27 սեպտեմբերի 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հետևելով Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ուղղությամբ առկա որոշակի տեղեկատվական հոսքերին և վերլուծելով վերջիններիս բուն նպատակը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է առանձին քաղաքական վերլուծաբաններին, ինչպես նաև սեփական շահը պետության անվտանգության շահերից վեր դասող անհատներին՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից և զգուշացնում է, որ նման գործողությունները սպառնում են ՀՀ անվտանգությանը, խուճապ ստեղծում հանրության շրջանում և ընկալվում, որպես պետությունը թուլացնելու քողարկված նպատակ, ինչի համար սահմանված է քրեական պատասխանատվություն:

Հիմք ընդունելով հիշյալ իրողությունը՝ համապատասխան կոչով կրկին դիմում ենք մեր հարգելի քաղաքացիներին և զանգվածային լրատվության միջոցներին, որպեսզի զերծ մնան ինչպես վերոնշյալ մեկնաբանությունների, այնպես էլ չճշտված տեղեկությունների և ոչ պաշտոնական տեսանյութերի և լուսանկարների տարածումից:

Կոչ ենք անում չտրվել սադրանքներին, առաջնորդվել բացառապես պետական շահով և զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող, ներքաղաքական իրավիճակը սրող, հակառակորդի համար նպաստավոր և ձեռնտու փորձագիտական կամ այլ համանման մեկնաբանություններ կատարելուց:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանակներում շարունակելու է ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ սոցիալական ցանցերում և այլ հրապարակային հարթակներում ակնհայտ կեղծ և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տարածքային անձեռնմխելիությունը կասկածի տակ դնող ապատեղեկատվության տարածումը չեզոքացնելու, նման տեղեկատվություն տարածող անձնաց հայտնաբերելու և համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ:

Միաժամանակ մեր քաղաքացիներին խնդրում ենք զերծ մնալ կասկածելի հեռախոսազանգերին, հաղորդագրություններին և հարցումներին արձագանքելու դրսևորումներից:

Այս ամենով հանդերձ հորդորում ենք բացառապես առաջնորդվել «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման պահանջներով: