07 նոյեմբերի 2020

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՀԵՐՈՍԱԲԱՐ ԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՀԵՐՈՍԱԲԱՐ ԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հայրենիքի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների առաջին իսկ օրերից, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունների համագործակցված աշխատանքի արդյունքում, բազմաթիվ ծառայողներ իրենց հիմնական գործառույթն են դարձրել հայրենի եզերքի պաշտպանությունը և ամուր կանգնել այդ վեհ առաքելությունն իրականացնելու առաջնագծում:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կենտրոնական մարմնի, տարբեր ստորաբաժանումների, ԱԱԾ սահմանապահ զորքերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԱԾ հարյուրավոր նվիրյալ ծառայողներ այս օրերին ցուցաբերում են բացառիկ և անձնվեր հայրենասիրության, հայրենիքի հանդեպ անսահման նվիրումի՝ ուրույն դրսևորումներ, որոնք վստահաբար մաս են կազմելու հայոց նորօրյա պատմության փառահեղ դրվագների շարքին:

Ազգային անվտանգության մարմինների ծառայողները, իրենց հիմնական աշխատանքային պարտականությունների պատշաճ և համակողմանի  իրականացմանը զուգահեռ, ընթացող ռազմական գործողությունների այս վճռորոշ պահերին պատվով են կատարում նաև հայրենիքի սահմաններն ամուր պահպանելուն ուղղված մարտական առաջադրանքները, իսկ նրանցից յուրաքանչյուրի սխրանքն ու անձնազոհությունը ոսկե տառերով է գրվելու մեր ժողովրդի հաղթական տարեգրության էջերում:

Հավերժ փառք ու խոնարհում նաև հայրենիքի համար հերոսացած մեր բոլոր նվիրյալ գործընկերներին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իր վշտակցությունն է հայտնում բոլոր սգակիր ընտանիքներին, կիսում նրանց ծանր վիշտն ու վստահեցնում, որ մշտապես լինելու է վերջիններիս կողքին՝ սատար ու նեցուկ լինելով ամենատարբեր հարցերում:

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն