23.07.2007

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հովանու ներքո վերջերս տեղի ունեցան համատեղ «Ատոմ-Հակաահաբեկչություն – 2006» զորավարժությունները՝ Հայաստանի ԱԱԾ և Ռուսաստանի ԴԱԾ հատուկ ստորաբաժանումների մասնակցությամբ:

Զորավարժություններին դիտորդի կարգավիճակով հրավիրված էին ԱՊՀ անդամ-պետությունների, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Հունաստանի, ինչպես նաև ԵԱՀԿ Հակաահաբեկչական քարտուղարության ստորաբաժանումները, ՄԱԿ-ի ԱԽ հակաահաբեկչական կոմիտեի, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության վարչության և ՇՀԿ տարածաշրջանային հակաահաբեկչական կառուցվածքի ներկայացուցիչներ: Շատ մասնագետների, այդ թվում և ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարության կարծիքով՝ ծրագրված զորավարժությունը հաջողվեց:

2007թ ապրիլին, Ծաղկաձորում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ-պետությունների Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 57-րդ նիստը, որին մասնակցել էին նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Եվրասիական տնտեսական համագործակցության ինտեգրացիոն կոմիտեի քարտուղարության, ԱՊՀ անդամ-պետությունների հակաահաբեկչական կենտրոնի ներկայացուցիչները:

Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի հրատապ խնդիրներ, սահմաններում ճգնաժամային իրավիճակների կարգավորման շուրջ փոխհամագործակցության, ապօրինի միգրացիային, թմրաբիզնեսին, զենքի մաքսանենգությանը հակազդեցության հարցեր և այլն:

Առաջիկա օրերին նախատեսված է անցկացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության հերթական համատեղ խորհրդակցությունը: Նման հանդիպումները բարի ավանդույթ են դարձել Հայաստանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների միջև: Վերոնշյալ հատուկ ծառայությունների ամենամյա հանդիպումները չեն հետապնդում քարոզչական նպատականեր, այլ հանդիսանում են իրական մասնագետների խորհրդակցություն, որտեղ քննարկվում են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, տարբեր հանցագործությունների հանցակից անձանց հետախուզման, ապօրինի միգրացիայի, կադրերի պատրաստման, անդրազգային կազմակերպված հանցավոր համակարգերին հակազդեցության, Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված վառելիքային-էներգետիկ ու պաշտպանական-արդյունաբերական ձեռնարկությունների համալիրների պաշտպանության, պաշտոնական տեղեկատվական ռեսուրսների պաշտպանության ապահովման արդի հիմնահարցերը և այլն:

Ողջ աշխարհի, առավել ևս այնպիսի ռազմավարական դաշնակիցների, ինչպիսիք են Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը, հատուկ ծառայությունների մտահոգվածությունը ուղղված է փոխհամագործակցության մակարդակի բարձրացմանը, տեղեկատվության ու աշխատանքի փորձի փոխանակմանը և պայմանավորված է ժամանակակից քաղաքական ու օպերատիվ իրականություններով: Բնական է, որ նմանօրինակ հանդիպումներից ու առարկայական քննարկումներից հետո փոխհամագործակցությունը ստանում է էլ ավելի բարձր որակական մակարդակ:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն