12.06.2012

ՀՀ  ԱԱԾ քննչական վարչության  կողմից 25.05.2012թ. հարուցվել է քրեական գործ` հանցավոր ճանապարհով  ստացված  առանձնապես խոշոր  չափերով  եկամուտներն  օրինականացնելու /փողերի լվացում/ դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Քրեական  գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված  <<Պոլիմեր Մատերիալս>> և << Հանթսման  Ինթերնեյշնլ>> կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությում հիմնադրված <<Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս>>  ՍՊ ընկերության 100%  բաժնեմասը  շուրջ 2.000.000 ԱՄՆ դոլարով փաստացի  վաճառելու, սակայն  գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձևակերպումների արդյունքում  հարկային մարմնին չներկայացնելու, դրանից  հնարավոր առաջացող հարկային  պարտավորությունները չկատարելու, ամերիկյան կողմի ցանկությամբ Հայաստանի  Հանրապետությունում թողնված և բացառապես  բարեգործության համար նախատեսված  այդ գումարից մոտ 1.135.000 ԱՄՆ  դոլարը իրականում բարեգործական նպատակներին  չուղղելու,  չօգտագործելու, այդ գումարը <<Սիվիլիթաս>> հիմնադրամի հիմնադիր և նախագահ Վարդան  Օսկանյանի ու նույն հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի անդամ  Տիգրան Կարապետյանի  անվամբ բացված  հաշվեհամարներին փոխանցելու, ինչպես նաև գումարների մի մասն  անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դեպքերով:
Բացի այդ, <<Սիվիլիթաս>> հիմնադրամը խախտելով իր իսկ  կանոնադրության և գործող  օրենսդրության պահանջները 2011թ. համար,  ֆինանսավորման աղբյուրների,  ֆինանսական տարում օգտագործված  միջոցների, այդ թվում  <<Պոլիմեր Մատերիալս>> և <<Հանթսման  Ինթերնեյշնլ>>  կորպորացիաների կողմից  բարեգործական նպատակներով հատկացված մոտ 2.000.000 ԱՄՆ  դոլար գումարի վերաբերյալ  հաշվետվության  չի ներկայացրել:
Քրեական  գործով նշանակվել են հարկային ստուգումներ,  ապրանքագիտական փորձաքննություն, կատարվում են հարցաքննություններ և այլ քննչական գործողություններ,  միջոցներ են ձեռնարկվում դեպքի լրիվ հանգամանքները պարզելու,  օբյեկտիվ և բազմակողմանի  նախաքննություն կատարելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:



                                                                                                   ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն