16 հուլիսի 2022

Տեղի ունեցավ Սահմանապահ զորքերի կազմավորման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում (տեսանյութ, լուսանկարներ)

Տեղի ունեցավ Սահմանապահ զորքերի կազմավորման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում (տեսանյութ, լուսանկարներ)

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի ծառայողները նշեցին կազմավորման 30-ամյակը:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանը և պաշտոնատար այլ անձինք:

Միջոցառումը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո:

ՀՀ վարչապետը, շնորհավորելով Սահմանապահ զորքերի զինծառայողներին, իր խոսքում նշեց.

«Մեր ողջ պատմության ընթացքում` երրորդ հանրապետության, Սահմանապահ զորքերն իրենց նպաստն են բերել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանմանը և մեր բանակի հետ կատարել են այն խնդիրները, որոնք դրված են եղել բանակի առաջ: Բայց ուզում եմ ընդգծել, որ զուտ գաղափարի հայեցակարգի առումով, Սահմանապահ զորքերն ընդհանրապես խաղաղության սիմվոլ են և խաղաղության խորհրդանիշ»:

Օրվա գլխավոր իրադարձությունը դարձավ հանդիսավոր երթը, որն ուղեկցվեց Սահմանապահ զորքերի նվագախմբի հնչյունների ներքո:

ՀՀ վարչապետի միջնորդությամբ և նախագահի հրամանագրով Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար հետմահու պարգևատրվեցին՝ կապիտան Հրանտ Գևորգի Արզումանյանը` «Արիության» մեդալով, իսկ ավագ սերժանտ Կառլեն Էդիկի Սարգսյանը՝ «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևները հանձնվեցին հերոսաբար զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին:

«Մարտական ծառայության» մեդալով պարգևատրվեցին նաև փոխգնդապետ Վահան Վալերիի Համբարձումյանը և մայոր Վլադիմիր Սերգեյի Թումասյանը:

Ավանդույթի համաձայն՝ հնչեց «Սահմանապահ ենք» երգը, որից հետո նվագախմբի ուղեկցությամբ Սահմանապահ զորքերի զինծառայողները ցուցադրեցին շարային, իսկ կինոլոգիական կենտրոնը՝ ծառայողական շներով վարժաձևեր։ 

Միջոցառման ավարտին ՀՀ վարչապետը, ՀՀ ԱԱԾ տնօրենը, ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարը, բարձրաստիճան հյուրերը և գերատեսչությունների ղեկավարները հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելիս զոհված և հերոսացած սահմանապահների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթողներին: