11.01.2012

Հունվարի 10-ին, Մոսկվայի Բոտկինյան  հիվանդանոցում, անբուժելի  հիվանդությունից, վախճանվել է լեգենդար հետախույզ Գևորգ Անդրեյի Վարդանյանը:

Գևորգ Անդրեյի Վարդանյանը ծնվել է 1924թ. փետրվարի 17-ին Դոնի Ռոստով քաղաքում, իսկ 1930թ. ընտանիքը տեղափոխվել է Պարսկաստան:
1940թ.  փետրվարին` 16 տարեկան Գևորգ Վարդանյանը կապ է հաստատել Թեհրանում Խորհրդային  ռեզիդենտուրայի հետ և սկսվել է նրա  հետախուզական, հերոսական գործունեությունը:
Գևորգ Վարդանյանի կյանքի  և 46 ամյա  ծպտյալ  գործունեության  մեծագույն մասն դեռ  <<Հույժ գաղտնի>> դրոշմն է կրում: Բացահայտված են միայն իրանական գործունեության  էջերը, երբ 1943 թվականին, Թեհրանի  կոնֆերանսի օրերին, նրա  կազմակերպած  խմբի արդյունավետ  աշխատանքների շնորհիվ,  հաջողվեց   կանխել  <<Մեծ եռյակի>> դեմ ծրագրված  մահափորձը:
    Գևորգ Վարդանյանը կնոջ` Գոհար Վարդանյանի հետ Իրանում  հաջողությամբ գործել են  մինչև 1949 թվականը, այնուհետև իրենց գործունեությունը, ներառյալ 1992թ.,  շարունակել են այլ երկրներում:
Գնդապետ Գևորգ Վարդանյանը  մինչև  վերջերս էլ շարունակում  էր  ակտիվորեն աշխատել ՌԴ Արտաքին հետախուզական ծառայությունում` մեծ  սիրով ու պատրաստակամությամբ իր պրոֆեսիոնալ հարուստ փորձն էր  հաղորդում երիտասարդ հետախույզներին, ելույթ ունենում բուհերի  ուսանողների և այլ լսարանների առջև:
Գևորգ Վարդանյանի անցկացրած փայլուն գործողությունները կարող են  ընդգրկվել շատ երկրների հատուկ ծառայությունների դասագրքերում` որպես հետախույզի արդյունավետ աշխատանքի օրինակներ:
Գևորգ Անդրեյի  Վարդանյանը Խորհրդային  արտաքին հետախուզական ծառայության առաջին  հետախույզն էր, որ իր  կենդանության օրոք  արժանացել է <<Խորհրդային Միության Հերոսի>> կոչման:
Գևորգ Վարդանյանն իր կյանքի  ընթացքում  արժանացել է պետական  և կառավարական բազմաթիվ շքանշանների  և այլ պարգևների, ինչպես նաև 85-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահի հրամանագրով  պարգևատրվել է <<Պատվո շքանշանով>>:
Մշտապես բնակվելով Մոսկվայում, Գևորգ Վարդանյանը հաճախ էր լինում  Մայր Հայրենիքում, չէր  խզում կապերը  Հայաստանի հետ և ամեն անգամ սիրով էր այցելում  ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, ուր  նրան բոլորը հարգում և ակնածանքով էին վերաբերվում:
ՀՀ ԱԱԾ  ղեկավարության կողմից Գևորգ Վարդանյանը  պարգևատրվել է <<Հետախուզությունում ծառայության համար>>  կրծքանշանով և նրան շնորհվել է անվտանգության մարմինների <<Պատվավոր  աշխատակցի>> կոչում: Հայաստանի անվտանգության մարմինների  պատմության թանգարանի  հետախուզությանը վերաբերող ցուցափեղկում  իրենց պատվավոր  տեղն են գտել Գևորգ և Գոհար  Վարդանյանների  հերոսական  գործունեությունը ներկայացնող որոշ նյութեր:
Ազգային անվտանգության ծառայության ղեկավարությունը  և  ողջ  անձնակազմը  սգում է Գևորգ Անդրեյի  Վարդանյանի մահը և իր խորը ցավակցությունը հայտնում նրա կնոջը` Գոհար  Վարդանյանին, ընտանիքին, մերձավորներին և ընկերներին: Լեգենդար հետախույզի  և համակրելի  մարդու  կերպարը միշտ վառ  կմնա ընկերների, աշխատակիցների, բոլոր ճանաչողների սրտերում:(լուսանկարներ)