20.05.2013

Ազգային  Անվտանգության ծառայության կողմից իրականացված  միջոցառումների արդյունքում ս.թ մայիսի 18-ին  Երևան քաղաքում ձերբակալվել են Արսեն  Ռոբերտի Ավետյանը և Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ:

Ըստ ձեռք բերված տվյալների` Արսեն Ավետյանը և Արկադի Վարդանյանը  պլանավորել, միջոցներ են ձեռք բերել և պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին  թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար:
Իրավասու մարմինների կողմից  օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի  շրջանակներում ստացված  տեղեկությունների հիման վրա դեռևս 2013թ. մայիսի 17-ին հարուցվել էր  քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասին 7-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով / մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության  նախապատրաստություն/:
Նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:
Կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ: ներկայումս նախաքննության մարմինը քննարկում է կասկածյալներին մեղադրանք  առաջադրելու, նրանց արարքներին իրավական գնահատական տալու, ինչպես նաև խափանման միջոց  ընտրելու հարցերը:
Քրեական գործի քննության վերաբերյալ հետագա տեղեկատվությունը  կտրամադրվի հաշվի առնելով նախաքննության բնականոն ընթացքի և  համակողմանիության միաժամանակյա ապահովման անհրաժեշտությունը:




                                                                                                                            ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն