Նշվեց Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը
Դեկտեմբերի 20 -ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակի և Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ։
Հանդիսավոր նիստին մասնակցեց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանը։ Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով Ազգային անվտանգության ծառայության ողջ անձնակազմին և վետերաններին՝ ՀՀ ԱԱԾ տնօրենն իր ելույթում նշեց. «Մեր ժողովրդի կողմից իրականացված և քաղաքակիրթ աշխարհին հիացրած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունն ու դրան հաջորդած լայնա-ծավալ ներքաղաքական ու տնտեսական բարեփոխումները շարունակում են ընթանալ այնպիսի պայմաններում, երբ չեն թուլացել արտաքին վտանգները, մասնավորապես թշնամաբար տրամադրված պետությունների հատուկ ծառայությունների, կազմակերպությունների, ինչպես նաև առան¬ձին անձանց հետախուզական և այլ քայքայիչ բնույթի նկրտումները»: ՀՀ ԱԱԾ տնօրենը ելույթում շեշտեց. «Մեր բոլորի խնդիրը մեկն է. ստեղծել այնպիսի պայմաններ և երաշ¬խիքներ, որպեսզի մեր երկրում համակարգային կոռուպցիան այլևս երբեք չկարողանա անգամ ծիլ տալ»:
Ամփոփելով կատարված աշխատանքները, ՀՀ ԱԱԾ տնօրենը նշեց. «Հպարտ եմ արձանագրելու, որ Ազգային անվտանգության ծառայությունը, թերևս, երբեք այսպիսի մեծ ժողովրդական աջակցություն չի վայելել: Դա մեզ համար մեծագույն պատիվ է և միաժամանակ, մեծագույն պատասխանատվություն: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինները եղել և այսուհետ ևս կանգնած են լինելու ժողովրդի ու պետության անվտանգության ապահովման դիրքերում»։
Մասնագիտական տոնի կապակցությամբ Ազգային անվտանգության մարմինների աշխատողներին ջերմորեն շնորհավորեց նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը. «Հայաստանի նորագույն պատմության մեջ մեր ազգային անվտանգության մարմիններն ընդհանրապես և ձեզնից յուրաքանչյուրն անհատապես իրենց ներդրումն են ունեցել մեր պետության կայացման, նրա անվտանգության ապահովման գործում։ Դա ծավալուն, երբեմն կամ շատ հաճախ չերևացող, բայց խիստ կարևոր աշխատանք է և գործունեություն»:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը արձանագրեց, որ հեղափոխությունից հետո ԱԱԾ-ն ստանձնել է հատուկ դերակատարություն կոռուպցիայի դեմ պայքարում. «Այսօր կառուցում ենք որակապես նոր պետություն, նոր հասարակություն, նոր Հայաստանում պետք է բացառենք կոռուպցիան, կաշառակերությունը, հանցագործություն կատարած անձանց անպատժելիությունը, պաշտոնատար դիրքի չարաշահումները և ընդհանրապես այն ամենը, ինչ խեղաթյուրում է ժողովրդավարության բուն էությունը»:
ՀՀ վարչապետը նաև ընդգծեց. «Մեզանում նախկինում ընդունված չի եղել ուժային կառույցների ներկայացուցիչների հետ խոսել մարդու իրավունքներից ու ժողովրդավարությունից, այսուհետ խոսելու ենք, որովհետև սահմանադրական կարգի պահպանություն նշանակում է առաջին հերթին պաշտպանել ժողովրդի իշխանությունը հնարավոր բոլոր ոտնձգություններից: Մեր հեղափոխության դավանած արժեքները բառացի գրված են մեր երկրի Սահմանադրության մեջ: Պաշտպանելով ժողովրդին՝ դուք պաշտպանում եք իշխանության աղբյուրը: Իշխանության որևէ այլ աղբյուր, բացի Հայաստանի քաղաքացիներից չկա և չի կարող լինել: Հիշե՛ք կոռուպցիան պարզապես փող ուտելը չէ: Համակարգային կոռուպցիան ամենաուղղակի կերպով կապված է իշխանությունը ժողովրդից խլելու և ապօրինաբար պահելու գործընթացների հետ: Մենք ձեզ հետ միասին և մեր ողջ հասարակության հետ դա թույլ չենք տալու»:
Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին ողջույնի խոսք հղեց նաև ԱԱԾ վետերանների խորհրդի նախագահ, գնդապետ Նավասարդ Մինասյանը:
ՀՀ նախագահի հրամանագրերով և վարչապետի որոշումներով ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ԱԱԾ մի շարք աշխատակիցներ արժանացան պետական պարգևների, շնորհակալագրերի և հուշամեդալների:
Անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակի և մասնագիտական տոնի առթիվ ԱԱԾ աշխատակիցներին շնորհավորեցին և գերատեսչական պարգևներ հանձնեցին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, Արցախի ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամաններով համակարգի մի շարք վետերաններ և աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով, կրծքանշաններով և պատվոգրերով։