17.07.2010

Ս.թ. հուլիսի 15-ին, էլեկտրոնային փոստով հայաստանյան որոշ լրատվամիջոցների ուղարկվել է նամակ-փաստաթուղթ, որի հեղինակները իբր թե ՀՀ ԱԱԾ  մի խումբ աշխատակիցներ են:

ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ ներկայացող անձինք  նամակում  փորձում են կեղծ,  չհիմնավորված  և կողմնակալ ապատեղեկատվություն տարածել  ՀՀ իշխանության օղակներում  գործող պետական  բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերյալ,  նրա անունը  շրջանառելով արտերկրի  հատուկ ծառայությունների գործունեության համատեքստում: Զուգահեռաբար փորձ է արվում  քննադատելու և վարկաբեկելու ՀՀ բարձրագույն ղեկավարությանը, ՀՀ ԱԱԾ համակարգը:

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարում է, որ տարածված նամակը  քաղաքական և լրատվական որոշակի շրջանակների հերթական չհաջողված  արկածախնդրության դրսևորումներից է, ինչը բաձարձակապես  չի համապատասխանում իրականությանը և չի կարող  անգամ  ճշմարտանման լինել: Նամակը  իր բովանդակության և կառուցվածքի առումով կարելի է բնութագրել որպես  դիլետանտիզմի, անգրագիտության  և ուղղորդված  պատեհապաշտության օրինակ:  Նույնատիպ փաստաթուղթ հրատարակվել էր նաև վերջերս  ՀՀ ԱԱԾ  ղեկավարներից մեկի վերաբերյալ:

Կարելի է փաստել, որ  այդ տիպի  նամակների պատվիրատուներն ու կատարողները  քարոզչական ստահոդ  հնարքների են դիմում  անելանելիությունից  և փակուղային իրավիճակից դրդված,  սպառելով քաղաքական և լրատվական  դաշտում քաղաքակիրթ  մրցապայքարի իրենց բոլոր հնարավորությունները:

ՀՀ ԱԱԾ-ն  վերը նշված բնույթի նամակ-փաստաթղթերի,  տեղեկատվությունների տարածումը գնահատում է որպես ՀՀ պետականության և նրա  անվտանգության խնդիրներով զբաղվող պետական կառույցի, դրա կայուն գործելակերպի դեմ ուղղված գործողություններ, որի նպատակը  ՀՀ ներքաղաքական իրավիճակը որոշակիորեն  լարելն է ու արտերկրում ՀՀ նկատմամբ  անվստահության ձևավորումը: ՀՀ ԱԱԾ-ն գտնում է, որ այդ տիպի  գործողությունները  միանշանակ կերպով դատապարտելի են  հասարակական և իրավական դաշտում,  դրանց իրական հեղինակների  բացահայտման խնդրում  ՀՀ ԱԱԾ-ն  հետամուտ է լինելու:

 

                                                                                                                               ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն