Լիազորություններ
(Քաղվածք «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքից)
Հոդված 15. Ազգային անվտանգության մարմինների լիազորությունները
(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-268-Ն)
1. Ազգային անվտանգության մարմինները՝
1) իրենց իրավասության սահմաններում ապահովում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, պետական սահմանների անձեռնմխելիությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքները, ազատությունները և օրինական շահերը, ամրապնդում են հանրապետության պաշտպանունակությունը.
2) գաղտնի հիմունքներով համագործակցում են դրա համար համաձայնություն տված անձանց հետ.
3) օրենքով սահմանված կարգով իրականացնում են հետաքննություն, նախաքննություն և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` ունեն և օգտագործում են ձերբակալվածներին պահելու վայրեր.
4) ներթափանցում են հետախուզական և այլ գործունեություն իրականացնող օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններ ու կազմակերպություններ, ինչպես նաև հանցավոր խմբավորումներ, որոնց գործունեությունը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը.
5) օրենքով սահմանված կարգով տեղեկատվական անվտանգության ոլորտում իրականացնում են պետական վերահսկողություն, ինչպես նաև համակարգում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պաշտպանվող տեղեկատվության գաղտնագրային և տեխնիկական պաշտպանության բնագավառի գործունեությունը, սահմանում են Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական հետախուզություններին հակազդման կազմակերպման միասնական կարգը.
6) ծառայողական պարտականությունները կատարելիս օգտագործում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող կապի և դրա հայտնաբերման միջոցները, իսկ անհետաձգելի դեպքերում` նաև կազմակերպություններին ու ֆիզիկական անձանց պատկանող կապի և դրա հայտնաբերման միջոցները` համարժեք հատուցմամբ.
7) հանցագործությունների կանխարգելման, հանցագործություն կատարած կամ դրանց կատարման մեջ կասկածվող անձանց հետապնդելու և ձերբակալելու, շտապ բժշկական օգնության կարիք ունեցող ֆիզիկական անձանց բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններ հասցնելու, ինչպես նաև դեպքի վայր մեկնելու համար, անհետաձգելի դեպքերում օգտագործում են ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները: Ազգային անվտանգության մարմինները, օրենքով սահմանված կարգով, պարտավոր են հատուցել նրանց ծախսերը կամ պատճառած վնասը.
8) հանցագործության կատարման մեջ կասկածվող անձանց հետապնդելիս օրենքով սահմանված կարգով մուտք են գործում ֆիզիկական անձանց պատկանող բնակելի և այլ շինություններ, հողամասեր, կազմակերպությունների շինություններ, եթե բավարար տվյալներ կան ենթադրելու, որ այնտեղ հանցագործություն է կատարվում կամ կատարվել է, և հապաղումը կարող է վտանգի տակ դնել քաղաքացիների կյանքն ու առողջությունը.
9) ստուգում են ֆիզիկական անձանց և պաշտոնատար անձանց` անձը հաստատող փաստաթղթերը, եթե հանցագործության կատարման մեջ նրանց կասկածելու համար բավարար հիմքեր կան.
10) ձերբակալում են այն անձանց, որոնք ներթափանցել են կամ ներթափանցվելու փորձ են կատարել հատուկ ռեժիմային օբյեկտների և պահպանվող այլ օբյեկտների հսկվող տարածքներ, ինչպես նաև ստուգում են նրանց անձը հաստատող փաստաթղթերը, նրանցից ստանում են բացատրություններ, կատարում են այդ անձանց զննում, նրանց իրերի ու փաստաթղթերի զննում և առգրավում.
11) սահմանված կարգով պետական մարմիններ և կազմակերպություններ են ներկայացնում առաջարկություններ կամ միջնորդություններ անվտանգության սպառնալիքների և այն հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների ու պայմանների վերացման մասին, որոնց բացահայտումը, կանխումն ու խափանումը վերապահված են լիազորված մարմնի իրավասությանը.
12) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից, օրենքով սահմանված կարգով, ստանալ տեղեկություններ (այդ թվում` առցանց), որոնք անհրաժեշտ են ազգային անվտանգության մարմինների վրա դրված պարտականությունների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տեղեկությունների ստացման հատուկ կարգ է սահմանված.
13) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների գործունեության համակարգման և արդյունքների ամփոփման համար ունեն տեղեկատվական համակարգեր, վերլուծության, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական նպատակներով տեսագրման, ձայնագրման, կինոնկարահանման, լուսանկարահանման և տեխնիկական կենտրոններ.
14) անցկացնում են քրեագիտական և այլ փորձաքննություններ ու հետազոտություններ.
15) ազգային անվտանգության մարմինների իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ոլորտային համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի, իսկ բացառիկ դեպքերում` փոխադարձության հիման վրա, համագործակցում են օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների հետ ու սահմանված կարգով, փոխգործակցության հիման վրա, նրանց հետ փոխանակում են օպերատիվ տեղեկություններ, հատուկ տեխնիկական և այլ միջոցներ.
16) իրենց իրավասության սահմաններում, օրենքով սահմանված կարգով, մասնակցում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանը և կնքում քաղաքացիաիրավական պայմանագրեր.
17) իրականացնում են միջոցառումներ` ուղղված սեփական անվտանգության ապահովմանը (այդ թվում` լիազորված մարմնի համակարգում օտարերկրյա պետությունների տեխնիկական հետախուզության միջոցներին հակազդելը), ազգային անվտանգության մարմինների պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանմանը, օգտագործում են տեխնիկական միջոցներ` օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և կազմակերպությունների, հանցավոր խմբերի և առանձին անձանց ներթափանցման կանխման ու խափանման նպատակով.
18) ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների, ազգային անվտանգության մարմինների ստորաբաժանումների, շինությունների և տրանսպորտային միջոցների քողարկման նպատակով օգտագործում են պետական մարմինների և կազմակերպությունների փաստաթղթերը, այլ միջոցները, որոնք անհրաժեշտ են քողարկման համար.
19) անցկացնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնահարցերի գիտական հետազոտություններ.
20) պայմանագրային հիմունքներով օգտվում են ֆիզիկական անձանց և կազմակերպությունների բնակելի և այլ շինություններից.
21) կադրերի մասնագիտական նախապատրաստության նպատակով, օրենքով սահմանված կարգով, ունեն համապատասխան ուսումնական հաստատություններ.
22) հատուցմամբ կամ անհատույց իրականացնում են կադրերի պատրաստում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, կազմակերպությունների անվտանգության ծառայությունների համար, եթե դա չի հակասում ազգային անվտանգության մարմինների գործունեության սկզբունքներին.
23) վարչապետին և նրա հանձնարարությամբ այլ պետական մարմիններ և կազմակերպություններ տեղեկատվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն առնչվող հարցերի մասին.
24) բացահայտում, կանխում և խափանում են Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ ուղղված` օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական և այլ քայքայիչ գործունեությունը.
25) հետախուզական տեղեկություններ են հավաքում Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, նրա տնտեսական, գիտատեխնիկական և պաշտպանական ներուժի հզորացման, պետության անվտանգության ամրապնդման նպատակով.
26) բացահայտում, կանխում և խափանում են իրենց քննչական ենթակայությանը վերապահված, ինչպես նաև օրենքով նախատեսված իրենց լիազորությունների կատարման ընթացքում հայտնի դարձած այլ հանցագործությունները, իրականացնում են այդ հանցագործությունները կատարած կամ դրանց կատարման մեջ կասկածվող անձանց հետախուզումը.
27) բացահայտում, կանխում և խափանում են ահաբեկչական գործողությունները.
28) մշակում և պետական համապատասխան մարմինների հետ համատեղ իրականացնում են միջոցառումներ` ուղղված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն երևույթների, օտարերկրյա պետությունների հետ կապված` զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառության, դրանց մաքսանենգության, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, զինված կազմավորումների, հանցավոր խմբերի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու նպատակ ունեցող անձանց և կազմակերպությունների դեմ պայքարին.
29) իրենց իրավասության սահմաններում ապահովում են անվտանգությունը Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում և հիմնարկներում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում.
30) իրենց իրավասության սահմաններում ապահովում են Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի, ատոմային էներգետիկայի, տրանսպորտի և կապի, էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության, ռազմավարական (ստրատեգիական) օբյեկտների, ինչպես նաև առաջնային գիտական մշակումների ոլորտների անվտանգությունը.
31) մասնակցում են պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության վերաբերյալ միջոցառումների մշակմանը և իրականացմանը, վերահսկում են պետական մարմիններում, զինվորական կազմավորումներում, կազմակերպություններում պետական և ծառայողական գաղտնիքի պահպանումը, սահմանված կարգով իրականացնում են միջոցառումներ` կապված քաղաքացիներին պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվության հետ.
32) անցկացնում են միջոցառումներ` ուղղված Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս նրա կազմակերպությունների և քաղաքացիների անվտանգության ապահովմանը.
33) Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովում են օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը.
34) իրենց իրավասության սահմաններում, իրավասու պետական մարմինների հետ համատեղ, մասնակցում են Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող հավաքների և հանրային միջոցառումների անվտանգության ապահովմանը.
35) ռադիոհսկողության ճանապարհով իրականացնում են հաղորդող ռադիոէլեկտրոնային միջոցների, ռադիոտվյալների և ռադիոառաքումների գրանցումն ու կենտրոնացված հաշվառումը, բացահայտում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն սպառնացող կամ հակաիրավական նպատակներով օգտագործվող ռադիոէլեկտրոնային միջոցների ռադիոառաքումները և ռադիոալիքները.
36) օրենսդրությանը համապատասխան` մասնակցում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելուն և դադարեցնելուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուն ու տարածքից դուրս գալուն, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ռեժիմին վերաբերող հարցերի լուծմանը.
37) պահպանում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների մոբիլիզացիոն պատրաստվածությունը.
38) մասնակցում են Հայաստանի Հանրապետության տեղեկատվական-հեռահաղորդակցական համակարգերում պետական տեղեկատվական պաշարների պաշտպանության, տեղեկատվության գաղտնագրային և տեխնիկական պաշտպանության, տեխնիկական հետախուզություններին հակազդման բնագավառներում պետական քաղաքականության մշակմանը և իրացնում են դա.
39) Հանրապետության նախագահին, վարչապետին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց ապահովում են կառավարական կապով և հատուկ կապի այլ տեսակներով.
40) իրականացնում են ազգային անվտանգության մարմինների համար կադրերի պատրաստումը, նրանց վերապատրաստումը և որակավորման բարձրացումը.
41) օրենսդրությանը համապատասխան` իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը.
42) կազմակերպում և իրականացնում են հակահետախուզական գործունեություն, որոշում են հակահետախուզական միջոցառումների անցկացման և դրանք իրականացնելիս գաղտնի մեթոդների ու միջոցների օգտագործման կարգը, ինչպես նաև սահմանում են ազգային անվտանգության մարմինների կողմից օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններ և կազմակերպություններ ներթափանցելու կարգը.
43) աջակցում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զինվորական կազմավորումների, ինչպես նաև դրանց կառավարման մարմինների մարտունակության և մարտական պատրաստության պահպանմանն ու ամրապնդմանը.
44) ստանում, մշակում և վերլուծում են Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնացող վտանգի մասին տեղեկատվությունը, կանխատեսում են դրա վտանգը.
45) օրենքով սահմանված կարգով ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ մասնակցում են իրականացվող միջոցառումներին.
46) սահմանում են ազգային անվտանգության մարմիններում իսկական և պայմանական անվանումների կիրառման և շնորհման կարգը.
47) օրենքով սահմանված կարգով սահմանում են հատուկ նշանակության հողերի օգտագործման սահմանափակումներ և նորմեր, մշակում և ներկայացնում են առաջարկություններ` հատուկ նշանակության հողերի օգտագործման կարգի, պաշտպանական գոտիների, հատուկ կարգավորման դրույթների, քաղաքաշինական գործունեություն ծավալելու կարգի վերաբերյալ.
48) իրենց իրավասության սահմաններում հրապարակում են ազգային անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ ակտեր ու հետևում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից դրանց կատարմանը.
49) ազգային անվտանգության մարմինների պաշտոնական ներկայացուցիչներին գործուղում են օտարերկրյա պետություններ` այդ պետությունների հատուկ ծառայությունների կամ իրավասու մարմինների համաձայնությամբ միջազգային բնույթի հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով.
50) վարչապետին ու նրա հանձնարարությամբ` պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմիններին իրազեկում են Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնացող վտանգի մասին.
51) ապահովում են Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությունը և իրենց իրավասության սահմաններում պայքարում են տնտեսական հանցագործությունների դեմ.
52) ռադիոհաճախականությունների բաշխումը և նշանակումը տնօրինող կազմակերպություններից ստանում են ռադիոհաճախականությունների տիրույթներ, ինչպես նաև վարձակալում են Հայաստանի Հանրապետության համապատասխան կազմակերպություններից կապի գծերն ու կապուղիները՝ Հայաստանի Հանրապետությունում և նրա տարածքից դուրս կառավարական կապի ու հատուկ կապի այլ տեսակների բացառիկ օգտագործման համար.
53) ապահովում են Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության, վարչապետի, նախարարությունների, ինքնավար մարմինների, տարածքային կառավարման մարմինների, Բարձրագույն դատական խորհրդի, դատարանների, դատախազության, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, Կենտրոնական բանկի, պետական այլ մարմինների, Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված զորամասերի (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերի), ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների փոստատարային օպերատիվ կապը (բացառությամբ դիվանագիտական փոստի).
54) փոխադրում են պետական և դիվանագիտական մարմինների հատուկ կարևորության, հույժ գաղտնի, գաղտնի և այլ ծառայողական թղթակցությունները, ապահովում են դրանց պահպանումը.
55) լիազորված մարմնում գործունեության համակարգման և արդյունքների ամփոփման համար ստեղծում են կապի, տեղեկատվական և տվյալների փոխանցման համակարգեր, տեղեկատվության պաշտպանության միջոցներ (այդ թվում՝ նաև կրիպտոգրաֆիկական պաշտպանության միջոցներ), Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ սահմանում են լիազորված մարմնի գործունեությանը վերաբերող օպերատիվ, արխիվային և այլ նյութերի հաշվառման, պահպանման ու օգտագործման կարգը.
56) իրենց իրավասության սահմաններում ընդհանրացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկան, դրա կատարելագործման վերաբերյալ սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնում վարչապետին, մասնակցում են համապատասխան նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակմանը, իրենց գործունեության իրավական ապահովումը կազմակերպելիս իրականացնում են ազգային անվտանգության մարմինների մեթոդական ղեկավարումը.
57) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ սահմանում են լիազորված մարմնում գործավարության և արխիվային գործի կազմակերպման միասնական պահանջները.
58) մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով կազմակերպում են ազգային անվտանգության մարմինների գործունեությանը վերաբերող հրապարակումներ և հաղորդումներ.
59) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչություններում կազմակերպում, իրականացնում և վերահսկում են տեխնիկական հետախուզություններին հակազդման հատուկ միջոցառումներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում են տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական-հեռահաղորդակցական համակարգերի ներդրման, ծրագրային ուղեկցման, պաշտպանական միջոցների փորձաքննության իրականացումը.
60) հանցավոր ոտնձգություններից ապահովում են ազգային անվտանգության մարմինների զինծառայողների և քաղաքացիական անձնակազմի, այդ մարմիններին աջակցող անձանց, ազգային անվտանգության մարմինների քննչական ենթակայությանը վերապահված գործերով քրեական դատավարության մասնակիցների, նրանց ընտանիքների անդամների և հարազատների կյանքի, առողջության, պատվի և արժանապատվության, ինչպես նաև գույքի պաշտպանությունը.
61) կազմակերպում են քաղաքացիների ընդունելությունը, իրենց իրավասության սահմաններում քննարկում նրանց հանրագրերը, դիմումները և բողոքները.
62) սահմանված կարգով պատրաստում են օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց, հաստիքային գաղտնի աշխատողներին և այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից ստեղծված կազմակերպությունները, հիմնարկները, շահագործվող շինությունները, հատուկ տեխնիկական և տրանսպորտային միջոցները քողարկող փաստաթղթեր.
63) մասնակցում են սպառազինության և հատուկ տեխնիկայի, ստեղծվող սպառազինությանն ու հատուկ տեխնիկային ներկայացվող տեխնիկական պահանջների մշակմանը, իրականացնում են սպառազինության և հատուկ տեխնիկայի կուտակման, պահպանման ու վերանորոգման, ինչպես նաև դրանց մատակարարման և վերանորոգման պատվերների տեղաբաշխում.
64) ազգային անվտանգության մարմինների պարտականությունների կատարման համար սահմանված կարգով ունեն հատուկ ստորաբաժանումներ:
(15-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-146-Ն, 23.03.18 ՀՕ-221-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-268-Ն)