27.02.2008

ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները իրենց հակաօրինական գործունեության վերաբերյալ տեղեկատվությունն ապահովելու նպատակով Ազատության հրապարակում քննարկել են տարբերակներ ՀՀ հեռուստաաշտարակը, Հանրային հեռուստաընկերությունը, ինչպես նաև լսարան ու սփռման տարածք ունեցող ռադիոկայանի շենքերը գրավելու, ուղիղ եթեր կազմակերպելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչության կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածով հարուցված (Պետական իշխանությունը յուրացնելը) գործի շրջանակներում ս. թ. փետրվարի 25-ին բերման է ենթարկվել անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվող ՀՀ քաղաքացի, 1971 թ. ծնվ. Կարեն Ջերմենտի Տեր-Ստեփանյանը, որը մասնակցել է Ազատության հրապարակում հավաքույթներին և ցուցմունք է տվել այն մասին, որ իրենք պետք է կազմակերպեին երթ դեպի Նորքի հեռուստաաշտարակ, և հաշվի առնելով, որ հեռուստաաշտարակի պահպանությունն իրականացնում է թույլ, այն պահպանվում է ընդամենը երկու-երեք ոստիկանների կողմից դա հանարավորություն կտար նրանց կարճ ժամանակով և առանց դժվարության մտնել շենքի տարածք, ուղիղ եթեր պահանջել Լևոն Տեր-Պետրոսյանի համար:

Ս. թ. փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը վերը նշված քրեական գործի շրջանակներում ՀՀ Ոստիկանության հետ համատեղ ձեռնարկվել են օպերատիվ-հետածուզական միջոցառումներ այն անձանց նկատմամբ, որոնց մասին ստացվել էին տվյալներ, որ նրանք ներկա լինելով Ազատության հրապարակում կազմակերպված ակցիաներին, դրսևորում են ծայրահեղական վարքագիծ և պատրաստակամություն են հայտնել ընդգրկվել հակաօրինական գործողություններում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, ինչպես նաև թունավոր և պայթուցիկ նյութեր:

Ձերբակալված են մի շարք անձինք, հարուցված գործի շրջանակներում աշխատանքները շարունակվում են: Արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն