05.08.2008

ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վնասազերծվել է մաքսանենգությամբ զբաղվող կայուն հանցավոր խումբ, և կանխվել է մաքսանենգ ապրանքների ներկրման մշտական գործող ուղի:

Հանցավոր խումբը ղեկավարել է «Գվարզին» ՍՊԸ տնօրեն, Նոյեմբերյանի շրջանի Պտղավան գյուղի բնակիչ Յուրա Նարիմանի Հարությունյանը, որը անհատ ձեռներեց «Էդիկ Էվինյան» կազմակերպության միջոցով զբաղվել է Թուրքիայից ՀՀ ապրանքների ներկրմամբ:

Խմբի կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ապրանքների ներկրումը իրականացվել է երեք ուղիներով: Մի դեպքում բեռնատարներով ապրանքը հասցվել է մինչև ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Դեղձավան գյուղի հարակից վրացական տարածք, որտեղից այն վերաբարձվել է բարձր անցողականություն ունեցող մի քանի փոքր բեռնատարների մեջ և գիշերվա ժամերին, շրջանցիկ ճանապարհներով մաքսանենգորեն տեղափոխվել է Հայաստանի տարածք: Առանձնակի դեպքերում բեռի տեղափոխումը ՀՀ տարածք իրականացվել է փոքր խմբաքանակներով Դեբետ գետի ծանծաղուտներով կամ էլ նավակներով:

Մյուս դեպքում Յու. Հարությունյանի և հանցավոր խմբի անդամների կողմից թաքցվել է ներմուծվող բեռի իրական քանակը և ուղեկցող փաստաթղթերի կեղծման միջոցով ցույց է տրվել և ձևակերպվել ներկրված ապրանքի մի մասը:

Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների միայն վերջին 6 ամիսների ընթացքում հանցավոր խմբի կողմից առանց մաքսային հսկողության հանրապետություն է ներկրվել 895 տոննա ապրանք, զգալի վնաս հասցնելով ՀՀ տնտեսությանը:

Յու. Հարությունյանի կողմից ղեկավարած հանցավոր խմբի կազմում ընդգրկված են եղել ՀՀ Ոստիկանության Նոյեմբերյանի տարածաշրջանի, ԱԱԾ Սահմանապահ զորքերի աշխատակիցներ (ապահովում էին բեռի «անվտանգ» տեղափոխումը), ՀՀ ԿԱ Մաքսային Պետական Կոմիտեի աշխատակիցներ (իրականացնում էին բեռի ձևակերպումը կեղծ փաստաթղթերով):

ՀՀ ԱԱԾ Քննչական Վարչության կողմից ՀՀ ՔՕ 215 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն իսկ կալանավորվել է 5 անձ:

Օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են:


ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն