17.12.2012

Դեկտեմբերի 17-ին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հանդիսավորությամբ նշեցին իրենց մասնագիտական տոնը:

Տոնի առթիվ հրավիրված նիստին, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  ուղերձը: Ջերմորեն շնորհավորելով ազգային անվտանգության մարմինների աշխատողներին մասնագիտական տոնի կապակցությամբ, ՀՀ նախագահը նշել էր, որ մեր պետականության հիմքերի ամրապնդման,  երկրի խաղաղ ու  անվտանգ  զարգացման ապահովելու գործում ԱԱԾ-ն մեծ ներդրում ունի:
<<Ժամանակակից  աշխարհում անվտանգության խնդիրները ներկայանում են առանձնակի սրությամբ: Այս նոր և ավելի բարդ պայմաններում դուք կարողանում եք պատվով կատարել ձեր պարտքը` պատշաճ մակարդակի վրա պահելով մեր պետության ու հասարակության անվտանգությունը: Համոզված եմ, որ նույն ոգով շարունակելու եք ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, նաև կատարելագործելու եք մասնագիտական հմտություններն ու կարողությունները` ձեր պատասխանատվությանը վստահված բոլոր  ոլորտներում: Մեր ժողովրդի խաղաղ առօրյային և անվտանգությանը նետված մարտահրավերները պետք է ստանան համարժեք արձագանք, և ձեր արդյունավետ գործունեությունը դրա գրավականն է>>- նշված էր ՀՀ նախագահի ուղերձում:
Հանդիսավոր նիստին  ԱԱԾ տնօրեն  գեներալ-գնդապետ  Գորիկ Հակոբյանն  իր ելույթում նշեց, որ մասնագիտական  տոնը ազգային անվտանգության մարմինների  աշխատակազմը դիմավորում  է  ծառայության  գործունեության առանցքային ուղղություններում  նշանակալի ձեռքբերումներով,  նաև  վստահեցրեց <<Հայաստանի Հանրապետության  ազգային  անվտանգության ծառայությունն այսօր ի զորու է, ունակ է, պատրաստ է ու  հաստատակամ է կանխել ու խափանել պետության դեմ ուղղված ոտնձգությունները, դիմագրավել Հայաստանի  քաղաքացիների,  հասարակության ու պետության շահերին  սպառնացող արտաքին  և ներքին  մարտահրավերներին: Աշխարհաքաղաքական  իրողություններին համահունչ, շարունակաբար  վերանայվում և անհրաժեշտության դեպքում արդիականացվում են  անվտանգության մարմինների  կողմից լուծվող խնդիրների առաջնահերթությունները: Կոնկրետ պայմաններից ելնելով ճկուն  փոփոխվում են հետախուզական  և հակահետախուզական  գործունեության ձևերն ու մեթոդները, ակտիվ  օգտագործվում են գիտատեխնիկական նորույթները>>:
ԱԱԾ Տնօրեն  Գորիկ Հակոբյանը նաև նշեց, որ անդրսահմանային, միջտարածաշրջային  և գլոբալ բնույթ կրող  հանցատեսակների դեմ պայքարի, միջազգային անվտանգության համակարգի  կատարելագործման համար անհրաժեշտ նախադրյալ է  համարում գործընկեր հատուկ  ծառայությունների հետ հաստատված փոխգործակցության բարձր մակարդակի  պահպանումը  և հետագա խորացումը, ինչպես նաև անդրադարձավ հանրապետության իրավապահ մարմինների համագործակցության ամրապնդման անհրաժեշտությանը:
ԱԱԾ տնօրեն  Գորիկ Հակոբյանը  շնորհավորելով  աշխատակիցներին, նրանց քաջառողջություն  և անկոտրում կամք  մախթելով, ինչպես նաև   ընտանիքներին  ամենայն բարիք ցանկանալով, նաև հայտարարեց, որ  որակապես  նոր  հիմքերի վրա է դրվում ծառայության անձնակազմի  սոցիալական  խնդիրների լուծումը և որ  հանրապետության  նախագահի  որոշմամբ հաջորդ տարի  կարիք ունեցող  աշխատակիցներին  հատկացվելու է  տաս բնակարան և միաժամանակ, հանրապետության  կառավարության անմիջական օժանդակությամբ հաջորդ տարվա սկզբից ծառայության աշխատակիցների  աշխատավարձերը որոշակի չափով կբարձացվեն:

ԱԱԾ աշխատակիցներին շնորհավորեց նաև նիստին ներկա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով` մասնագիտական այս տոնը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ անդրադառնալու այն կարևոր խնդիրներին, որոնք ծառացած են ծառայության առջև, ինչպես նաև գնահատել այն մարդկանց, ովքեր իրենց անձնական նվիրումով ծառայում են հայրենիքին ամենաբարդ ճակատներից մեկում:
<<Արագ փոփոխվող աշխարհը մեր առջև դնում է նոր խնդիրներ, նոր մարտահրավերներ, այդ փոփոխությունները ժամանակակից աշխարհում տեղի են ունենում բավականին արագ, առաջ բերելով շատ հաճախ անկանխատեսելի երևույթներ, ողբերգական հետևանքներ: Դա նշանակում է, որ մեր ամենօրյա ուշադրության  կենտրոնում պետք է լինի ձեր մասնագիտական կարողությունների բարձրացումը, և կառավարության պարտավորությունն է ստեղծել ձեզ համար կրթվելու, աշխատելու հնարավորություն: Այս խնդիրը գտնվում է ՀՀ նախագահի մշտական ուշադրության կենտրոնում, և մենք ունենք հանձնարարական  բոլոր այն խնդիրները, որ դրվում են մեր առջև, ֆինանսավորման, անհրաժեշտ սարքավորումների ապահովման, սոցիալական խնդիրների լուծման առումով, կարողանալու փուլ առ փուլ ի կատար ածել>>- նշեց կառավարության ղեկավարը:
Հանրապետության նախագահի հրամանագրով  մի շարք զինծառայողներ արժանացել էին պետական բարձր  պարգևների և զինվորական կոչումների, որոնք  հանձնեց վարչապետ Տ. Սարգսյանը:
ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեցին և պարգևներ ու պատվոգրեր հանձնեցին նաև ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար  Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի հրամանագրերով մի շարք աշխատակիցներ և վետերաններ տոնի արթիվ պարգևատրվեցին մեդալներով, թանկարժեք նվերներով և պատվոգրերով: Լուսանկարներ