Քննչական դեպարտամենտ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018թ. հունիսի 28-ի N 860-Լ որոշմամբ հաստատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության նոր կանոնադրությունն ու կառուցվածքը, համաձայն որի՝ կազմավորվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը, որը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համակարգում երկարամյա գործունեություն ծավալած քննչական մարմնի իրավահաջորդն է (1991-1996 թթ. ՀՀ ազգային անվտանգության պետական վարչությունում գործել է քննչական բաժին, 1996-1999 թթ. ՀՀ ՆԳ և ԱԱՆ կազմում եղել է քննչական վարչություն, 1999-2002 թթ. ՀՀ ԱԱՆ-ի կազմում՝ քննչական վարչություն, իսկ 2002-2018 թթ․՝ ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն): Քննչական դեպարտամենտի կազմում ձևավորվել և գործում են հետևյալ բաժինները՝
1. «Հասարակական անվտանգության, սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության, խաղաղության և մարդկության անվտանգության, կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների գործերով քննության բաժին»․
2. «Հատուկ քննչական ծառայողների՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաև կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների գործերով քննության բաժին»․
3. «Տնտեսական գործունեության, բնակչության առողջության դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով քննության բաժին»:
Քննչական դեպարտամենտում ներկայումս իրականացվում է քննիչների նեղ մասնագիտացում՝ ըստ հանցատեսակների՝ հաշվի առնելով վարույթում քննվող գործերի առանձնահատկությունները, ինչպես նաև գիտատեխնիկական հնարավորությունները՝ հատկապես տեղեկատվական անվտանգության դեմ ուղղված հանցագործություններով։ Մասնագիտական տարանջատման արդյունքում գործում են առանձին բաժիններ, որոնք անմիջականորեն ղեկավարվում են այդ ոլորտի խորացված գիտելիքներով օժտված, փորձառու բաժնի պետերի կողմից:
Քննչական դեպարտամենտի քննիչները տարբեր համաձայնագրերի շրջանակներում վերապատրաստվում են ՀՀ Արդարադատության ակադեմիայում, մասնակցում են ուսումնական ծրագրերի ՌԴ ԱԴԾ-ում, Չինաստանում և ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպվող սեմինարներին: ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հասարակական անվտանգության, բնակչության առողջության, սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության, կառավարման կարգի, տնտեսական գործունեության, խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները, ինչպես նաև բոլոր այն գործերը, որոնք հանձնարարվում են ՀՀ գլխավոր դատախազության կողմից:
ՀՀ ԱԱԾ ՔԴ կողմից քննվող գործերով առավել գերիշխող հանցագործության տեսակներն են կոռուպցիոն հանցագործությունները, ապօրինի սահմանահատումները, անօրինական միգրացիան, թմրամիջոցների մաքսանենգությունը: Քննչական դեպարտամենտի վարույթում քննված քրեական գործերի զգալի մասը եղել է բարդ, մեծածավալ և բազմադրվագ, ընդ որում՝ առանձին դեպքերում ՔԴ-ի քննությանն են հանձնվել նաև այլ մարմինների քննչական ենթակայության` չբացահայտված կամ խնդրահարույց ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, որոնք ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունքում սահմանված ժամկետներում բացահայտվել և հասցվել են տրամաբանական ավարտին։