ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ
«ՀՀ ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ազգային անվտանգության մարմինների պարտականությունից և խնդիրներից է բացահայտել, կանխել, խափանել ահաբեկչական գործողությունները, ինչպես նաև պայքարել անօրինական զինված կազմավորումների, հանցավոր խմբերի, սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու նպատակ ունեցող անձանց և կազմակերպությունների դեմ։ ՀՀ ԱԱԾ Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գործառույթ իրականացնող մարմինը համակարգում է ազգային անվտանգության մարմինների կողմից ՀՀ տարածքում կենսապահովման և կրիտիկական կարևոր օբյեկտների հակաահաբեկչական պաշտպանության ապահովմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը։ Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության և այլ ծայրահեղական դրսևորումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստորաբաժանումը պատրաստում է առաջարկներ՝ ուղղված վերը նշված սպառնալիքներից անձի, հասարակության և պետության պաշտպանության ոլորտում ՀՀ նորմատիվ ակտերի մշակմանն ու կատարելագործմանը, տեղեկատվության մշտական փոխանակման նպատակով համագործակցում է արտասահմանյան հակաահաբեկչական կառույցների հետ, ուսումնասիրում նրանց փորձը։ Համագործակցության շրջանակներում ՀՀ ԱԱԾ Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքար իրականացնող կառույցի աշխատակիցների կողմից պահպանվում են աշխատանքային շփումներ ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի և ահաբեկչության դեմ պայքար իրականացնող միջազգային կառույցների, կազմակերպությունների (Ինտերպոլի, ՄԱԿ-ի կառույցների) և այլ պետությունների հատուկ ծառայությունների հետ։ Կառույցի աշխատակիցները մանրակրկիտ ուսումնասիրում և վերլուծում են աշխարհի տարբեր վայրերում ահաբեկչական կամ այլ ծայրահեղական դրսևորումների դեպքերը, դրանց ծագման պատճառներն ու պայմանները, հատուկ ծառայությունների կողմից դրանց չեզոքացմանը կամ հետևանքների նվազեցմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը։ Նշված գործունեության արդյունքում կուտակված տեսական գիտելիքները հետագայում փորձարկվում են իրականացվող գործնական զորավարժություններում և տարատեսակ վարժանքներում։ Պլանային հիմունքներով կազմակերպվում և իրականացվում են զորավարժություններ ահաբեկչության դեմ պայքար իրականացնող սուբյեկտների հետ, այդ թվում ՀՀ կենսապահովման և կրիտիկական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներում։ Վարժանքների ընթացքում մոդելավորվում են տարբեր օբյեկտներում ահաբեկչական գործողությունների իրականացման իրավիճակներ, այդ թվում՝ «պատանդների» ազատում և «ահաբեկիչների» հետ բանակցությունների վարում։ Նման զորավարժություններ յուրաքանչյուր տարի իրականացվում են նաև ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի հետ, որոնք սովորաբար անցնում են մի քանի փուլով, վարժանքներին մասնակցող պետությունների տարածքներում ահաբեկչության դեմ պայքար իրականացնող մարմինների ներգրավմամբ։
Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքար իրականացնող ոչ մի պետական մարմին չի կարող հասնել հաջողության առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացու աջակցության։