Հայաստանի սահմանապահները նշեցին մասնագիտական տոնը
Ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի զինծառայողները նշեցին մասնագիտական տոնը՝ Սահմանապահի օրը: Ըստ ավանդույթի՝ օրվա գլխավոր իրադարձությունը դարձավ հանդիսավոր շքերթը:
Տոնական միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հայաստանում գործող դեսպանությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ-ի Սահմանապահ վարչության աշխատակիցներ, ՀՀ Սահմանապահ զորքերի նախկին ղեկավարներ, ովքեր իրենց զգալի ներդրումն են ունեցել զորքերի կազմավորման գործում, վետերաններ և այլ պաշտոնական անձինք:
Շնորհավորելով տոնի կապակցությամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Սահմանն ամենախորհրդավոր երևույթներից մեկն է, որ կարող է գոյություն ունենալ կամ գոյություն ունի: Ընդամենը մի գիծ, որից թեկուզ մեկ մետր այն կողմ, գտնվում ես տնից հեռու, որից մեկ մետր այս կողմ զգում ես, ինչպես տանը: Հայաստանի Հանրապետություն ասելով՝ առաջին հերթին մենք նկատի ունենք մեր սահմանները: Այդ սահմաններով է տեղորոշվում մեր տեղը երկիր մոլորակի վրա, արևի տակ, մեր ապագան և անցյալի մասին մեր պատկերացումը։ Սահմանապահ ծառայությունը, Սահմանապահի օրն ունեն չափազանց կարևոր նշանակություն։ Այսօր մենք նշում ենք Սահմանապահի օրը՝ նկատի ունենալով առաջին հերթին ԱԱԾ-ին, ԱԱԾ սահմանապահ զորքերին: Ուզում եմ ընդգծել, որ մեզ հայտնի հանգամանքների բերումով այսօր սահմանապահ լինելը ոչ միայն աշխատանքային կոչում է, այլև առաքելություն, որն այսօր պատվով կատարում են Սահմանապահ զորքերի ծառայողները, ՀՀ ԶՈւ, Ոստիկանության զորքերի ծառայողները և այսօր ՀՀ-ում առնվազն դե ֆակտո գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին սահմանապահ գյուղը կամ բնակավայրն է: Այս տոնը տոն է ոչ միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի, այլև ԶՈւ համար, ժողովրդի համար, որովհետև մեզնից յուրաքանչյուրը, անկախ նրանից՝ Երևանում է աշխատում, թե ՀՀ սահմանի որևէ ուղեկալում կամ տարածքում, առաջին հերթին մտածում է սահմանի մասին, որովհետև սահմանի անվտանգությունը մեր երկրի անվտանգությունն է, ապագայի անվտանգությունը, մեր երեխայի անվտանգությունը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱԱԾ սահմանապահներին, ՀՀ զինված ուժերին, ոստիկանության զորքերի ծառայողներին, ՌԴ սահմանապահ զորքերին, սահմանապահ գյուղերի բնակիչներին ՀՀ սահմանը ամուր պահելու և կատարած ծառայության համար»։
ՀՀ ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանը, շնորհավորելով Սահմանապահին մասնագիտական տոնի կապակցությամբ նշեց, որ Հայրենիքի սահմանները սրբազան են, և այդ սահմանների պաշտպանությունը Հայաստանի և նրա բոլոր քաղաքացիների պարտականությունն է։
«Այդ առաքելության առաջին գծում սահմանապահն է։ Համոզված եմ, որ սահմանապահներից յուրաքանչյուրն իր ծառայությանը վերաբերվում է բարձր գիտակցությամբ և պատասխանատվությամբ։ Հայաստանի կառավարությունը և ժողովուրդը մեզ վստահել են մի սահմանագիծ, որտեղից և սկսվում է մեր երկիրը, մեր ընտանիքների անվտանգությունը, և վերջապես սահմանից է սկսվում Նոր Հայաստանի վերելքը։
Մասնագիտական տոնի օրը լավ առիթ է գնահատական տալու սահմանապահի կատարած աշխատանքին և շնորհակալություն հայտնելու անձնվեր աշխատանքի համար։ Շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին, ՀՀ Զինված ուժերին, Ոստիկանության ներքին զորքերին, ինչպես նաև բոլոր այն պետական կառույցներին, որոնց հետ արդյունավետ համագործակցում են մեր սահմանապահները։ Սահմանապահների անուններից հավաստիացնում եմ, որ մեր սահմաններն այսօր ամուր են և հուսալի, այդպես է լինելու նաև վաղը»,- ընդգծեց ԱԱԾ տնօրենը։
Սահմանապահի օրվա կապակցությամբ սահմանների անվտանգության ապահովման գործում ունեցած ձեռքբերումների համար Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանի հրամաններով մի շարք զինծառայողներ և վետերաններ պարգևատրվեցին մեդալներով, կրծքանշաններով և այլ պարգևներով:
Հանդիսավոր շքերթից հետո պսակներ դրվեցին Հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելիս զոհված սահմանապահների պատվին կանգնեցված խաչքար-հուշարձանին: Այնուհետև, Վարչապետը պատվավոր հյուրերի հետ միասին շրջեց Սահմանապահ զորքերի վարչության տարածքով, ուսումնասիրեց սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշները, ծանոթացավ ուսումնական և կինոլոգիական կենտրոններին: