ԱԱԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին
Մարտի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին:
Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով հյուրընկալվելու համար՝ Ա. Վանեցյանը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ հայ-ամերիկյան փոխգործակցությունն անվտանգության ոլորտում էլ ավելի կակտիվանա և կգրանցվեն նոր ձեռքբերումներ:
Իր խոսքում ԱԱԾ տնօրենն ընդգծեց ԱՄՆ-ի տարբեր գերատեսչությունների հետ համատեղ միջազգային ահաբեկչական խմբավորումների, կիբերհանցագործությունների, թմրանյութերի և հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառության, զանգվածային ոչնչացման զենքի ու ռադիոակտիվ նյութերի տարածման, անօրինական միգրացիայի, փողերի լվացման և այլ հանցագործությունների դեմ պայքարի կարևորությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ-ի դեսպան Լ. Թրեյսին ասաց, որ ամերիկյան կողմի համար շատ կարևոր էր ԱԱԾ տնօրենի հետ հանդիպումը և քննարկումը, թե ինչպես կարող են Միացյալ Նահանգները և Հայաստանը գործակցել կոռուպցիայի և այլ գլոբալ մարտահրավերների դեմ պայքարում:
Հանդիպման ավարտին կողմերը նախանշեցին համագործակցության հետագա ուղղությունները և հույս հայտնեցին, որ հանդիպումը նոր շունչ կհաղորդի երկկողմ գործակցությանը: