Բացահայտվել են դատական դեպարտամենտի ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների, քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցության առ այն, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 163-րդ հոդվածի 1-ին մասով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածով սահմանված դատարանների (այսուհետ՝ Դատարան) բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Դեպարտամենտի կազմում ստեղծված ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավար հանդիսացող պաշտոնատար անձը՝ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում, Սնանկության դատարանի նստավայրում, մեկ միասնական դիտավորությամբ, 2018-2020 թթ. ընթացքում շահադիտական դրդումներից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մի շարք քաղաքացիների հրամանագրել է ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի տարբեր հաստիքներում և հաստատապես տեղյակ լինելով վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին, կազմել, հաստատել և իր ստորագրությամբ վավերացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, բովանդակությամբ կեղծ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել աշխատակիցներ թվով 5 քաղաքացիների աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ, ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով, ներկայացրել է վճարման, որի արդյունքում պետական բյուջեից չաշխատած օրերի դիմաց որպես աշխատավարձի գումարներ անհիմն դուրս է գրվել առանձնապես խոշոր չափերով՝ 9.340.946 ՀՀ դրամ, որն էլ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով հափշտակել է:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Քրեական գործով Բարձրագույն դատական խորհրդին նախապես իրազեկելուց հետո քննչական գործողություններ են կատարվել ինչպես Սնանկության դատարանի վարչական շենքում, այնպես էլ՝ ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի փաստացի բնակության վայրում, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր անձանց անուններով ձևակերպված աշխատավարձի վճարային քարտեր, արտարժույթով առկա գումարներ, արտարժույթով գումարներ տրամադրելու վերաբերյալ գրառումներ պարունակող փաստաթղթեր, ինչպես նաև քրեական գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող այլ նյութեր:
2020 թ. հուլիսի 27-ին հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը, ով հարցաքննվել է կասկածյալի դատավարական կարգավիճակում և տվել խոստովանական ցուցմունքներ՝ ամբողջությամբ հատուցելով նաև պետությանը պատճառված վնասը:
Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված խնդիրներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ:
ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ հանրային կառավարման տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու, դրանք իսպառ բացառելու գործելաոճը կրելու է շարունակական բնույթ և Ծառայությունը ցուցաբերելու է առավել անհանդուրժողական մոտեցում՝ հատկապես հանրային միջոցների հափշտակության վերաբերյալ դեպքերով, և հորդորում է ցուցաբերել իրավահպատակ վարքագիծ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։