ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ավարտվել է պետական դավաճանություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի անջատված մասի նախաքննությունը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ նախկին և ներկա մի խումբ զինծառայողներ, հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից, այդ կապակցությամբ երրորդ երկրում նախապես որոշված վայրում ներկայացնելով իրենց գրավոր համաձայնությունը և ստանալով համապատասխան ծածկանուն, մինչև 44-օրյա պատերազմի սկսվելը, բջջային կապին համակցված ինտերնետային հավելվածների կամ սոցիալական կայքերում գրանցված իրենց անհատական էջերի միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջադրանքով հավաքել և վերջիններին են հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ:
Ընդ որում, զինծառայողներից ոմանք հստակ տեղեկություններ են ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմը սկսվելու կոնկրետ օրվա մասին և այդ ընթացքում ակտիվ կապի մեջ գտնվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ՝ վերջինների առաջադրանքով հավաքել և նրանց են հանձնել՝ տարբեր զորամիավորումների, զինապահեստների, զինատեսակների, հրամանատարական կետի, շտաբի գտնվելու վայրերի, տարբեր մարտական դիրքերի կոորդինատների, սպառազինության, կոնկրետ զինտեխնիկայի տեղակայման և դասավորվածության, զորամասերի կազմում ընդգրկված ստորաբաժանումների սպառազինության, դրանց տեղեկայման վայրերի, անվանումների, զորամասի համարի, նախկին անվանման, զորամասերի միացման, զորամասերի մարտական խնդիրների իրականացման տեսակների վերաբերյալ պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, այդ թվում՝ դրանց տեղանքը պատկերող լուսանկարներ՝ դավաճանական գործողությունների դիմաց ինչպես անձամբ, այնպես էլ տարբեր անձանց անուններով առձեռն ու բանկային փոխանցումների միջոցով որպես վարձատրություն՝ պարբերաբար ստանալով տարբեր չափերի գումարներ:
Հիշյալ քաղաքացիների կողմից վարձատրության դիմաց պետական դավաճանություն կատարելու հետևանքով հակառակորդին ընձեռվել է իրական հնարավորություն կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իր կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի և միջոցների քանակը, տեղադիրքերը, տեղաբաշխումները, որպիսի պայմաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի վերսկսման հենց առաջին օրվանից հակառակորդը հրթիռահրետանային և ԱԹՍ միջոցներով դիպուկ հարվածներ է հասցրել շտաբին, N միավորումների և N զորամասերի կառավարման համակարգին, N միավորումների և N զորամասերի մշտական տեղակայման վայրերին, հրթիռահրետանային սպառազինության պահեստներին, ՀՕՊ առանձին համակարգին և այլ ռազմական ու տնտեսական օբյեկտներին, որը հանգեցրել է մարդկային և սպառազինության մեծ քանակությամբ կորուստների:
Նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում պետական դավաճանություն կատարելու և դրան օժանդակելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել ընդհանուր թվով 42 անձանց նկատմամբ, որոնցից 24-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
2022 թվականի ապրիլի 15-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից ընդհանուր 8 անձանց մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթում և նրանց վերաբերյալ քրեական գործի մասը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու նպատակով։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ լրտեսական ցանցում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության գործունեությունը զինված ուժերում չեզոքացնելու ուղղությամբ։