11.08.2008

ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն թմրանյութի մաքսանենգ ներկրմամբ զբաղվող հանցավոր խմբի գործունեությունը:

Ս.թ. օգոստոսի 8-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, թմրանյութի խմբաքանակը ստանալու պահին ձերբակալվել են հանցավոր խմբի անդամներ, Երևան քաղաքի բնակիչներ Արամ Սաշայի Հովակիմյանը և Հրայր Հարությունի Հովսեփյանը: Նրանց մոտ հայտնաբերվել է 1400 գր. ափիոն տեսակի թմրանյութ, որը Թուրքիայից Երևան է տեղափոխվել տուրիստական ավտոբուսով, խոհանոցային վառարանում հարմարեցված գաղտնարանում:

Պարզվել է, որ հանցավոր խմբի կազմում ներգրավված են Թուրքիայի, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներ, որոնք գործուն քայլեր են ձեռնարկել Թուրքիայից Հայաստան թմրանյութի ներկրման մշտական ուղի կազմակերպելու նպատակով:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն