Նշվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի 25-ամյակը
Նոյեմբերի 16-ին նշվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի ստեղծման 25-ամյակը:
Տոնական միջոցառմանը, որը տեղի ունեցավ Գիտաուսումնական կենտրոնի շենքում մասնակցեցին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն գնդապետ Արթուր Վանեցյանը, Ծառայության ղեկավար կազմը և վետերանները:
Շնորհավորելով Գիտաուսումնական կենտրոնի ղեկավարությանը, անձնակազմին, վետերաններին և շրջանավարտներին` ԱԱԾ տնօրենը, մասնավորապես նշեց, - «Գիտաուսումնական կենտրոնը 25 տարվա ճանապարհ է անցել` արժանապատվորեն կատարելով իրեն վստահված առաքելությունը:
Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ աշխատակիցների և ղեկավար կազմի ներկայացուցիչների մեծ մասը Կենտրոնի շրջանավարտներ են: Նրանց թվում են գեներալներ և բարձր սպայական կոչում ունեցող բազմաթիվ աշխատակիցներ:
Վստահ եմ, որ նոր պայմաններում, երբ ընթացքի մեջ են ակտիվ բարեփոխումները, երբ էապես բարձրացել է ազգային անվտանգության մարմինների նկատմամբ հանրային վստահությունը, մենք կկարողանանք շարունակաբար կատարելագործել կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացը և պահպանել բարձր որակավորում ունեցող արհեստավարժ մասնագետներով համալրված կառույցի մեր համբավը»:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն գնդապետ Արթուր Վանեցյանի հրամանով ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի մի շարք աշխատակիցների և վետերաններ արժանացան պարգևների: