24 հունիսի 2022

Կայացել է համակարգչային միջադեպերի արձագանքման հարցերով ՀԱՊԿ խորհրդատվական համակարգող կենտրոնի խորհրդի XIII նիստը (լուսանկարներ)

Կայացել է համակարգչային միջադեպերի արձագանքման հարցերով ՀԱՊԿ խորհրդատվական համակարգող կենտրոնի խորհրդի XIII նիստը (լուսանկարներ)

2022թ. հունիսի 23-24-ին Երևանում կայացել է համակարգչային միջադեպերի արձագանքման հարցերով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդատվական համակարգող կենտրոնի խորհրդի (ՀԱՊԿ ԽՀԿ) XIII նիստը, որին մասնակցել են համապատասխան ազգային լիազոր մարմինների ներկայացուցիչների պատվիրակությունները:    

Պայմանագրի 30-ամյակի և ՀԱՊԿ 20-ամյակի տարում Խորհրդի նիստը բացել և մասնակիցներին ողջույնի խոսքով է դիմել ՀՀ ԱԱԾ տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության պետը, ով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ղեկավարության անունից ջերմորեն ողջունել է գործընկերներին: Իր ելույթում գլխավոր վարչության պետը լուսաբանել է մի շարք խնդրահարույց հարցեր, ընդգծել է տեղեկատվական անվտանգության ապահովմանը և ՀԱՊԿ անդամ պետությունների փոխգործակցության կատարելագործմանն ուղղված համատեղ ջանքերի ամրապնդման կարևորությունը:

Այնուհետև, նիստը վարել է ՀԱՊԿ ԽՀԿ խորհրդի նախագահը, ով իր ելույթում ներկայացրել է 2022թ. առաջին կիսամյակի արդի սպառնալիքների պատկերը և մանրամասն նկարագրել է համակարգչային միջադեպերի արձագանքման ուղղությամբ ձեռնարկված համատեղ միջոցների դինամիկան:   

ՀԱՊԿ ԽՀԿ խորհրդի անդամները քննարկել են տեղեկատվության անվտանգության առավել արդի սպառնալիքները, ինչպիսին են՝ ֆիշինգ և DDoS տեսակի հարձակումները: Անցկացրել են համեմատություն տեղեկատվության անվտանգության ոլորտում ընթացիկ և 2021թ. իրավիճակների միջև: Ընդգծել են համակարգչային հարձակումների հետևանքների բացահայտման, կանխարգելման և չեզոքացման, ինչպես նաև համակարգչային միջադեպերի արձագանքման հարցում տեղեկատվական փոխգործակցության հետագա զարգացման կարևորությունը:  

Նիստի մասնակիցները դիտարկել են հարձակումների բնույթը, կարևորել են տեղեկատվական անվտանգության հարցերում օգտվողների իրազեկվածության բարձրացման նշանակությունը։ Փոխանակվել են նաև ֆիշինգային աղբյուրների գործունեությանը հակազդելու հարցում մոտեցումների վերաբերյալ տեղեկատվությամբ։ Քննարկել են բոտ-ցանցերի դեմ պայքարի համար անհրաժեշտ միջոցառումները, ընդգծվել է կապի օպերատորների հետ փոխգործակցության կարևորությունը։ Դիտարկել են ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից կիրառվող մոտեցումները և փորձառությունները։ Քննարկել են նաև ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակին նախատեսվող համակարգչային անվտանգության տեխնիկական վարժանքների անցկացման մտահաղացումը և նախապատրաստումը։

Նիստի պատվիրակները փոխանակվել են կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների կիբերվտանգներից պաշտպանության ապահովմանն ուղղված դրական փորձով, ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական տիրույթներում տեղ գտած համակարգչային միջադեպերի մասին տվյալներով և ազգային կոնտակտային կետերի կողմից տրամադրված տեղեկատվական-վերլուծական նյութերով։

Հայկական կողմը, կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի՝ ընթացիկ տարում արդիականացում անցած օբյեկտներից մեկի օրինակով, մասնակիցներին ծանոթացրել է համակարգչային հարձակումների հակազդման ընդարձակ ծրագրա-սարքային համալիրի հետ։ Քննարկվել է աշխատակիցների որակավորման բարձրացման ուղղությամբ հետագա համագործակցությունը։