հեղափոխություն, ես առիթից օգտվելով՝ հասարակությանը կոչ եմ անում՝ թեւերը քշտեն եւ օրուգիշեր աշխատեն թե՛ իրենց բարեկեցությունը լավացնելու համար, թե՛ երկրի զարգացումն ապահովելու համար։ Իսկ մենք մեր գործը կանենք, ամուր կանգնած ենք երկրի անվտանգության պաշտպանության հիմքում, օրուգիշեր աշխատում ենք, որ մեր քաղաքացիները լինեն պաշտպանված, ապրեն անվտանգ միջավայրում, բայց պետք է բոլորն աշխատեն ու հզորացնեն մեր տնտեսությունը, որովհետեւ եթե մենք տնտեսապես չզարգացանք, մեր ողջ պաշտպանական համակարգը կամ անվտանգությունը ոչ մի բանի պետք չեն։ Մենք կպահենք անվտանգությունը, դուք զբաղվեք երկրի շենացմամբ, թող բոլորը հարստանան, հարուստ լինելը լավ բան է, մարդիկ թող հարստանան, լավ ապրեն, իրենց կարիքները բավարարեն, բայց միայն օրինական ճանապարհով։ Մի ժամանակ իրավիճակ էր ստեղծված երկրում, որ անգամ մանրապատումներ էին սարքել, ով հարուստ էր, ԱԱԾ-ն գալիս պառկացնում էր գետնին, խլում ունեցվածքը․ ոչ, մենք մենակ ուրախ ենք, որ մարդիկ հարստանան ու լավ ապրեն։

- Ի դեպ, Ձեր ընտանիքի բիզնեսներին վերջերս հաճախակի է մամուլն անդրադառնում, որ ՊԵԿ-ը նույնիսկ Ձեր հայրիկի ծաղկի բիզնեսում չարաշահումների վերաբերյալ գործ է հարուցել, կա՞ Ձեր հովանավորությունը…

- Գիտեք, ես շատ վատ եմ տանում, որ նման սուտ ինֆորմացիաներ են գրում, հետո դու պարտավորվում ես հերքել, պաշտպանվել, ի վերջո, պարզվեց, չէ՞, որ ո՛չ ՊԵԿ-ն է գործ հարուցել, ո՛չ ավտոս են կաշառք տվել, հայրիկս է անհատույց օգտագործման տվել ԱԱԾ-ին։ Էլի եմ կրկնում՝ որեւէ կաշկանդվածություն չկա ինչ-որ մի հանցագործություն բացահայտելու՝ անկախ անձերից, անկախ դեպքերից, դրանց ներգրավված մարդկանցից։

- Եվ վերջում․ նկատեցինք, որ Դուք շարունակում եք մեծաթիվ  թիկնազորի ուղեկցությամբ շրջել, Ձեր անվտանգությանն ուղղված սպառնալիքները, որոնց մասին հայտարարել էիք, շարունակվո՞ւմ են։

- Ցավոք սրտի՝ այո, կան սպառնալիքներ, այո, շրջում եմ թիկնազորով, զրահապատ մեքենայով, ամեն դեպքում, ավելի լավ է ապահովագրենք, մեզ հանկարծակի մի բան չլինի, որովհետեւ շատ ինֆորմացիաներ ենք ստանում։ Իհարկե, այնպես չէ, որ նստած ասում են՝ գնանք Վանեցյանին սպանենք, բայց վտանգներ զգում ենք ու պաշտպանվում, որ հետո մի բան չլինի, ասեն՝ Վանեցյանն ինքն իրեն չէր կարողանում պաշտպանել։

Լուսինե Շահվերդյան