16.11.2007

Ս. թ. նոյեմբերի 15-ին «Նոր ժամանակներ» կուսակցությունը, նպատակ ունենալով գրավել հասարակության ուշադրությունը և հավատարիմ մնալով իրենց կուսակցության առաջնորդ, իրեն որպես «գաղտնի ծառայությունների» աշխատանքի մեթոդներին և ձևերին քաջատեղյակ գիտակ համարող Արամ Կարապետյանի սադրիչ գործելակերպին (որի հիմնական առանցքն է մերթընդմերթ հիշեցնել հասարակությանը «Նոր ժամանակների» գոյության մասին), տարածել է մի անհեթեթ հայտարարություն, որով իրազեկում է հասարակությանը ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իբր արմատական ընդդիմադիր դիրքորոշում ունեցող անձանց հանդեպ կիրառվող ճնշումների մասին:

ԱԱԾ հայտարարում է, որ «Նոր ժամանակներ» կուսակցության տարածած հայտարարությունը հերթական անհիմն, ստահոդ հերյուրանքն է, որը չի առնչվում ԱԱԾ գործունեության հետ:

Դա շարունակությունն է տարբեր ժամանակահատվածներում կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կողմից ՀՀ ԱԱԾ մարմիններին վարկաբեկելու անհեռանկար փորձերի:

«Նոր ժամանակներ»-ի առաջնորդը, բացահայտորեն տառապելով հետապնդման մոլուցքով, պարբերաբար թվացյալը որպես իրականություն ներկայացնելով, լուրեր է տարածում, թե իբր ինքը ԱԱԾ ուշադրության կենտրոնում է, իրեն մշտապես հետևում են, «մարդաշատ» հանդիպումների կազմակերպմանը խոչընդոտներ են ստեղծում, որի պատճառով մարզերում իր «հայտնությունը» անհամբեր սպասող լայն զանգվածները չեն ներկայանում: Պարզ է, որ նման ծիծաղելի իրավիճակները Արամ Կարապետյանի կյանքի նորմն են և հասարակությունը դա լուրջ չի ընկալում:

ՀՀ-ում «հյուրախաղերի» եկած Արամ Կարապետյանի ապարդյուն ջանքերը ներկայանալ հալածվողի դերում և որպես թիրախ ընտրել ԱԱԾ-ն, բոլորին պարզ են ու անհեռանկար:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն