Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի դեսպանին
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Կիշան Դան Դեվալին` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպման նպատակն էր քննարկել անվտանգության ապահովման ոլորտում երկու բարեկամ պետությունների միջև փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր:
Ողջունելով դեսպանին՝ Է. Մարտիրոսյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումները բարեկամ և գործընկեր երկրի դեսպանի հետ ևս մեկ քայլ են հանդիսանում փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործընթացում և ընդգծել ՀՀ ԱԱԾ-ի կողմից փոխգործակցության խորացման պատրաստակամության մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպված հանցավորության, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև երկու պետությունների անվտանգության մարմինների փորձի փոխանակման մասին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Կ. Դ. Դեվալը նշել է, որ դեսպանությունը մշտապես պատրաստակամ է աջակցել Հայաստանին՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության ակտիվացման գործընթացում` ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների անվտանգության և բարեկեցության: