10.10.2012

ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից  բացահայտվել և կանխվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հերթական սադրիչ  գործունեության փորձը:
Ս.թ  սեպտեմբերի  24-ին ՀՀ  իրավապահ մարմիններին է դիմել Ուզբեկստանի քաղաքացի, ազգությամբ տաջիկ, 1979թ. ծնված Զամիրժոն Օտաժոնովը, որը  հայտնել է, թե պատրաստ է 20 հազար ԱՄՆ դոլարի  դիմաց  պայթյունների տեսքով ահաբեկչական  գործողություններ կատարել  Ադրբեջանի մայրաքաղաքում:

Իր խոսքերը  Զ. Օտաժոնովը հիմնավորել է  նրանով, թե 2012թ.  ընթացքում աշխատել է  Բաքու քաղաքի   շինարարական  կազմակերպություններից մեկում, սակայն տվյալ  կազմակերպության  տնօրինությունը հրաժարվել է վճարել իրեն  կատարված  աշխատանքի  դիմաց, ինչի  պատճառով էլ նրա մոտ ատելություն է առաջացել  ադրբեջանցիների հանդեպ:
      Ձեռնարկված  օպերատիվ-հետախուզական միջոցառումների  արդյունքում  պարզվել է, որ վերջինս ՀՀ ԱԱԾ  մարմիններին դիմել է Ադրբեջանի  հատուկ ծառայությունների  ուղղորդմամբ  և նրա  գործողությունները ոչ այլ ինչ են, քան սադրանք: Ադրբեջանական կողմի  այս  քայլերը նպատակ են հետապնդել միջազգային  տարբեր ատյաններում և  ԶԼՄ-ներում իրականացվող  հակահայկական  քարոզչությունում  Հայաստանը  ներկայացնել որպես ահաբեկչական  գործողություններ  կազմակերպող և հովանավորող երկիր:
Ուշագրավ է, որ Զ. Օտաժոնովին Հայաստան  ուղարկելը  կազմակերպվել է Ադրբեջանի  իշխանությունների կողմից մարդասպան  Ռամիլկ Սաֆարովին ազատ արձակելու  ու հերոսացնելու արդյունքում  քաղաքական դժվարին իրավիճակում  հայտնվելու ժամանակաշրջանում:
Այսպիսով, Ադրբեջանի  համապատասխան մարմինները փորձել են  ուղղակիորեն օգտագործել Զ. Օտաժոնովին`  միջազգային  հանրության  շրջանում Ռ. Սաֆարովի շուրջ ստողծված դժգոհության  ալիքը  մեղմելու  նպատակով: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը  բազմիցս  հայտարարել  և ապացուցել է, որ ահաբեկչական ցանկացած  գործողություն  անընդունելի  և  դատապարտելի է, սակայն, այդ ու հանդերձ  ադրբեջանական կողմն իր գործած հանցանքները  հնարավորինս կոծկելու համար  դիմել է նման անհեթեթ արկածախնդրության:
    Զ. Օտաժոնովը վտարվել է Հայաստանի Հանրապետությունից:



                                                                                                                         ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն