20.12.2011

Դեկտեմբերի 20-ին ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության   աշխատակիցները նշեցին իրենց  մասնագիտական տոնը:

Մասնագիտական օրվա առթիվ,   Ազգային  անվտանգության  ծառայությունում  տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, ուր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ներկայացրեց  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ուղերձում, շնորհավորելով Ազգային անվտանգության աշխատակիցներին , ՀՀ նախագահը պատգամել էր <<շարունակել  հաղթահարել  բոլոր դժվարությունները և պատվով լուծել հետախուզության, հակահետախուզության, սահմանադրական կարգի պահպանության, ահաբեկչության  դեմ պայքարի,  պետական սահմանի  պահպանության խնդիրները`  համարժեք  արձագանքելով առկա  մարտահրավերներին>>:
Հանրապետության նախագահի հրամանագրով  մի շարք ծառայողներ արժանացել էին պետական բարձր  պարգևների և զինվորական կոչումների, որոնք  հանձնեց վարչապետ Տ. Սարգսյանը:
ԱՊՀ  պետությունների  ղեկավարների խորհրդի որոշմամբ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը  պարգևատրվեց ԱՊՀ պատվոգրով`  ԱՊՀ-ի զարգացման  և ամրապնդման մեջ մեծ  ներդրման  համար:
Հանդիսավոր նիստին  ելույթ  ունենալով, ԱԱԾ տնօրեն  գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանը նշեց, որ  մասնագիտական  տոնը  Ազգային անվտանգության ծառայության  անձնակազմը  դիմավորում է  գործունեության  ոլորտներում արձանագրված  ակնառու  ձեռքբերումներով: Ելույթում գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանը  հատուկ ընդգծեց  Ադրբեջանի  հետախուզության կողմից Թուրքիայում  հավաքագրված Հայաստանի  քաղաքացիներ հանդիսացող  գործակալների  բացահայտումը: Անվտանգության ծառայության հակահետախուզության  գլխավոր  վարչության  աշխատակիցները այդ անձանց  օպերատիվ մշակումները իրականացրել են հատուկ ծառայությունների գործելաոճի դասական կաններով,  օպերատիվ հնարքների ճկուն և հնարամիտ կիրառմամբ,  ապահովելով լրտեսական գործունեության սպառիչ, ամբողջական և անհերքելի ապացույցների ստացում: ԱԱԾ  տնօրենի հավաստմամբ, կատարված աշխատանքների բարձր պրոֆեսիոնալիզմը պատիվ կբերեր  ցանկացած  երկրի հատուկ ծառայությանը:
ԱԱԾ տնօրեն Գ. Հակոբյանը  շնորհավորելով աշխատակիցներին քաջառողջություն, ուժ, եռանդ ու հաջողություն մաղթելով, նաև նշեց, որ  <<Հայաստանի  հատուկ ծառայությունները  գոյություն ունեն  արդեն 91 տարի: Հայաստանի երեք հանրապետությունների ժամանակ էլ նրանք գործել են Հայրենիքի անմնացորդ նվիրումով, երկրի հաջող ապագայի հավատքով,  պետության կայացման  դժվարին  ճանապարհի ձեռքբերումները պահպանելու, բազում նոր հաջողություններով  ամրագրելու մղումով: Համոզված եմ, որ կանցնեն շատ տարիներ, սակայն մեզ հաջորդող սերունդները  նույն հպարտությամբ, ոգևորությամբ  և արժանապատվորեն կշարունակեն տոնել այս օրը, հավատարիմ կմնան մեր պատգամներին, կկարողնան պահպանել  անցած  դժվարին ճանապարհի ձեռքբերումները,  և ի զորու կլինեն  մեր երկրին ու ժողովուրդը զերծ պահել հնարավոր վտանգներից ու սպառնալիքներից>>:  
Մասնագիտական տոնի առթիվ  ԱԱԾ մի շարք աշխատակիցների շնորհավորեցին և  գերատեսչական  պարգևներ հանձնեցին նաև  ՀՀ Ոստիկանության պետ  գեներալ-լեյտենանտ  Վլադիմիր Գասպարյանը, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանի  հրամանագրերով  մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով, թանկարժեք նվերներով և պատվոգրերով: