08.07.2007

ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2007 թ. ապրիլի 24-ից 26-ը ընկած ժամանակահատվածում, գտնվելով ՌԴ Մոսկվա քաղաքում, այսպես կոչված «Քաղաքացիական անհնազանդության շարժման» նախաձեռնողներ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը և ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը համաձայնության են եկել ՀՀ Դատախազության թիվ 62205103 քրեական գործով 2005 թվականից ֆինանսական զեղծարարությունների համար հետախուզման մեջ գտնվող, Հայաստանի Հանրապետությունում նախընտրական շրջանում որոշակի նպատակներ հետապնդող և դրանց իրագործման ակնկալիքներ ունեցող ՌԴ քաղաքացի Լևոն Գրիգորի Մարկոսի հետ՝ իրենց միջոցով կազմակերպելու կասկածելի ծագում ունեցող գումարների ՀՀ տեղափոխումը և օրինականացումը:

Մասնավորապես ֆիքսվել է, որ ս.թ. ապրիլի 27-ին Երևանի «Կոնվերս» բանկ, դրածո 9 անձանց անվամբ, բայց փաստացի իրենց համար նախատեսված, Մոսկվայից մաս մաս փոխանցվել է 180 հազար ԱՄՆ դոլար:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործի շրջանակներում ս.թ. մայիսի 5-ին նշված անձանց բնակարանների խուզարկության արդյունքում հայտնաբերվել են խոշոր չափի գումարներ արտարժույթով: Ա. Արզումանյանի բնակարանում խուզարկությամբ առգրավված 55400 ԱՄՆ դոլարի ծագման և օգտագործման վերաբերյալ վերջինս հարցաքննության ժամանակ հրաժարվել է ցուցմունք տալուց: Գործը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն