Հաճախ տրվող հարցեր

  • Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվելու պայմանները և պահանջները

    1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության կարող է ընդունվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մինչև 30 տարեկան այն անձը, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն, տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ազգային անվտանգության մարմինների ծառայողի պարտականությունները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

    2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը զինվորական ծառայություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

    3. Ազգային անվտանգության մարմինների առանձին պաշտոններում ծառայության անցնելու համար ՀՀ ԱԱԾ տնօրենի թույլտվությամբ բացառիկ դեպքերում (կոնկրետ հաստիքի համար պահանջվող առավել բարձր մասնագիտական որակավորման, կարողությունների, հմտությունների, այլ ունակությունների առկայության) կարող են ծառայության ընդունվել 30-ից ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիներ:

    4. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվելու մյուս պահանջներին համապատասխանող, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած հետևյալ քաղաքացիները նույնպես կարող են ընդունվել ծառայության`
    - իգական սեռի քաղաքացիները.
    - բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած այն անձինք, ովքեր ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն և հանձնել սահմանված քննությունները.
    - գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունեցող և պահեստազորում գրանցված քաղաքացիները, եթե նրանք զբաղվում են մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ.
    - պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և պահեստազորում գրանցված անձինք, որոնց շրջանակը սահմանված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով:

    5. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների սպայական պաշտոններում ծառայության ընդունվում են միմիայն բարձրագույն կրթության, իսկ ենթասպայական պաշտոններում՝ առնվազն միջնակարգ կրթության առկայության դեպքում:

    6. Թեկնածուն պետք է վարժ տիրապետի հայերեն բանավոր և գրավոր խոսքին:
    Օտար լեզուների լավ իմացությունը ցանկալի է:

    7. Թեկնածուի անձնական, գործնական և բարոյական հատկանիշները ներառում են`
    - հայրենասիրությունը,
    - ազնվությունը,
    - օրինապահությունը,
    - հավատարմությունը զինվորական երդմանը,
    - գաղտնապահությունը,
    - համեստությունը,
    - բարյացակամությունը,
    - օբյեկտիվ ինքնագնահատման ընդունակությունը,
    - աշխատասիրությունը,
    - կամային բարձր հատկանիշները,
    - համարձակությունը,
    - հնարամտությունը,
    - բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակությունը,
    - հոգեկան կայունությունը,
    - մարդկանց հետ շփվելու և աշխատելու ունակությունը,
    - կարգապահությունը,
    - անձնվիրությունը:

    8. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվող թեկնածուների ֆիզիկական պատրաստությանը ներկայացվող պահանջները`

    9. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության համար թեկնածուների բժշկական հետազոտությունն ու առողջական վիճակի համապատասխանության ստուգումն իրականացվում է ՀՀ ԱԱԾ ռազմաբժշկական հանձնաժողովում: Բժշկական հետազոտությունը ներառում է նաև թմրամոլության, ալկոհոլամոլության, սեռավարակների և այլ հիվանդությունների առկայության ստուգումը, ինչպես նաև հոգեբանական թեստավորումը:

    10. Թեկնածուները սահմանված կարգով անցնում են նաև պոլիգրաֆի (ստի դետեկտորի) կիրառմամբ հետազոտություն:

     

    Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները

    1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողն իրավունք չունի`
    - ծառայությունը համատեղել այլ վճարովի աշխատանքի հետ, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական գործունեությամբ զբաղվելուց, եթե դա չի խոչընդոտում ծառայողական պարտականությունների կատարմանը (բացառությամբ այն դեպքերի, երբ դա կապված է ծառայողական անհրաժեշտության հետ).
    - լինել Ազգային ժողովի պատգամավոր, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցնել ընտրովի կամ այլ պաշտոններ.
    - անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև օժանդակել այդպիսի գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և քաղաքացիներին.
    - լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.
    - հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.
    - ոչ ծառայողական նպատակներով օգտագործել ազգային անվտանգության մարմինների նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.
    - ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
    - լինել որևէ կուսակցության, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական և նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում` կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ.
    - պաշտոնական դիրքն օգտագործել ի շահ կուսակցությունների, կրոնական, հասարակական միավորումների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության.
    - կազմակերպել գործադուլներ կամ մասնակցել դրանց:

    2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, ազգային անվտանգության մարմինների ծառայողը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր է կազմակերպությունների կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Ազգային անվտանգության մարմինների ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալ եկամուտ:

    3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է սովորել իր մասնագիտությանը մոտ կամ բնույթով իր կատարած աշխատանքի գծով մասնագիտական գիտելիքների խորացմանը նպաստող ուսումնական հաստատություններում` միայն հեռակա ուսուցման ձևով` ՀՀ ԱԱԾ տնօրենի թույլտվությամբ:

     

    Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվողների մասնագիտական պատրաստության կազմակերպումը

    1. ՀՀ ազգային անվտանգության ծառայության կադրերի համալրումն ապահովելու համար կազմակերպվում է ՀՀ քաղաքացիների ուսուցում Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատություններում՝ անվտանգության դաշնային ծառայության ակադեմիայում, Կալինինգրադի ու Կուրգանի սահմանապահ ինստիտուտներում, ինչպես նաև Պահպանության դաշնային ծառայության ակադեմիայում (ք. Օրյոլ):

    2.ՌԴ ԱԴԾ ակադեմիայում և Կուրգանի սահմանապահ ինստիտուտում ուսումն ավարտելուց հետո շրջանավարտները ստանում են իրավաբանի, իսկ Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտում և ՊԴԾ ակադեմիայում (ք. Օրյոլ)` ինժեների որակավորում, որից հետո նրանց շնորհվում է լեյտենանտի զինվորական կոչում և նրանք ծառայության են անցում ՀՀ ԱԱԾ տարբեր ստորաբաժանումներում և սահմանապահ զորքերում:
    Ուսման տևողությունը 5 տարի է: Այդ ընթացքում ունկնդիրներն ու կուրսանտներն ապահովվում են բուհերի տարածքում տեղակայված հանրակացարանով, անվճար սննդով և կրթաթոշակով:

    ՌԴ համապատասխան ռազմաուսումնական հաստատություններն ավարտելուց հետո ՀՀ ԱԱԾ մարմիններում 5 տարուց պակաս ծառայելու կամ ուսումն առանց հարգելի պատճառների դադարեցնելու կամ ՌՈՒՀ-ից հեռացվելու դեպքերում արձակվելիս զինծառայողը՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ 2003 թ. օրենքի 45-րդ հոդվածի, այլ օրենքների և իրավական ակտերի համաձայն, պարտավոր է փոխհատուցել ՌՈՒՀ-ում սովորելու հետ կապված ծախսերը:

    3. Ընդունելությանը կարող են մասնակցել ստորև նշված, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող այն անձինք, ովքեր վարժ տիրապետում են հայերենին և ռուսերենին, իրենց առողջական վիճակով, ֆիզիկական պատրաստվածությամբ և անձնական հատկանիշներով համապատասխանում են ՀՀ ԱԱԾ զինծառայողին ներկայացվող պահանջներին`

    - ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտները.
    - միջնակարգ կրթություն ունեցող և պարտադիր զինվորական ծառայություն անցած մինչև 23 տարեկան անձինք.
    - ավագ դպրոցն ավարտած, սակայն 18 տարին չլրացած անձինք:

    4. Թեկնածուների բժշկական հետազոտությունն ու առողջական վիճակի համապատասխանության ստուգումը իրականացվում է ՀՀ ԱԱԾ ռազմաբժշկական հանձնաժողովում և ներառում նաև թմրամոլության, ալկոհոլամոլության, սեռավարակների և այլ հիվանդությունների առկայության ստուգումը, ինչպես նաև հոգեբանական թեստավորումը:
    Թեկնածուները, սահմանված կարգով անցնում են նաև պոլիգրաֆի (ստի դետեկտորի) կիրառմամբ հետազոտություն:

    5.  Ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով` ՀՀ ԱԱԾ-ում անցկացվող համապատասխան բարդության աստիճանի հետևյալ քննությունների հիման վրա՝

    ՌԴ ԱԴԾ ակադեմիա և Կուրգանի սահմանապահ ինստիտուտ ընդունվողների համար՝

    - ռուսաց լեզու (թելադրություն)

    - հայոց լեզու (թելադրություն)

    - օտար լեզու (բանավո)

    - ընդհանուր գիտելիքների թեստ (գրավոր)

    - ֆիզիկական պատրաստության ստուգարք հետևյալ նորմատիվներով`

    ՌԴ ԱԴԾ Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտ ընդունվողների համար՝

    - ռուսաց լեզու (թելադրություն)

    - հայոց լեզու (թելադրություն)

    - մաթեմատիկա (գրավոր)

    - ընդհանուր գիտելիքների թեստ (գրավոր)

    - ֆիզիկական պատրաստության ստուգարք հետևյալ նորմատիվներով`

     

    ՌԴ ՊԴԾ ակադեմիա (ք.Օրյոլ) ընդունվողների համար՝

    - ռուսաց լեզու (թելադրություն)

    - հայոց լեզու (թելադրություն)

    - մաթեմատիկա (գրավոր)

    - ֆիզիկա (գրավոր)

    - ֆիզիկական պատրաստության ստուգարք հետևյալ նորմատիվներով`

    Ընդունելության քննությունների արդյունքների ամփոփումն իրականացվում է ՀՀ ԱԱԾ մանդատային հանձնաժողովի նիստում, և կայացվում է համապատասխան որոշում:

    6. ՌԴ նշված ռազմաուսումնական հաստատությունների հերթական ուսումնական տարվա ընդունելության քննություններին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ից մինչև մարտի 15-ը:
    Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ ԱԱԾ ընդունարան` ք. Երևան, Նալբանդյան 104 հասցեով կամ զանգահարել 010 58 90 89, 015 57 91 77 հեռախոսահամարներով: Իսկ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում ծառայության ընդունվելու հարցերով` 015 57 97 74:

     

  • Ինչ է անհրաժեշտ գրավոր տարբերակով դիմումի ներկայացման համար

    Քաղաքացու, իրավաբանական անձի գրավոր դիմումը, բողոքը և առաջարկությունը պետք է ստորագրված լինի` նշելով դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության հասցեն: Առանց հիշյալ տեղեկությունների` առաջարկությունը, դիմումը, բողոքը համարվում է անստորագիր, չի քննարկվում և սահմանված կարգով ոչնչացվում է:

  • Ինչ է անհրաժեշտ էլեկտրոնային տարբերակով դիմումի ներկայացման համար

    Քաղաքացու, իրավաբանական անձի էլեկտրոնային տարբերակով հղված դիմումի, բողոքի և առաջարկության վրա պետք է լինի էլեկտրոնային ստորագրություն` նշելով դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության հասցեն: Առանց հիշյալ տեղեկությունների առաջարկությունը, դիմումը, բողոքը համարվում է անստորագիր, չի քննարկվում և սահմանված կարգով ոչնչացվում է:

  • Որ դեպքում է պահանջվում լիցենզիա

    Ներքին սպառման բացթողնման կամ արտահանման նպատակով ծածկագրային միջոցների մաքսային գործընթացների մեջ ներառման համար անհրաժեշտ է մեկանգամյա լիցենզիա։

  • Որ դեպքում է պահանջվում եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ)

    Սեփական կարիքներն ապահովելու համար՝ առանց դրանք տարածելու և ծածկագրային ոլորտում երրորդ անձանց ծառայություններ մատուցելու իրավունքի, մաքսային տարածքում և մաքսային տարածքից դուրս վերամշակման, ներքին օգտագործման համար վերամշակման, ժամանակավոր ներմուծման, ժամանակավոր արտահանման, տարանցիկ, ազատ մաքսային գոտի և ազատ պահեստ մաքսային գործընթացների մեջ ներառման համար անհրաժեշտ է եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ):

  • Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը

    ՀՀ ԱԱԾ տնօրենի թիվ 8-Ն Հրամանի Հավելված N1-ի 11-րդ կետի համաձայն ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձինք ԱԱԾ տնօրենի անունով ուղեկից գրությամբ ներկայացնում են՝

    • լիցենզիա ստանալու մասին հայտը՝ լրացված ռուսերեն լեզվով (ՀՀ ԱԱԾ տնօրենի թիվ 1-Ն առ 11.03.2015թ. Հրաման),
    • հայտի էլեկտրոնային օրինակը (ցանկացած կրիչով),
    • հայտատուի գրավոր ծանուցումը՝ ծածկագրային միջոցների կազմում Միասնական ցանկի 2.16 բաժնով նախատեսված քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքավորումների բացակայության մասին, իսկ դրանց առկայության դեպքում՝ օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթի պատճենը,
    • ծածկագրային միջոցների տեխնիկական փաստաթղթերը,
    • արտաքին առևտրային պայմանագրի, դրան կից հավելվածների և (կամ) դրանցում կատարված լրացումների կամ Կողմերի մտադրությունը հաստատող այլ փաստաթղթերի պատճենները:
  • Եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը

    ՀՀ ԱԱԾ տնօրենի թիվ 8-Ն Հրամանի Հավելված N1-ի 15-րդ կետի համաձայն ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձինք ԱԱԾ տնօրենի անունով ուղեկից գրությամբ ներկայացնում են՝

    • եզրակացության (թույլատրման փաստաթղթի) նախագիծը (ՀՀ ԱԱԾ տնօրենի թիվ 8-Ն Հրամանի Հավելված N1-ի Ձև3՝ նույն Հրամանի Հավելված N5-ի մեթոդական ցուցումներին համապատասխան կազմված և ռուսերեն լեզվով լրացված),
    • նախագծի էլեկտրոնային օրինակը (ցանկացած կրիչով),
    • ծածկագրային միջոցների տեխնիկական փաստաթղթերը,
    • արտաքին առևտրային պայմանագրի, դրան կից հավելվածների և (կամ) դրանցում կատարված լրացումների կամ Կողմերի մտադրությունը հաստատող այլ փաստաթղթերի պատճենները:
  • Ինչպես է տրվում ԵՏՄ ԱՏԳ ԱԱ կոդը և որ դեպքում է պետք դիմել ՀՀ ԱԱԾ

    ԵՏՄ ԱՏԳ ԱԱ կոդը տրվում է մաքսային ծառայության կողմից և այն պետք է ընդգրկված լինի Միասնական ցանկի 2.19 բաժնում (ՀՀ ԱԱԾ տնօրենի թիվ 2-Ն առ 11.03.2015թ. Հրամանի Հավելված N2, թիվ 8-Ն առ 30.11.2015թ. Հրամանի Հավելված N2):

  • Ինչպես է տրվում ներկայացված հայտի պատասխանը

    ՀՀ ԱԱԾ կողմից տրամադրվող պատասխաններն ուղղարկվում են հայտում նշված հասցեով՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով:

  • Որքան ժամանակ է սահմանված հայտին պատասխանելու համար

    Հայտատուի փաստաթղթերը ՀՀ ԱԱԾ մուտքագրվելուց հետո 20 օրվա ընթացքում, իսկ գիտատեխնիկական փորձաքննություն պահանջվելու դեպքում՝ մինչև 85 օր:

  • Որ դեպքում է անհրաժեշտ ձևակերպել ծանուցում (նոտիֆիկացիա)

    Ծանուցումը (նոտիֆիկացիան) նախատեսված է ԵՏՄ տարածք նույն տեսակի ապրանքի յուրաքանչյուր ներմուծումը/արտահանումը իրականացնել առանց լիցենզիաի կամ եզրակացության (թույլատրման փաստաթղթի) ներկայացնելու՝ նոտիֆիկացիայի գործողության ողջ ժամկետում։ Բավարար է մաքսային մարմին ներկայացնել նոտիֆիկացիայի համարը, վերցված ԵՏՄ պաշտոնական կայքից։ Նոտիֆիկացիան ձևակերպում է ապրանքն արտադրողը կամ իր կողմից լիազորված անձը ցանկացած ԵՏՄ անդամ պետության լիազոր մարմնում, այդ թվում ՀՀ ԱԱԾ–ում։ Նոտիֆիկացիայի գործողության ժամկետը որոշում է արտադրողը և այն հիմնականում երկարաժամկետ է ( 5, 10 տարի)։