Հետախուզություն

«ՀՀ ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ՀՀ ԱԱԾ հետախուզության մարմինը, համաձայն իր գործառութային պարտականությունների, իրականացնում է հետախուզական գործունեություն, ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա պետությունների տարածքից: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Կանոնադրության համաձայն՝ ՀՀ ԱԱԾ-ն իրականացնում է Հայաստանի տարածքում ազգային անվտանգության խնդիրներին առնչվող հետախուզական գործունեություն ծավալող բոլոր պետական մարմինների և ստորաբաժանումների աշխատանքի օպերատիվ ղեկավարումը: 

Պետական կառավարման համակարգում ՀՀ ԱԱԾ hետախուզության մարմինն ազգային անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչներից է և կոչված է պաշտպանելու անձի, հասարակության և պետության անվտանգությունն արտաքին սպառնալիքներից:

ՀՀ ազգային անվտանգության մարտահրավերներին և պետության դեմ ուղղված արտաքին վտանգներին դիմագրավելու, ինչպես նաև արտաքին քաղաքական դաշտում Հայաստանի կենսական կարևոր շահերին առնչվող խնդիրների արդյունավետ լուծման նպատակով իր գործառութային ուղղություններով հետախուզության մարմինը ձեռք է բերում, մշակում և վերլուծում հետախուզական տեղեկատվություն՝ ՀՀ բարձրագույն ղեկավարությանը զեկուցելու համար: Իր առջև դրված խնդիրների լուծման շրջանակներում իրականացնելով հետախուզական գործունեություն՝ այն աջակցում է նաև Հայաստանի բնականոն զարգացմանը ռազմատեխնիկական, տնտեսական, գիտատեխնիկական և այլ ոլորտներում։

Ցանկացած պետության համար հետախուզությունը անվտանգության ապահովման և արդյունավետ կառավարման կարևոր գործիքներից մեկն է: Անկախության առաջին իսկ օրերից հայկական հետախուզությունը զարգացավ և ամրապնդվեց դժվարին փորձությունների շրջանում, ինչը հաջողվեց Հայոց պետականության նախորդ ժամանակաշրջանների լավագույն փորձի արդյունավետ կիրառմամբ՝ զարգացնելով և թրծելով հետախուզական միտքն ու ոլորտի նրբությունները:

ՀՀ ԱԱԾ հետախուզական մարմինը, պատվով հաղթահարելով պատերազմական պայմաններով թելադրված փորձությունները, երկրի զարգացմանը և առաջընթացին համահունչ իր կարևոր և անփոխարինելի տեղը զբաղեցրեց Հայաստանի պետական կառավարման համակարգում:

Հետախույզի մասնագիտության յուրահատկություններով պայմանավորված՝ ոլորտի ծառայողների ամենօրյա դժվարին և պատասխանատու աշխատանքը, որպես կանոն, լուսաբանման ենթակա չէ և երկար տասնամյակներ մնում է գաղտնիության քողի տակ: Չակնկալելով սեփական աշխատանքի հրապարակային գնահատական՝ հետախուզության աշխատակիցներն օրնիբուն աշխատանքով իրենց անփոխարինելի լուման են ներդնում Հայաստանի Հանրապետության առաջընթացի և հետագա զարգացման անշեղ նպատակի իրականացման գործում:

 

Հայազգի հետախույզներ

Հետախուզական գործունեությունը, այդ թվում արտաքին հետախուզությունը, ազգային անվտանգության մարմինների գործունեությունն է՝ ուղղված արտաքին ու ներքին անվտանգության սպառնալիքների վերաբերյալ տեղեկություններ ստանալուն և պետության հիմքերն ամրապնդելուն:

Հետախուզության ամբողջ պատմությունը, հատկապես վերջին երկու հարյուրամյակների ընթացքը, վկայում են, որ իսկական հետախույզը, բնավորության ինչպիսի գծեր էլ որ ունենա, աչքի է ընկնում նախ և առաջ իր բարձր մտավոր կարողություններով, մասնավորապես վերլուծական մտքի ունակություններով: Հետախուզությունը հաճախ բնորոշվում է որպես մեծ մտավոր կարողությունների տեր մարդկանց մրցասպարեզ: Հենց այդպիսի մարդկանց գործունեությունն է ապացուցում, որ հետախուզական աշխատանքը և՛ խաղաղ, և՛ պատերազմական ժամանակ արդյունավետ է լինում ոչ այնքան քանակի հաշվին, որքան որակի:

Հետախուզության պատմության մասնագետ Ա. Սարգսյանի բնորոշմամբ. «Ըստ էության, պետության հետախուզական համակարգի վիճակն արտացոլում է նրա «առողջությունը», այսինքն՝ նրա ուժը և միջազգային հեղինակությունը»:

Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Գոհար Վարդանյանի վկայությամբ. «Հետախույզի մասնագիտությունը հեռու է ռոմանտիկ արկածախնդրությունից և իրականում նրա հիմքում դրված են ինքնամոռաց նվիրվածությունն ու քրտնաջան աշխատանքը: Հնուց ի վեր բոլոր ազգերի հետախույզները զբաղվում են տեղեկույթի հայթայթմամբ, ընդ որում՝ այնպիսի տեղեկույթի, որը հատկապես թաքցվել և թաքցվում է «օտար աչքերից»:

Հետախույզի աշխատանքը պահանջում է ստեղծագործական մոտեցում, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում «մանրուքներից» և բոլորին հայտնի տվյալներից անել պետությունների համար երբեմն ճակատագրական նշանակություն ունեցող հետևություն: Այդ իսկ պատճառով, հետախույզից պահանջվում է ոչ միայն մտավոր և հոգեբանական գերազանցություն, այլև ֆիզիկական պատրաստվածություն, նպատակասլացություն, տոկունություն, աշխատասիրություն և այլն:

Պատմությանն ուղղված հետադարձ հայացքը նկատելի է դարձնում, որ նշված հատկանիշները բնորոշ են մեր ազգի ներկայացուցիչներին: Մեզ այդպիսին են դարձրել անցած հազարամյակները՝ հայրենի երկրի պաշտպանության համար մղվող պայքարը, պետականության վերականգնման գոյամարտը, ռեսուրսների սակավությունը: Հավանաբար դա է պատճառը, որ հետախուզության բնագավառում հայերն աչքի են ընկնում այնպիսի փայլուն մասնագետներով, որոնց անմիջական մասնակցությամբ ու ղեկավարությամբ հիմնվել են հետախուզական կառույցներ, իսկ հետագայում՝ օպերատիվ գործունեության նոր ուղղություններ»:

 


 ԴԱՎԹՅԱՆ (ԴԱՎԻԴՈՎ) Հակոբ Քրիստափորի

Ծնվել է 1888 թ-ին Նախիջևանում:
1907 թ-ին ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի համալսարան:
1920 թվականից աշխատել է ԱԳԺԿ մարմիններում: Ֆ. Ձերժինսկու խնդրանքով աշխատանքի է անցել ԱՀ-ում:
ԱՀ արտասահմանյան բաժնի (արտաքին հետախուզության) առաջին ղեկավարն է (1920 թ․ նոյեմբեր - 1921 թ. օգոստոս):
1922 թ-ին Լիտվայում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչն է, ապա Չինաստանում լիազոր ներկայացուցչի խորհրդականը` ռեզիդենտուրայի ղեկավարը: 1925-1927 թթ. նշանակվել է Ֆրանսիայում ԽՍՀՄ լիազոր ներկայացուցչության խորհրդական:
1927-1930 թթ. լիազոր ներկայացուցիչն էր Լեհաստանում:
Անհիմն մեղադրանքով գնդակահարվել է 1938 թ-ին: Արդարացվել է 1956 թ-ին:

 

ՔԱԹԱՆՅԱՆ Ռուբեն Պավելի

Ծնվել է 1881 թ-ին Թիֆլիսում:
1906 թ-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Եղել է փաստաբան, ապա նաև լրագրող:
Մասնակցել է Մոսկվայի արտակարգ հանձնաժողովի ստեղծմանը: 1921 թ-ին հունվար-ապրիլ ամիսներին ղեկավարել է արտաքին հետախուզությունը:
1922 թ-ին Բեռլինում գլխավոր հյուպատոսն էր, ապա սեփական ցանկությամբ անցել է դատախազական աշխատանքի: Համակարգել է պետանվտանգության մարմինների գործունեության հսկողությունը:
1938-1948 թթ. և 1950-1955 թթ. ազատազրկվել է, իսկ 1948-1950 թթ.՝ աքսորվել: Արդարացվել է 1955 թ-ին:
Համալսարանի պրոֆեսոր էր: Մահացել է 1966 թ-ին:

 

 

 

ԱՂԱՅԱՆՑ Իվան Իվանի

Ծնվել է 1911 թ-ին Գանձակում:
1930 թ-ից աշխատել է ՄՊՔՎ մարմիններում: Ազատ տիրապետել է ֆրանսերենին, պարսկերենին, թուրքերենին, իսպաներենին, բավական լավ` անգլերենին և իտալերենին:
1936 թ-ից աշխատել է արտաքին հետախուզությունում: 1937-ին օպերատիվ աշխատանքի է ուղարկվել Ֆրանսիա: 1941 թ․ օգոստոսին որպես ռեզիդենտ գործուղվել է Իրան: 1943 թ-ին՝ Թեհրանի կոնֆերանսի ժամանակ Աղայանցին և նրա աշխատակիցներին հաջողվում է կանխել Օտտո Սկորցենիի պլանավորած ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների դեմ ուղղված ահաբեկչությունը: Իրանից հետո ԱԳՎ ռեզիդենտն է եղել Փարիզում:
1967 թ-ից եղել է ՊԱԿ-ի ԱԳՎ պետի տեղակալը: Մահացել է 1968 թ-ին:

 

 

ԱՂԱՅԱՆՑ Ալեքսանդր Իվանի


Ծնվել է 1900 թ-ին Ելիզավետպոլում (Գանձակ):
Քաղաքացիական պատերազմի տարիներին ընդհատակյա աշխատանքներ է կատարել Ադրբեջանում: 1920-1922 թթ. աշխատել է ԱՀ մարմիններում: Ավարտել է Մոսկվայի Պլեխանովի անվան ժողտնտեսության ինստիտուտի դասընթացները: 1926 թ-ից աշխատել է ՄՊՔՎ մարմիններում: 1934-1937 թթ. աշխատել է Փարիզում:
1937 թ-ի մայիսից ղեկավարել է Բեռլինի լեգալ ռեզիդենտուրան: Վերականգնել է կապը գեստապոյում գործակալ «Բրայտենբախի» (Վիլլի Լեման) և գերմանական ԱԳՆ-ում գործակալ «Վինտերֆելդի» հետ:
Մահացել է 1938 թ-ին:

 

 

ԱՎԱՆԵՍՈՎ Վառլամ Ալեքսանդրի

Ծնվել է 1884 թ-ին (իսկական անունը՝ Մարտիրոսյան Սուրեն Կարպի):
1913 թ-ին ավարտել է Ցյուրիխի համալսարանի բժշկական ֆակուլտետը:
1919 թ-ից՝ Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի (ՀԱՀ) խորհրդի անդամ, ՀԿԳԿ նախագահության և ՀԱՀ-ում բանվորագյուղացիական տեսչության ժողկոմիսարիատի ներկայացուցիչ:
1919 թ-ի օգոստոսից՝ ՀԱՀ Հատուկ բաժնի պետի տեղակալ:
1920-1924 թթ. ՀԱՀ խորհրդի և պետհսկողության անդամ, տեսչության պետի տեղակալ:
Մահացել է 1930 թ-ին:

 

 

 

 ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Հայկ Բադալի

Ծնվել է 1898 թ-ին Նախիջևանում:
1922 թ-ին ընդունվել է Ն. Բաումանի անվան ՄԲՏՈՒ: Պաշտպանել է թեկնածուական թեզ` Դ. Մենդելեևի անվան ՔՏԻ-ում:
1931 թ-ին աշխատանքի է անցել արտաքին հետախուզության նոր ստորաբաժանումում՝ գիտատեխնիկական հետախուզությունում: 1931-1933 թթ. աշխատել է Բեռլինի ռեզիդենտուրայում: 1934 թ-ից գտնվել է ԱՄՆ-ում (ծածկանունը՝ Գենադի)՝ այդ ընթացքում ԱՄՆ-ում պաշտպանելով դոկտորական թեզ և աշխատելով որպես ինժեներ: Եղել է Նյու-Յորքի ռեզիդենտի տեղակալը, իսկ 1938 թ-ից` ռեզիդենտուրայի պետը: 1941-1947 թթ. ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ԱԳՎ-ում:
Գեներալ-մայոր Հովակիմյանը մահացել է 1967 թ-ին:

 

 

 ԱՂԱՅԱՆ Գուրգեն Սեմյոնի

Ծնվել է 1915 թ-ին Ելիզավետպոլում (Գանձակ):
1937 թ-ին ընդունվել է Երևանի մանկավարժական ինստիտուտ: 1938 թ-ին Թբիլիսիի ՆԳԺԿ ՊԳՎ դպրոցի ունկնդիրն էր: Ավարտելուց հետո աշխատել է Կովկասում՝ պետանվտանգության հակահետախուզական մարմիններում:
Մասնակցել է Հայրենական պատերազմին և պարգևատրվել «Կովկասի պաշտպանության համար» մեդալով: 1945թ-ին տեղափոխվել է Մոսկվա և շուրջ 35 տարի աշխատել արտաքին հետախուզությունում:
Մահացել է 1997 թ-ին:

 

 

 

ԲԱԼԱՍԱՆՈՎ Գերասիմ Մարտինի

Ծնվել է 1903 թ-ին Դաղստանում:
1932-1935 թթ. սովորել է Մոսկվայի Արևելագիտության ինստիտուտի դիվանագիտության ֆակուլտետի ճապոներենի բաժնում: 1935-1937 թթ. եղել է Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի արևել յան բաժնի ունկնդիր: Տիրապետել է անգլերենին, ճապոներենին, թուրքերենին:
1937 թ-ից ԽՍՀՄ ՆԳԺԿ աշխատակից էր: 1944-1945 թթ. Տոկիոյում արտաքին հետախուզության ռեզիդենտն էր: 1945-1949 թթ. ռեզիդենտն էր Հյուսիսային Կորեայում: 1951-1954 թթ. ռեզիդենտն էր Հնդկաստանում: 1954-1959 թթ. աշխատել է ԱԳՎ ապարատում: 1962 թ-ից դասավանդել է ՊԱԿ-ի Ֆ. Է. Ձերժինսկու անվան Բարձրագույն դպրոցում:
Մահացել է 1976 թ-ին:

 

 

ԳՈՒՐԳԵՆՈՎ Վյաչեսլավ Իվանի

Ծնվել է 1935 թ-ին Գրոզնիում:
1959 թ-ին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի արևելագիտության ֆակուլտետը և գործուղվել Հնդկաստան՝ Կալկաթա՝ աշխատելու ԽՍՀՄ Գլխավոր հյուպատոսարանում:
1963 թ-ից արտաքին հետախուզությունում էր: 1965-1971 թթ. գործուղվել է օպերատիվ աշխատանքի Հնդկաստան: 1971-1978 թթ.՝ ԱԳՎ կենտրոնական ապարատի աշխատակից էր: 1978-1983 թթ.՝ ռեզիդենտ Պակիստանում: 1983-1989 թթ. ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՊԱԿ ԱԳՎ կենտրոնական ապարատում: 1989 թ-ից՝ ԱԳՎ պետի տեղակալ:
1991 թ-ին՝ ԱՀԾ տնօրենի տեղակալ:
Մահացել է 1994 թ-ին:  

 

 

ԱԼԱՎԵՐԴՈՎ Միխայիլ Անդրեյի

Ծնվել է 1900 թ-ին Շուշիում:

Ավարտել է Շուշիի գիմնազիան։ 1919 թ-ից եղել է ԱՀ աշխատակից: 1923 թ-ից աշխատել է ՄՊՔՎ Արևելյան բաժնում: Աշխատանքին զուգահեռ ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի արևելագիտության ֆակուլտետը:

1925-1930 թթ. գործուղվել է Իրան, 1928-ից ռեզիդենտուրայի ղեկավարն էր: 1930-1933 թթ. աշխատել է հետախուզության կենտրոնական ապարատում: 1933-1934 թթ. ռեզիդենտն էր Ավստրիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, 1934-1936 թթ.՝ Աֆղանստանում, 1936-1938 թթ.՝ Թուրքիայում: Վերադառնալով Մոսկվա՝ աշխատել է արտաքին հետախուզության կենտրոնական ապարատում: 1941-1944 թթ. ռեզիդենտն էր Քաբուլում: 1944-1947 թթ. ղեկավարել է արտաքին հետախուզության տեղեկատվական բաժինը: 1947 թ-ի  նոյեմբերին նշանակվել է Տեղեկատվական կոմիտեի Բարձրագույն հետախուզական դպրոցի պետի տեղակալ՝ ուսումնական և գիտական գծով:

Մահացել է 1968 թ-ին:

 

ՄՆԱՑԱԿԱՆՈՎ Ազարիա Հայրապետի

Ծնվել է 1900թ-ին Արդեբիլ քաղաքում (Իրան):

1928-1935 թթ. ԱՀ արտասահմանյան բաժնի՝ Թեհրանի, այնուհետև Բեռլինի ռեզիդենտուրաների աշխատակից:

1935 թ-ին Վիեննայում՝ ռեզիդենտի տեղակալ (փոխդեսպանի պաշտոնով):

1936 թ-ին Մոսկվայում՝ ՆԳԺԿ ՊԱԳՎ 7-րդ բաժնի բաժանմունքի պետի օգնական:

1938 թ-ին ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով, դատապարտվել գերագույն պատժի և գնդակահարվել:

Արդարացվել է 1964 թ-ին:

 

 

 

ՅՈՒԶԲԱՇՅԱՆ Մարիուս Արամի

Ծնվել է 1924 թ-ին Բաթումիում:

1943 թ-ից աշխատել է պետանվտանգության մարմիններում: 1943-1944 թթ.՝ ՆԳԺԿ Թբիլիսիի դպրոցի ուսանող: 1944-1945թթ.՝ ՆԳԺԿ Լվովի մարզի 4-րդ բաժնի 1-ին բաժանմունքի օպերլիազորի օգնական, թշնամու թիկունքում գործող պարտիզանական ջոկատների հրամանատարի տեղակալ:

1945-1954 թթ. օպերատիվ աշխատանքի է անցել ՈՒկրաինական ԽՍՀ պետանվտանգության մարմիններում:

1955-1978 թթ. ՊԱԿ-ի կենտրոնական ապարատում զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Եղել է ԱԳՎ գաղտնի հետախուզության պետի տեղակալը:

1978-1988 թթ.՝ ՀԽՍՀ ՊԱԿ-ի նախագահ: Զոհվել է 1993 թ-ին:

 

ԳԵՎՈՐԳՅԱՆ (ԿԵՎՈՐԿՈՎ) Վյաչեսլավ Երվանդի

Ծնվել է 1924 թ-ին Մոսկվայում:

Ավարտել է օտար լեզուների ռազմական ինստիտուտը:

1945 թ-ից աշխատել է Բեռլինում որպես Գերմանիայում դաշնակցային ուժերի զինվորական վարչության աշխատակից` մասնակցելով նախկին ռայխի ռազմական աշխատողների բացահայտմանը: Այնուհետև աշխատել է ԽՍՀՄ բանակի գլխավոր շտաբում: Ապա ՊԱԿ-ի Երկրորդ (հակահետախուզության) ԳՎ բաժնի պետ, վարչության պետ: 1969 թ-ին ՊԱԿ նախագահ Յու. Անդրոպովի հանձնարարությամբ ստեղծել է ԽՍՀՄ և ԳԴՀ բարձրագույն ղեկավարության «Գաղտնի կապուղու» համակարգը: Գեներալ-մայոր Վ. Գևորգյանի անմիջական ղեկավարությամբ ԽՍՀՄ ԱԳՆ-ի համակարգում 1975 թ-ին կազմակերպվեց անվնտանգության ծառայություն, որի աշխատանքի արդյունքներով բացահայտվեցին օտարերկրյա հատուկ ծառայությունների մի շարք գործակալներ:

Մահացել է 2017թ-ին։

 

 ԹՈՒՄԱՆՅԱՆ Հայկ Ղազարի

Ծնվել է 1901 թ-ին Դսեղ գյուղում:

Ավարտել է Մոսկվայի Սվերդլովի անվան համալսարանը, Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի արևելագիտական ֆակուլտետը:

1930 թ-ի փետրվարից աշխատել է ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզական վարչությունում: Աշխատել է Չինաստանում, այնուհետև եղել է վարչության հատուկ հանձնարարությունների գծով սպա, «Ա» հատուկ բաժանմունքի (ակտիվ հետախուզություն, հետախուզական դիվերսիոն ծառայություն) պետ: Եղել է Իսպանիայում հանրապետական բանակի ռազմական խորհրդականը:

Հ. Թումանյանը ղեկավարել է մի շարք հետախույզների աշխատանքը, այդ թվում՝ Ուրսուլա Համբուրգերի (Կուչինսկայա, օպերատիվ ծածկանունը՝ «Սոնյա»):

Մահացել է 1971 թ-ին:

 

ՎԱՐԴԱՆՅԱՆ Լևոն Պարույրի

Ծնվել է 1929 թ-ին Երևանում:

Իր ծառայությունը Խորհրդային բանակում սկսել է 1946 թ-ից: 1954 թ-ին ավարտել է Լենինգրադի Մ. Ֆրունզեի անվան բարձրագույն ռազմածովային ուսումնարանի ականատորպեդային ֆակուլտետը, այնուհետև՝ ՄՊՀ փիլիսոփայության ֆակուլտետը, որից հետո հրավիրվել է ծառայության ռազմական հետախուզությունում: Եղել է ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ:

Առաջին ծառայողական գործուղման մեկնել է 1966 թ-ին։ Աշխատել է Աֆղանստանում և Իրանում: ԽՍՀՄ ՆԽ կողմից 1981 թ-ին նրան շնորհվել է փոխծովակալի կոչում:

Ականավոր ռազմական հետախույզ Լ. Վարդանյանը մահացել է 2015 թ-ին։

 

 

ՂԱՍԱԲՅԱՆՆԵՐ Զոհրաբ և Արշալույս

Զ. Ղասաբյանը ծնվել է 1919 թ-ին Ստամբուլում: Պատմական գիտությունների դոկտոր Զ. Ղասաբյանը եղել է ՀԽՍՀ ԳԱ ավագ գիտաշխատող: Կատարյալ տիրապետել է բուլղարերենին, ֆրանսերենին, թուրքերենին, քրդերենին, ռուսերենին:

1922-1946 թթ. Զ. Ղասաբյանը բնակվել է Բուլղարիայում: Ֆաշիստական ռեժիմի դեմ ընդհատակյա պայքարի ակտիվ մասնակիցներից էր, որի համար ձերբակալվել և դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: 1944 թ-ին պարտիզանների կողմից ազատվել է բանտից և նրանց շարքերում մարտնչել մինչև պատերազմի ավարտը:

Ա. Ղասաբյանը ծնվել է 1921 թ-ին Թուրքիայում: Մինչև 1946 թ-ին բնակվել է Բուլղարիայում, որտեղ ամուսնու հետ մասնակցել է ընդհատակյա գործունեությանը:

Պետանվտանգության մարմինների հետ Զ. Ղասաբյանը սկսել է համագործակցել 1956 թ-ից: Իր կնոջ` Ա․ Ղասաբյանի հետ հետախուզական դասընթացներ է անցել Մոսկվայում: 1963-1969 թթ. հաջողությամբ աշխատել են գաղտնի հետախուզության շարքերում: Զ. Ղասաբյանը մահացել է 2006 թ-ին։

 

ՀԱԿՈԲՅԱՆ Աշոտ Աբգարի

Ծնվել է Բաքվում 1915 թ-ին:

1946 թ-ին անլեգալ հետախուզական աշխատանք է կատարել Ռումինիայում (ծածկանունը՝ «Եփրատ»): Գործել է Հովհաննես Սարաջանյանի փաստաթղթերով՝ ծնված 1916-ի մայիսի 9-ին, Թուրքիայում:

1949 - 1959 թթ. Հակոբյանը ղեկավարել է ԽՍՀՄ ՊԱԿ ԱԳՎ գաղտնի ռեզիդենտուրան Իտալիայում:

1953 թ-ին Հակոբյանը մեկնել է Կահիրե՝ նույնպես ծպտյալ աշխատանքի: 1954 թ-ին վերադարձել է Հռոմ:

1950 թվականների վերջին հաստատվել է Հայաստանում:

Մահացել է 1981 թ-ին:

 

ՎԱՐԴԱՆՅԱՆ Գևորգ Անդրեյի

Խորհրդային Միության Հերոս

Ծնվել է 1924 թ-ի փետրվարի 17-ին Դոնի-Ռոստովում:

Հետախուզությունում է 1940 թ-ի փետրվարից: Ղեկավարել է Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում ֆաշիստական հետախույզների և գործակալների բացահայտման հատուկ խումբը, որը միայն 2 տարում բացահայտել է գերմանական հետախուզության հետ կապված ավելի քան 400 մարդու: 1943 թ-ին Թեհրանի կոնֆերանսի ժամանակ մասնակցել է «Մեծ եռյակի» ղեկավարների անվտանգության ապահովման աշխատանքներին:

1951 թ-ին ավարտել է Երևանի պետհամալսարանի օտար լեզուների ֆակուլտետը: Այնուհետև երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներում գործել է որպես ծպտալ հետախույզ: 
Մահացել է 2012 թ․ հունվարի 10-ին:

 

Խորհրդային Միության Հերոս Գևորգ Վարդանյանը տիկնոջ՝ Գոհար Վարդանյանի հետ՝ արտերկրում հետախուզական աշխատանքի տարիներին