ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱԿԱԶԴՈՒՄ

Տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործություններն ավանդաբար համարվում են լատենտայնության բարձր մակարդակ ունեցող հանցագործություններ: Դրանց հայտնաբերումը, բացահայտումը, ինչպես նաև պաշտոնատար անձանց մեղավորության հիմնավորումը հաճախ մեծ բարդություն է ներկայացնում և պահանջում է օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից հետևողական, գրագետ, պլանավորված և համագործակցված գործողությունների իրականացում:

ՀՀ-ում արձանագրված տնտեսական և կոռուպցիոն բնույթի  հանցագործությունների վիճակագրական տվյալների համալիր ուսումնասիրությունը վկայում է, որ այն իրական սպառնալիք է ինչպես ազգային անվտանգությանը, այնպես էլ միջազգային հարթակում Հայաստանի Հանրապետության հեղինակությանը, քանի որ այդ բնույթի հանցագործությունները ուղղակի հարվածում են պետության կենսագործունեության համար կարևորագույն՝ ֆինանսական, տնտեսական ոլորտների բնականոն աշխատանքին, հակասում են տնտեսվարողների միջև հավասար տնտեսական մրցակցության սկզբունքին, ինչպես նաև վտանգում են Հայաստանի Հանրապետության ֆինանսատնտեսական գրավչությունը հնարավոր խոշոր ներդրումների համար։ ՀՀ կառավարության որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականությամբ պայմանավորված՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում իրականացված իրավական, կառուցվածքային և կազմակերպչական բնույթի լուրջ բարեփոխումների շրջանակում, վերը նշված սպառնալիքների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով ստեղծվել է Տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման առանձին մարմին։


Ստորաբաժանումը հակահետախուզական ապահովում է իրականացնում հիմնականում կենսապահովման, ֆինանսաբյուջետային, հարկային, մաքսային, տրանսպորտի, դատական ու իրավապահ համակարգերի ոլորտներում, ինչպես նաև կատարում է համապատասխան տեղեկատվավերլուծական աշխատանք, որն իրականացվում է ԱԱԾ`  մասնագիտական համապատասխան գիտելիքներ ունեցող աշխատակիցների կողմից:


ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման մարմինը համագործակցում է ինչպես ԱԱԾ ստորաբաժանումների, այնպես էլ այլ գերատեսչությունների և օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետ: