ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել, ծանոթացել զինհաշմանդամների համար նախատեսված վերականգնողական մասնագիտական կենտրոնի գործունեությանը, զրուցել կենտրոնում վերականգնողական բուժում ստացող զինծառայողների հետ:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացնելով կենտրոնի հնարավորությունները՝ նշել է, որ կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ լուծվում են նաև զինվորական հաշմանդամների սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցերը:
Շրջայցից հետո ԱԱԾ տնօրենը կիսվել է իր տպավորություններով. «Տեղեկացված էինք, որ նման կենտրոն կա, տեղեկացված էինք, որ բուժվում են մեր զինվորները, վիրավորված զինվորականները, բայց տեսնել այս ամենը քո աչքերով և հասկանալ, թե ինչ է իրականում այստեղ արվում, իրոք շատ տպավորիչ էր»: Անդրադառնալով հարցին, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող երիտասարդներն աշխատանք գտնելու խնդիր ունեն՝ ԱԱԾ տնօրենը նշել է, որ ինչպես ԱԱԾ-ում, այնպես էլ ՀՖՖ-ում մեծ սիրով պատրաստ են աշխատանքի ընդունել նրանց. «ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ զրույցում տեղեկացա, որ կարող ենք ներկայացնել մեզ մոտ աշխատելու համար անհրաժեշտ պահանջները, և այդ երիտասարդներն համապատասխան վերապատրաստումներից հետո ձեռք կբերեն պահանջված հմտություններն ու կանցնեն աշխատանքի» և ավելացրել է, որ այն սպաներն ու զինվորները, ովքեր վիրավորում են ստացել ծառայության ժամանակ և առողջական խնդիրների պատճառով չեն կարող ծառայել բանակում, կշարունակեն աշխատել ԱԱԾ-ում կամ ՀՖՖ-ում: ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշել է նաև, որ ԱԱԾ-ի և ՀՖՖ-ի աշխատանքներում այդ զինվորներին ու սպաներին ներգրավելու հարցը կլինի իր հսկողության ներքո:
Շրջայցի վերջում, ՀՀ ԱԱԾ տնօրենը ճաշել է կենտրոնում բուժվող զինծառայողների հետ: