ԱԱԾ տնօրենն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Թիան Էրլունին: Հանդիպման նպատակն էր քննարկել երկու բարեկամ պետությունների անվտանգության մարմինների միջև փոխգործակցությանն ու փորձի փոխանակմանն առնչվող հարցեր։
Ողջունելով դեսպանին՝ Ա․ Վանեցյանը նշել է, որ Չինաստանը բարեկամական և գործընկեր պետություն է, որի հետ Հայաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Նա հույս է հայտնել, որ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի ու Չինաստանի միջև համագործակցությունն ավելի կամրապնդվի՝ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Թ. Էրլունը նշել է, որ դեսպանությունը մշտապես պատրաստակամ է աջակցել Հայաստանին՝ տարբեր հանցագործությունների դեմ պայքարի և ընթացիկ բարեփոխումների իրականացման հարցերում:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև կադրերի վերապատրաստման, կոռուպցիայի և այլ գլոբալ մարտահրավերների դեմ պայքարի բնագավառում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: