17.10.2013

     2013թ. հոկտեմբերի 15-17-ը Ծաղկաձորում կայացավ ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 35-րդ նիստը, որին մասնակցեցին ԱՊՀ բոլոր երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչները՝ բացի Ադրբեջանից։ Դիտորդի կարգավիճակով հրավիրված էին նաեւ Արեւմուտքի որոշ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից եւ Իսպանիայից։ 

     Հոկտեմբերի 16-ին, նիստի աշխատանքների մեկնարկին իր ուղերձն էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Հարգելի հյուրեր, Ողջունում եմ ձեզ Հայաստանում եւ մաղթում բեղմնավոր եւ կառուցողական աշխատանք։ Նիստի օրակարգի թեման եւ հարցերը հաստատում են ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում անվտանգության ապահովման արդիականությունն ու առաջնահերթությունը։
      Միջազգային ահաբեկչությունը, անդրազգային հանցավորությունը, բնական կատակլիզմները, տեխնածին աղետները վտանգավոր երեւույթների բնավ ամբողջ ցանկը չեն, որոնց հետ այսօր բախվում է մարդկությունը։ Ժամանակակից մարտահրավերների եւ սպառնալիքների կործանարարությունն ու ողբերգական հետեւանքները հաստատում են դրանց հակազդման նոր, ավելի արդյունավետ եղանակներ ու միջոցներ գտնելու անհրաժեշտությունը։
Հակազդման էսկալացիան, ատելության հռետորաբանությունը եւ սպառազինությունների մրցավազքը ձգձգված, չկարգավորված հակամարտությունների պայմաններում լրջագույն սպառնալիքներ են հանդիսանում մեր ընդհանուր անվտանգության համար՝ հանգեցնելով լարվածության մեծացմանը եւ պայթունավտանգ իրավիճակների։
      Վերոնշյալ երեւույթների կանխման եւ հակազդման գործում հատուկ դեր է վերապահված անվտանգության մարմիններին ու հատուկ ծառայություններին, որոնք առանձնանում են իրենց շարքերի համախմբվածությամբ, տոկունությամբ, բարձր պրոֆեսիոնալիզմով ու հասարակության շահերին նվիրվածությամբ եւ ազգային անվտանգության սպառնալիքների դեմ պայքարում կանգնած են առաջին գծում՝ ի նպաստ մեր պետությունների կայուն զարգացման եւ բարգավաճման։ ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհուրդը կարեւոր գործիք է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովման գործում։
Հուսով եմ, որ խորհրդի 35—րդ նիստը կարեւոր քայլ կդառնա այդ ոլորտում մեր ավանդական բարեկամական փոխհարաբերություններով, ընդհանուր պատմության ամուր կապերով կապված պետությունների միջեւ վստահության ամրապնդման եւ համագործակցության խորացման ուղղությամբ։
Խորհրդի նիստի մասնակիցներին մաղթում եմ հաջող եւ արդյունավետ աշխատանք, նոր ձեռքբերումներ, հաջողություններ եւ բարօրություն»։
      ՀՀ Ազգային անտանգության ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանն իր ողջույնի խոսքում հույս հայտնեց, որ ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի աշխատանքը եւ դրա շրջանակներում տեղի ունեցող բազմակողմ եւ երկկողմ հանդիպումները բեղմնավոր ու արդյունավետ կլինեն, նոր լիցք կհաղորդեն անդամ երկրների քաղաքական, տնտեսական ու պաշտպանական շահերին վնասող երեւույթների ու գործողությունների դեմ պայքարի առումով նրանց համագործակցությանը։
«Թույլ տվեք նկատել, որ մեր նիստը տեղի է ունենում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային մակարդակով կատարվող փոփոխությունների բարձր դինամիզմի պայմաններում։ Համաշխարհային քաղաքականության մեջ տեղի ունեցած զգալի փոփոխությունները առնչվել են Մերձավոր Արեւելքին, իսկ դրանց լիցքերն անխուսափելիորեն առնչվել են մեզ ու հայկական սփյուռքի հետ»,– ասաց ԱԱԾ տնօրենը։
      Գ. Հակոբյանը փաստեց, որ տարածաշրջանում դեռ կա չիրացված հնարավորությունների մեծ քանակ, սակայն բազմոլորտ խնդիրները, պարադոքսները խոչնդոտում են այդ հնարավորությունների իրացմանը; Միեւնույն ժամանակ՝ մեր տարածաշրջանի երկրները ձեռնարկում են բոլոր միջոցները՝ սպառնալիքներից ապահովելու ազգային ու տարածաշրջանային անվտանգությունը, որոնք առաջին հերթին բխում են միջազգային ահաբեկչությունից։
      «Այս ենթատեքստում պետք է վերանայել ահաբեկչության մասին նախկին պատկերացումները, երբ հաճախ քաղաքական հակամարտությունը կառավարության ու ընդդիմության միջեւ վերաճում է զինված հակամարտության, իսկ այդ պայքարն իր հերթին վերածվում է «ջիհադի»։ Պայքարը միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, ծայրահեղականության, զենքի ապօրինի առեւտրի, նարկոտրաֆիկի եւ հակաօրինական բազմաթիվ այլ երեւույթների դեմ գերակա է մնում ԱՊՀ մասնակից երկրների հատուկ ծառայությունների եւ անվտանգության մարմինների մասնագիտական գործունեության համար»,– նշեց ԱԱԾ ղեկավարը։
      Այս ամենի հետ մեկտեղ մեր տարածաշրջանով անցնող՝ այսպես կոչված «անկայունության աղեղը» ձեռք է բերում ավելի ընդլայնվելու եւ նրանում այլ երկրների անխուսափելի ընդգրկման միտում, ինչն իր հերթին ստեղծում է բավականին պայթյունավտանգ իրավիճակ ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ողջ աշխարհի համար. «Որոշ երկրների կողմից «երկակի», իսկ որոշ դեպքերում նաեւ՝ «եռակի» ստանդարտների կիրառումը բացահայտում է այդ երկրների նեղ աշխարհաքաղաքական հետաքրքրությունները եւ արհեստականորեն թեժացնում առանց այդ էլ լարված իրավիճակը տարածաշրջանում»,–նշեց Գ. Հակոբյանը։
      ԱԱԾ տնօրենի խոսքով՝ այս պարագայում անհրաժեշտ է համատեղ ջանքերի մեծ կոնսոլիդացիա՝ նոր մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում եւ, համապատասխանաբար, համագործակցության նոր, ավելի բաց ու օբյեկտիվ մակարդակ, ինչը թույլ կտա դուրս գալ նեղ աշխարհաքաղաքական հետաքրքրությունների շրջանակից եւ կօգնի հրաժարվել «երկակի» ստանդարտների քաղաքականությունից՝ ի նպաստ մեր երկրների կայունության եւ դինամիկ զարգացման. «Ստեղծված իրավիճակում ծայրահեղ կարեւոր է ժամանակակից մարտահրավերներին, հատկապես՝ ահաբեկչությանը դիմակայելու միասնական մեխանիզմների ձեւավորումը։ Հենց այդ պատճառով մենք առաջարկում ենք վերածել այս նիստը փորձի փոխանակման ամբիոնի՝ ահաբեկչության դեմ պայքարում, միջազգային միջոցառումներում անվտանգության ապահովման գործում՝ հաստատելու համար հատուկ ծառայությունների եւ իրավապահ մարմինների կոորդինացիայի եւ փոխգործակցության անհրաժեշտությունը»։
      ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն, ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի ղեկավար, բանակի գեներալ Ալեքսանդր Բորտնիկովը, նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց կատարված աշխատանքը։ Ամփոփիչ ասուլիսում նա նշեց, որ աշխատանքն ավարտվեց համապատասխան փաստաթղթերի ստորագրությամբ։
      «Հիմնական ուշադրությունը հատկացվեց համագործակցության մեխանիզմների հետագա կատարելագործմանը եւ համատեղ միջոցների մշակմանն ԱՊՀ անդամ երկրների անվտանգության ապահովման համար։ Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին համաձայնեցված օպերատիվ—հետախուզական միջոցառումների կազմակերպման մասին՝ երրորդ երկրների քաղաքացիների նկատմամբ, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի տարածքում՝ օգտագործելով ԱՊՀ անդամ երկրների կեղծ անձնագրեր»,–ասաց Ա. Բորտնիկովը։
      ՌԴ ԱԴԾ տնօրենը նկատեց, որ մեխանիզմներ են մշակվել՝ ուղղված հատուկ ծառայությունների համագործակցության հետագա կատարելագործմանը՝ հանցավոր ճանապարհով եկամուտների լեգալացման դեմ պայքարում։ Մատնանշվել են փոխգործակցության ուղիները՝ հանցագործություն կատարած եւ ԱՊՀ երկրներում թաքնվող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Անցկացվել են խորհրդի աշխատանքային մարմինների նիստերը՝ գիտատեխնիկական համագործակցության, թմրանյութերի եւ հոգեմետ միջոցների անօրինական միջազգային շրջանառության դեմ պայքարի եւ նախաքննության ոլորտում համագործակցության հանձնաժողովների։
«Ամփոփվել են համատեղ հակաահաբեկչական զորավարժության արդյունքները, որոնք անցկացվել էին Ղրղըզստանի, Ղազախստանի, Ուկրաինայի ու Ռուսաստանի տարածքում։ Մատնանշվեց, որ խորհրդի բոլոր որոշումներն արտացոլվում են պրակտիկ փոխգործակցության կոնկրետ արդյունքներում։ Պետք է փաստել, որ այսօր ստեղծված համակարգը համապատասխանում է բոլոր անհրաժեշտ պահանջներին, արդյունավետ է աշխատում եւ ի վիճակի է լուծելու ԱՊՀ անդամ երկրների անվտանգության ապահովման բարդագույն խնդիրները»,–հավելեց Ա. Բորտնիկովը։
      ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը լրագրողների հարցին՝ Լեռնային Ղարաբաղի տարածքը թմրանյութերի տարանցման միջանցք ծառայեցնելու մասին, պատասխանեց. «Սա հերթական հերյուրանքն է, որ տարածում է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի մասին։ Այն հերքելու կարիք չկա, քանի որ հերքում են այն, ինչը կա։ Չկա ոչ մի կոնկրետ տեղեկություն, ոչ մի երկրի հատուկ ծառայությունների կողմից այդպիսի տվյալ երբեւէ չի ներկայացվել, դա արվում է միայն ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից։ Ինչպես ասում են՝ «շունը հաչում է, քարավանը գնում է»։
      ՌԴ ԱԴԾ տնօրեն Ա. Բորտնիկովը նաև հայտարարեց, որ ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների հաջորդ նիստը կանցկացվի Բելառուսում` 2014թ. երկրորդ եռամսյակում: Լուսանկարներ





                                                                                                                   ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն