14.03.2008

ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացված օպերատիվ տեխնիկական միջոցառումների արդյունքում հայտնի է դարձել, որ մարտի 12-ին ՀՀ ՔՕ 225 հոդվածի 3-րդ մասի և 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով կալանավորված ԱԺ պատգամավոր Սասուն Միքաելյանը Հրազդանի իրեն պատկանող «Վանատուր» ռեստորանի պահակ Էդիկ Խաչատրյանին հրահանգել էր թաքցնել իր կողմից պահեստավորված զինամթերքը (տեսանյութ):

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում` մարտի 13-ին, «Վանատուր» ռեստորանային համալիրի տարածքում գտնվող ձկնաբուծական լճակից հայտնաբերվել և առգրավվել Ֆ-1, ՌԳԴ-5, ՌԳ–42 տեսակների 20 և հակատանկային 15 նռնակ, հակատանկային նռնակի 8 պայթուցիչ, ինքնաձիգի և գնդացրի տարբեր տրամաչափի 11 արկղ փամփուշտ, ինքնաձիգի լիցքավորված 1 պահունակ, Ֆ-1 տեսակի նռնակի 15 պայթուցիչ, լուսաազդանշանային 2 հրթիռ, ներարկիչի 15 ասեղ, «Պրոմետազին» տեսակի 2 սրվակ հոգեմետ դեղամիջոց, մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև 1 ինքնաշեն հրազեն:

Ի դեպ, մարտի 1-ին նմանատիպ` Ֆ-1, ՌԳԴ-5, ՌԳ-42 տեսակների նռնակներ էին հայտնաբերվել նաև Օպերայի հրապարակում:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն