Աշխատանքային խորհրդակցություն` ՀՀ ԱԱԾ տնօրենի հանձնարարականով
Հուլիսի 16-ին ՀՀ ԱԱԾ տնօրենի հանձնարարականով տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Է. Մարտիրոսյանը, ելույթով հանդես եկավ ԱԱԾ տնօրենի խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետը և Երևանի քաղաքային վարչության ղեկավար կազմը:
Հանդիպումը նվիրված էր օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման հիմնախնդիրներին, մասնավորապես` դատարան ներկայացվող միջնորդությունների, դրանց հիմքերի գաղտնազերծման հնարավոր սահմաններին և այլն:
Խորհրդակցության ընթացքում առաջ քաշված խնդիրները քննարկվեցին` հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկայի վերջին զարգացումները:
Միասնական պրակտիկա ձևավորելու անհրաժեշտությունից ելնելով` ներկայացվեցին արդեն իսկ մշակված աշխատանքային ձևաթղթերի տիպային նմուշները, ինչպես նաև քննարկվեցին «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ, որոնց լրամշակման և կատարելագործման ուղղությամբ որոշվեց մշակել օրենսդրական փոփոխությունների առաջարկներ:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նաև քաղաքացիների դիմում-բողոքների և հանցագործության մասին հաղորդումների քննարկման և դրանց հետագա ընթացքին վերաբերող հարցերին: