26.07.2008

Վերջերս ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն են դիմում մի շարք ԶԼՄ ներկայացուցիչներ խնդրելով պարզաբանել որոշ ընդդիմադիր թերթերում հրապարակված այն պնդումները, թե իբր վերջին ժամանակահատվածում ԱԱԾ համակարգը լքում են օպերատիվ աշխատանքի փորձ ունեցող մեծաթիվ սպաներ:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԱԾ տնօրեն Գ. Հակոբյանի մեկնաբանությունը այդ հարցի վերաբերյալ:

Վերջին շրջանում մի շարք ընդդիմադիր գործիչների կողմից հնչեցված հարցի վերաբերյալ մերկապարանոց հայտարարությունների փոխանցավազքն ընդունել են որոշ ընդդիմադիր թերթեր:

Ի հեճուկս նման ստահոդ հրապարակումների` ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ անցած տարիների համեմատ ԱԱԾ-ից սպայական կազմի արտահոսքի ավելացման և ոչ մի միտում չի գրանցվել: Ամեն տարի ԱԱԾ շարքերից ազատվում են օպերատիվ գործունեությամբ զբաղվող ոչ ավելին քան 20 սպա, նրանցից մի մասը անցնում է թոշակի, մի մասը տեղափոխվում է այլ աշխատանքի և, իհարկե, կան անձինք, որոնք, դժվարանալով կատարել իրենց վրա դրված պարտականությունները, հեռանում են համակարգից:

Ավելին` պետք է նշեմ, որ ԱԱԾ աշխատանքի ընդունվելու դիմումների թիվն անցնում է մի քանի հարյուրից, ինչը վկայում է հասարակության մեջ մեր համակարգի նկատմամբ դրական վերաբերմունքի մասին և, որ հանրությունն արժանիորեն է գնահատում մեր համակարգի կատարած աշխատանքը:

Այսօր մեր ծառայության դեմքը` անկախության տարիներին աճած սպաներն են, որոնք չեն զիջում վետերաններին: Համոզված եմ, որ հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական ելևէջները չեն կարող ազդել ՀՀ ԱԱԾ-ում տիրող բարոյահոգեբանական և աշխատանքային մթնոլորտի վրա, և անհիմն ու ապարդյուն են զրպարտիչների ջանքերը` ներկայացնելու հանրությանը մի պատկեր, որի իմաստը հետևյալն է` իշխանության ձևավորումը թողել է բացասական հետք հատկապես մեր կառույցի վրա: Բացարձակ սուտ է:

Կանցնեն տարիներ, և հաջորդ սերունդը կիմաստավորի անցյալը: Չի կարելի ձգտել արդարության` անբարոյական գործելաոճով:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն