Մասնագիտական քննարկում՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի հանձնարարականով
ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի հանձնարարականով տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որը նվիրված էր քրեադատավարական օրենսդրության առանձին հիմնադրույթներին և օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման իրավակարգավորումներին:
Քննարկմանը ներկա էին ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Է. Մարտիրոսյանը, քննչական դեպարտամենտի պետ, գնդապետ Ա. Աղաջանյանը և ԱԱԾ տարածքային ստորաբաժանումների ղեկավար անձնակազմը: Զեկույցով հանդես եկավ ԱԱԾ տնօրենի խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ. Ենգիբարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին առանձին քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման հիմքերին ու պայմաններին առնչվող հարցեր: Անդրադարձ եղավ խնդրո առարկայի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկայի վերջին զարգացումներին:
Միաժամանակ, բարձրացվեցին նաև առանձին հարցեր, որոնք վերաբերում էին քաղաքացիների դիմում-բողոքներին, հանցագործության մասին հաղորդումներին, նյութերի նախապատրաստմանը և այլն:
Հանդիպման ավարտին, ամփոփելով քննարկման արդյունքները, մասնակիցները կարևորեցին համապատասխան ոլորտներում որոշակի օրենսդրական փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը: